Գործարանը թալանի է ենթարկվել, իսկ աշխատակիցները՝ մախինացիաների

14/10/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Անկեղծ ասած` ամաչում էի թերթի օգնությանը դիմել, բայց հասկանում եմ, որ ոչ մի պետական կառույց, ինչպես նաեւ դատական համակարգը հակված չեն շարքային քաղաքացու ներկայացրած կեղծիքները բացահայտել»,- ասաց խմբագրություն այցելած Վիկտոր Ասատրյանը:

Վերջինս արդեն մի քանի տարի է` դատարանի միջոցով փորձում է ապացուցել «Կանազ» ԲԲԸ-ի (նախկին «Ալյումինի» գործարանը), Արաբկիրի թաղապետարանի, Երեւանի քաղաքապետարանի, Կադաստրի պետական կոմիտեի թույլ տված անօրինականությունները: Երկար տարիներ աշխատելով «Կանազ» գործարանում՝ անօթեւան Վ. Ասատրյանը գործարանի ղեկավարության համաձայնությամբ բնակվել է հիմնարկությանը պատկանող հանրակացարանում: «Մեզ` գործարանի անտուն աշխատակիցներին, պետությունը պետք է բնակարանով ապահովեր: Հերթացուցակում ես եւ մայրս կայինք եւ տարիներ շարունակ այդ հիմնարկությունում աշխատելով՝ հույս ունեինք, որ մի օր տուն ենք ստանալու»,- ասում է նա: Մինչդեռ 1995թ. «Կանազ» գործարանը մասնավորեցվել է, իսկ տնօրեն է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Ռոբերտ Ենգոյանը. «Մասնավորեցումից հետո մենք` աշխատակիցներս, դարձանք բաժնետերեր: Մինչեւ հիմա այդ բաժնետոմսերը պահում եմ»: Մի քանի տարի անց հանրակացարանի բնակիչների եւ գործարանի ղեկավարության միջեւ բանակցություններ են սկսվել բնակարանների հարցն ինչ-որ կերպ բավարարելու խնդրով: ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ` գործարանը պարտավորվել է բնակիչների բնակարանային խնդիրներին լուծում տալ: Նրանցից ոմանք տարիների ընթացքում գործարանի կողմից բնակարաններ ստացել են, իսկ որոշ մարդիկ` խնդրել են հանրակացարանում զբաղեցրած իրենց սենյակների հանդեպ թույլ տալ սեփականաշնորհման գործընթաց իրականացնել, եւ որ դրանք հանձնվեն բնակիչներին սեփականության իրավունքի վկայականով: «Կանազ» բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Ռ. Ենգոյանը դիմել է Արաբկիրի այն ժամանակվա թաղապետ Հ. Հովհաննիսյանին` խնդրելով. «Ընկերության հաշվեկշռում գտնվող Երեւան քաղաքի Ազատության 21ա ընտանեկան հանրակացարանի բնակիչների բնակարանները սեփականաշնորհելու խնդրանքի վերաբերյալ կայացած է դրական որոշում: ՀՀ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը տվել է իր համաձայնությունը: Խնդրում եմ համաձայն ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 20-ի թիվ 635 եւ 1997թ. մայիսի 1-ի թիվ 113 որոշումների` միջնորդել ՀՀ կառավարությանը հիշյալ շենքի բնակարանների սեփականաշնորհմանը ընթացք տալու համար»: Ինչեւէ, այս գործընթացն իրականացնելու համար եղել է ՀՀ կառավարության որոշում, «Կանազ» ՓԲԸ-ի խորհրդի արտահերթ նիստում կայացած դրական որոշում, ինչպես նաեւ՝ Արաբկիրի թաղապետի, Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության թույլտվությունները: Այնուհետեւ կազմվել է Ազատության 21ա ընտանեկան հանրակացարանի բնակիչների սեփականության