Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը երեկ նշել է իր 85-ամյակը: Դաունինգ Սթրիթում Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Դեւիդ Քեմերոնի կազմակերպած երեկույթին երեկ «Երկաթյա լեդիին» շնորհավորել են ավելի քան 150 բարձրաստիճան ու հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում` նախկին վարչապետ Ջոն Մեյջորը, պահպանողականների նախկին առաջնորդներ Յան Դունկան Սմիթը եւ Մայքլ Հովարդը: Թետչերը, որն այժմ Լորդերի պալատի անդամ է, վերջին շրջանում շատ հազվադեպ է մասնակցում նմանօրինակ միջոցառումներին: Առողջական վիճակը նրան թույլ չի տալիս բարձրաշխարհիկ կյանք վարել, եւ նա նման վայրերում միշտ հայտնվում է օգնականների եւ ընկերների ուղեկցությամբ:
Նշենք, որ ավելի վաղ նրա դուստրը հայտնել էր, որ Թետչերի մոտ ծերունական տկարամտություն է զարգանում: Մարգարետ Թետչերը, որն աշխարհի ամենահայտնի ու ազդեցիկ կին քաղաքական գործիչներից է, կառավարել է երկիրը 1979թ. մայիսի 4-ից մինչեւ 1990թ. նոյեմբերի 28-ը: Այսինքն` ավելի քան 11 ու կես տարի, որոնց ընթացքում խորհրդարանական ընտրություններին 3 անգամ հաղթանակ են տարել պահպանողականները: Թետչերը «Երկաթյա լեդիի» համբավ է ձեռք բերել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին: Նա անցկացրել է մի շարք կոշտ տնտեսական բարեփոխումներ, նախաձեռնել է ավանդաբար պետության մոնոպոլիան հանդիսացող տնտեսության հատվածների փոխանցումը մասնավոր անձանց (British Airways ավիաընկերությունը, British Gas գազային հսկան, British Telecom ընկերությունը), ինչպես նաեւ հանդես է եկել հարկերը բարձրացնելու նախաձեռնությամբ: