Շատ հաճախ կանայք եւ տղամարդիկ ծնող են դառնում` պատկերացում չունենալով երեխայի հոգեբանական առանձնահատկությունների եւ այն կարեւոր դերի ու պատասխանատվության մասին, որն այսուհետ ստանձնելու են նրա կյանքում: Ընտանիքում տիրող մթնոլորտը, փոխհարաբերությունները երեխայի եւ ծնողի միջեւ այն կարեւորագույն գործոններն են, որոնք անջնջելի հետք են թողնում երեխայի հետագա զարգացման վրա: Բազմաթիվ ծնողների հուզող այս թեմայի շուրջ է մեր զրույցը ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանի հետ:
– Որո՞նք են այն կարեւորագույն գործոնները, որոնք նպաստում են երեխայի հոգեկանի զարգացմանը:
– Գործոնները տարբեր են` կախված երեխայի տարիքից: Օրինակ, մինչեւ 3 տարեկանը կարեւորագույն գործոնն ընտանիքն է, ծնողները, նրանց հետ արդյունավետ փոխհարաբերությունները, ապա՝ հասակակիցների խումբը, նրանց հետ շփումը նախադպրոցական հաստատություններում, հետո արդեն՝ դպրոցը: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ բոլոր բարենպաստ պայմանների առկայությունը նշված օղակներում կնպաստի հոգեբանորեն առողջ երեխայի ձեւավորմանը:
– Իսկ որո՞նք են այդ բարենպաստ պայմանները:
– Երեխայի ընդունումը, հասկացումը, նրա ակտուալ պահանջմունքների բավարարումը մեծահասակների եւ հասակակիցների կողմից: Կարեւորագույն պայմանն է` երեխայի ընդունումը որպես անհատականություն:
– Ինչպիսի՞ն կարող է լինել ֆիլմերի, մուլտֆիլմերի, հեքիաթների ազդեցությունը երեխայի զարգացման վրա:
– Երեխայի մտածողությունը պատկերային է` նա մտածում է պատկերներով, երեւակայական աշխարհը նրա համար նույն ռեալ աշխարհն է: Այդ պատճառով շատ կարեւոր է երեխային դաստիարակել ճիշտ ընտրված պատկերների միջոցով` լինեն դրանք մուլտերի, ֆիլմերի, թե գրականության տեսքով: Այսինքն` ընտրել դրանք երեխայի տարիքային պահանջմունքներին համապատասխան, չմատուցել այնպիսի ֆիլմեր (ագրեսիվ սցենարներով), որոնք երեխայի հոգեկանին համահունչ չեն: Իմ դիտարկմամբ, այժմ կա մի սուր խնդիր` կապված այն բանի հետ, որ ներկայիս մուլտերում չկան հստակ կերպարներ: Վերցնենք, օրինակ, տրանսֆորմերը, որը ո՛չ կենդանի է, ո՛չ մարդ, ո՛չ կին, ո՛չ տղամարդ: Երեխան նույնականանում է այդ կերպարի հետ` փորձելով նմանվել նրան: Իմ պրակտիկայում արդեն եղել են նմանատիպ դեպքեր, երբ երեխան կորցնում է իր «ես»-ը, չի ճանաչում իր կարողությունները, հնարավորությունները, ցանկությունները, ձգտում է նմանվել այնպիսի հերոսների, որոնց սերմանած գաղափարներն այդքան էլ նպաստավոր չեն երեխայի անձի ձեւավորման համար: Օրինակ, երբ երեխան տեսնում է մի կերպար, որը նույնիսկ հանուն բարու դիմում է վատ քայլերի (սպանել, ջարդել, եւ այլն), նրա մոտ ձեւավորվում է աղավաղված արժեքային համակարգ: Բայց քանի որ ծնողը չի կարող զրկել երեխային դիտել ներկայիս մուլտերը (ժամանակի պահանջն է), պետք է նրան տրամադրի շատ այլընտրանքային մուլտեր, գրականություն (հեքիաթներ), ծանոթացնի եւ՛ մեկի, եւ՛ մյուսի հետ, պետք է երեխայի համար դրական փորձի աղբյուր հանդիսանա:
– Մուլտֆիլմերի առաջացման ու տարածման արդյունքում արդյոք չի՞ կորել հեքիաթների ակտուալությունը:
– Կորել է ծնողի կողմից հեքիաթի ակտուալության գիտակցումը, ծնողներն են կարծում, թե հեքիաթն այլեւս ակտուալ չէ, բայց երեխաները հաճույքով են դա լսում, նրանք մտնում են այդ աշխարհի մեջ: Հեքիաթի ակտուալությունը երբեւիցե չի կորում, քանի որ դա այն հարստությունն է, որը մեզ է հասել դարեդար՝ եւ որում պարունակվում են երեխայի բարոյական զարգացմանն անհրաժեշտ բոլոր սերմերը: Հեքիաթի ուժը կայանում է նրանում, որ փոխաբերական իմաստով մեր անգիտակցականին է ուղղում մեծածավալ ինֆորմացիա եւ փորձ: Պարզապես ծնողը պետք է ժամանակ տրամադրի այդ ինֆորմացիան երեխային փոխանցելու համար:
– Հեքիաթի արժեզրկումը եւ դրա բացակայությունը կարո՞ղ է նպաստել հուզական կապի խզմանը երեխայի եւ ծնողի միջեւ:
– Իհարկե, երբ մենք ընթերցում ենք հեքիաթ, մենք շփվում ենք, կապ ենք հաստատում երեխայի հետ, ժամանակ ենք տրամադրում նրան: Մեծահասակների շրջանում կատարած իմ հարցումները ցույց տվեցին, որ նրանց ամենաջերմ հիշողությունները կապված են մայրիկի, հայրիկի կամ տատիկի` իրենց այս կամ այն պատմությունները պատմելու հետ: Այժմ այդ կապը փոքր-ինչ կտրվել է` երեխան կարծես թե միայնակ է այս հսկայական ինֆորմացիոն դաշտում, ընկալում է մեծ քանակությամբ ինֆորմացիա, որն ի զորու չէ մաղելու: Ծնողը պետք է դառնա երեխայի եւ արտաքին աշխարհի միջեւ այդ միջնորդը:
– Շատ ծնողներ երկմտում են երեխայի` նախադպրոցական հաստատություն հաճախելու հարցում: Ինչպե՞ս կողմնորոշվել այս դեպքում:
– Նախադպրոցական հաստատություն հաճախելը շատ կարեւոր գործոն է երեխայի հոգեկանի զարգացման հարցում: Որքան էլ ծնողը ժամանակ տրամադրի իր երեխային, գալիս է մի տարիք, երբ երեխայի մոտ առաջանում է հասակակիցների հետ շփման պահանջմունք: Այս ժամանակ երեխան պետք է հաճախի նախադպրոցական հաստատություն, քանի որ միայն հասակակիցների հետ շփման միջոցով նա կարող է ստանալ իր հետագա զարգացման համար կարեւոր նախադրյալները` շփումը, համագործակցումը, կոնֆլիկտի մեջ ներգրավվելու եւ այն լուծելու կարողությունը, բարոյական արժեքները եւ այլն: Նախադպրոցական հաստատության մյուս առավելությունը միջնորդ հանդիսանալն է երեխայի եւ դպրոցի միջեւ: Շատ երեխաներ, ովքեր չեն հաճախել նախադպրոցական հաստատություն, դպրոցին շատ դժվար են հարմարվում: Սա երեխայի կյանքում առաջին փորձությունն է, որը նա պետք է հաղթահարի: Որքան ուշ է երեխան սկսում անցնել փորձություններով, այնքան նա ավելի քիչ է կոփված լինում: Ես խորապես համոզված եմ, որ անձնային աճը, հասունությունը ձեռք է բերվում միայն փորձությունների միջոցով: Եթե ծնողը մտածում է իր երեխայի հոգեկան առողջության մասին, ապա նախադպրոցական հաստատություն հաճախելու գործոնը պետք է կարեւորի, քանի որ այն նպաստում է կարեւոր սոցիալական հմտությունների ձեւավորմանը` սոցիալական դերերի, նորմերի, դպրոցին պատրաստվածության բոլոր հմտությունների յուրացմանը, եւ այլն:
– Ինչպե՞ս նպաստել երեխայի մոտ ընթերցասիրության զարգացմանը:
– Այս հարցում մեծ է փորձի եւ հմտության դերը: Շատ բան կախված է ընտանիքից` կարդո՞ւմ են արդյոք ընտանիքի անդամները, թե՞ ոչ: Եթե ընտանիքում կարդալն արժեք է, նա էլ է ընդունում դա որպես արժեք: Մյուս կողմից, կարդալը հմտություն է, որը պետք է ձեւավորվի, եւ այս հարցում ծնողները պետք է օգնություն ցուցաբերեն երեխային: Ծնողները պետք է օգնեն երեխային ծանոթանալ գրքին, նրա զարմանահրաշ աշխարհին, սովորեցնեն` ինչպես կարդալ, քննարկեն կարդացած նյութը: Եվ ժամանակ անց երեխայի համար դա արդեն դառնում է պահանջ: Այսինքն` շատ կարեւոր է նաեւ ծնողի հետեւողականությունը եւ համբերատարությունը:
– Երեխայի հոգեկանի զարգացման վրա ինչպե՞ս է ազդում ներկայիս ինֆորմացիոն ահռելի հոսքը:
– Երեխաների մոտ ինֆորմացիայի այս մեծ հոսքի ամենամեծ վտանգներից է շփման նվազումը հասակակիցների միջեւ, որի արդյունքում կարող են ձեւավորվել համագործակցության հմտություններ չունեցող, կոնֆլիկտներ լուծել չկարողացող, անհանդուրժող երեխաներ: Ինֆորմացիոն գերհագեցվածությունը բացասաբար է ազդում նաեւ երեխայի ֆիզիկական զարգացվածության վրա: Նախկինում երեխաները 4-5 տարեկանից խաղում էին բակում, սովորում էին միմյանց հետ շփվել, միասին համագործակցել, կոնֆլիկտներ լուծել: Այսինքն` տեսնում, սովորում էին իրական կյանքը: Նույն «պահմտոցի» խաղը, ի՞նչ էր դա` շատ հաճախ վախերի հաղթահարում, դրա միջոցով սեփական «ես»-ի ինքնահաստատում: Այդ բոլոր խաղերը նպաստում էին «ես»-ի կատարելագործմանը, տվյալ տարիքին համապատասխան ֆիզիկական զարգացմանը: Երբ գալիս ենք մուլտերով ու համակարգչային խաղերով հագեցված դաշտ, տեսնում ենք երեխա, ով կարող է օրուգիշեր իր սենյակում նստած զբաղվել այդ գործունեությամբ: Ինֆորմացիան այնքան շատ է, որ երեխան չի հասցնում մարսել, այն ուղղակի «լցվում է» նրա մեջ, եւ շատ հաճախ այդ ինֆորմացիայի վերամշակումն ընթանում է գիշերը` մղձավանջների մեջ, իսկ մղձավանջն այդ ինֆորմացիան մարսելու անկարողության արդյունք է: Արդի կյանքի տեմպը ստիպում է երեխաներին լինել գերինֆորմացված, սակայն, կարծում եմ, դրա վնասներից հնարավոր է խուսափել ծնողների օգնությամբ, ովքեր կտրամադրեն այլընտրանքային տարբեր միջոցներ` ներկայիս ինֆորմացիոն հոսքը դրական կիրառելու գործընթացում, քանզի, ինչ խոսք, ինֆորմացիոն դաշտի մեծ հնարավորություններն ու ազդեցություններն ունեն նաեւ բազում դրական հետեւանքներ:
Հարցազրույցը` Լիլիթ ՊԵՏԱՆՅԱՆԻ