իրավունքի գրանցման ենթակա անձանց ցուցակները. «Այդ հանրակացարանում պայմաններն այնպիսին են, որ մի սենյակում ոչ խոհանոց, ոչ էլ կոմունալ հարմարություն կա: Դրա համար բնակիչներին սենյակները հատկացնում էին կից սենյակներով, որպեսզի նրանք հետագայում իրենց համար կոմունալ հարմարություն ստեղծեն»,- ասում է Վ. Ասատրյանը` ներկայացնելով սեփականաշնորհման ենթակա սենյակների բնակիչների թվով 11 անձից բաղկացած ցուցակը: Այդ ցուցակում Վ. Ասատրյանին է հասցեագրվել Ազատության 21ա հանրակացարանի 34 եւ 35 սենյակները: Այնուհետեւ սեփականաշնորհման ենթակա սենյակները զբաղեցնող բնակիչներին պետության կողմից լիազորված մարմնի կողմից հանձնվել են պետական օրդերներ: Հետեւաբար մինչ սեփականաշնորհման գործընթացն իրականացնելը՝ Վ. Ասատրյանին 34 եւ 35 սենյակների համար հանձվել է պետական օրդեր` բնակարանի հանդեպ իրավունքի օրինականությունը հաստատելու համար: Այնուհետեւ, ինչպես «Կանազ» ՓԲԸ-ի (ՓԲԸ-ն հետագայում դարձել է ԲԲԸ) խորհրդի նախագահ Ռ. Ենգոյանի, այնպես էլ բնակիչների կողմից բազմաթիվ դիմումներ են ուղարկվել Արաբկիրի թաղապետարան` սեփականաշնորհման գործընթաց սկսելու համար: «Գոյություն ուներ հանրակացարանը սեփականաշնորհելու կառավարության որոշում: Այսինքն` մեզ այդ իրավունքը վերապահված էր կառավարության կողմից: Մենք դիմումներ գրեցինք, որ սենյակների հանդեպ սեփականության իրավունքի վկայականներ տրամադրեն: Դիմումներ կային նաեւ գործարանի Արհմիության կողմից, սակայն ինչ-ինչ պատրվակներով անընդհատ հետաձգում էին: Նախ՝ նշեմ, որ հանրակացարանի սենյակների չափագրումները կատարվել են անօրինականություններով եւ կեղծիքներով: Մեր փաստաթղթերում սենյակների մակերեսը ներկայացված է ուռճացված եւ չի համապատասխանում իրական մակերեսին: Սակայն դրա մասին մենք չենք վիճարկել` հասկանալով, որ անտուն մարդիկ ենք, եւ նույնիսկ դրան ենք համաձայն»,- ասում է Վ. Ասատրյանը, ով այս գործընթացի աղաղակող կեղծ փաստաթղթերը ներկայացրել է բոլոր պետական կառույցներին, սակայն ոչ մեկը չի ուսումնասիրել եւ բացահայտել կեղծիքները: 2003թ. «Կանազ» ԲԲԸ-ում լուծարման գործընթաց է սկսվել, որը մի քանի տարի շարունակվել է: Մինչ այդ, սակայն, Վ. Ասատրյանը վերջապես իր սենյակների սեփականաշնորհման գործընթացը սկսելու թույլտվությունը ստանալուց հետո հայտնվել է անելանելի վիճակում: Պարզվել է, որ պետական օրդերով իրեն տրված երկու սենյակներից մեկը, այսինքն՝ կից սենյակը, գաղտնի կերպով տրվել է իր հարեւանին` Վլադիկ Խաչատրյանին. «Հանկարծ պարզվում է, որ 35 սենյակն արդեն պատկանում է ուրիշին, եւ նա սեփականության վկայականն էլ արդեն ունի: Դրանից բացի, նախագծում բացի իմ սենյակից՝ այլ անձի են հասցեագրել ընդհանուր տնտեսության մակերեսը, այսինքն` միջանցքի հատվածը: Հանրակացարանում, գիտեք, միջանցքն ընդհանուր է, որի երկայնքի վերջում զուգարանն է: Բավական չէ իմ սենյակն են նրան սեփականաշնորհել, մի բան էլ ընդհանուր տնտեսության հատվածն էլ նվեր են տվել»: Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանի, Արաբկիրի թաղապետարանի եւ կադաստրային մարմինների մասնագետներն առանց ճշտելու, որ սենյակը ծանրաբեռնված է մեկ այլ անձի իրավունքով` այն սեփականաշնորհել են ուրիշի անունով: Վ. Ասատրյանը վստահ է, որ դա արվել է միտումնավոր։ «Հավանաբար եղել է գաղտնի պայմանավորվածություն, սենյակի վրա աչք է դրել ներկայիս սեփականատերը, ով միջնորդավորված, գաղտնի գործարք է կատարել: Այդ գաղտնի, անօրինական գործարքի հեղինակ են ԱԺ նախկին պատգամավոր Ռ. Ենգոյանը, Արհմիության կոմիտեի նախագահ Հենրիկ Մկրտչյանը, Կադաստրի պետական կոմիտեն: Այսինքն` նրանք, ովքեր եղել են լիազորված անձինք»,- ասում է նա: Ի դեպ, Վ. Ասատրյանի հավաստմամբ` թեեւ եղել է Կառավարության որոշում «Կանազ» ԲԲԸ-ին պատկանող գույքը եւ մասնաճյուղային հանգստյան գոտիները տնօրինելու վերաբերյալ, այդուհանդերձ Ռ. Ենգոյանն այդ մասնաշենքերը թալանի է վերածել: Օրինակ` Նորքի զանգվածում գտնվող «Կանազ» ԲԲԸ-ի մասնաճյուղ հանդիսացող «Սանատորիա-պրոֆիլակտորիա» կոչվող ամառանոցի տարածքը բաժանել է իր բարեկամների միջեւ, իսկ նույն հանրակացարանի սենյակներից մի քանիսը նույնպես նրա եւ արհմիության նախագահի ազգականների անունով է սեփականաշնորհված, որոնք բնակարաններ ունեն, սակայն այնտեղ ոտք էլ չեն դնում: Վ. Ասատրյանը նոտարական գրասենյակներից եւ կադաստրային մարմիններից արխիվային նյութեր է ձեռք բերել Ռ. Ենգոյանի դստեր գործարանին պատկանող ամառանոցի հսկայական տարածության սեփականատեր հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաեւ` գործարանի այլ մասնաճյուղերը թալանի ենթարկելու մասին: «Արդեն երեք տարի է՝ դատարանների միջոցով փորձում եմ ապացուցել այս կեղծիքները, բայց… Գիտեք, որ երբ հարուստ մարդու ապօրինությունները փորձում է սովորական քաղաքացին բարձրաձայնել` ինչ է ստացվում: Հարյուր հատ միջնորդություն եմ արել, չեն ընդունել, հարյուր հատ հայց եմ փոխել, բայց սառույցը տեղից չի շարժվել: Ո՞վ է տեսել պետական օրդերով մարդուն տված սենյակը սեփականաշնորհել մեկ ուրիշի անունով: Այս երկրում ի՞նչ է` պետական փաստաթուղթն իրենից ուժ չի՞ ներկայացնում, պետական օրդերը անարժեք թո՞ւղթ է: Կամ` գործարանը թալանի ենթարկել ու բաժանել ազգականների միջեւ` նորմա՞լ է: Չէ՞ որ կառավարությունը գործարանի գույքը տնօրինելու կապակցությամբ որոշումներ է կայացրել: Ռ. Ենգոյանը Կենտրոնում մի քանի տուն ունի, բայց իր միակ աղջկա համար հսկայական ամառանոց է սեփականաշնորհել, որը մինչեւ էսօր անտեր-անտիրական է: Ես տասնյակ տարիներ աշխատելով այդ գործարանում, հանդիսանալով բաժնետեր` անգամ սենյակս չկարողացա սեփականաշնորհեմ իրենց մախինացիաների պատճառով: Էդ գործարանները պետությանն էր, չէ՞, հանրության սեփականությունն էր: Մասնավորեցրին, Ռ. Ենգոյանը եկավ ու թալանի ենթարկեց, իսկ սովորական բանվորներին մի սենյակ էլ չեն տալիս»,- վրդովված ասում է Վ. Ասատրյանը` վստահեցնելով, որ որքան էլ դատական ատյանները փորձեն նախկին պատգամավորի շահերը պաշտպանել, միեւնույն է` ինքը պայքարելու է: Եթե պետք լինի՝ մի քանի տասնյակ հայց էլ կփոխի: