Պետք է ապասառեցվի

12/10/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նախօրեին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկը, տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ: Երկու նախագահներն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում Ս. Սարգսյանը ներկայացրել է ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ բանակցային ընթացքի վերջին իրադարձությունները: Այս մասին երեկ Դանիլո Թյիրկի հետ համատեղ ասուլիսում ասել է Սերժ Սարգսյանը` եւս մեկ անգամ հիշեցնելով այս հարցում հայկական կողմի դիրքորոշումը: «Մեր դիրքորոշումն առանցքային այս խնդրի վերաբերյալ մնում է անխախտ` հիմնախնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, այսօր գոյություն ունեցող ձեւաչափով եւ միջազգային իրավունքի նորմերի խստիվ պահպանմամբ»,- ասել է Ս. Սարգսյանը` հավելելով, թե որքան շուտ Ղարաբաղը միանա բանակցություններին, այնքան ավելի հեշտ կարելի է գնալ խնդրի լուծման ճանապարհով, այնքան հայկական կողմի ակնկալիքները խնդրի դրական լուծման առումով ավելի շատ կլինեն: Դ. Թյիրկը նույնպես կարեւորել է հիմնախնդրի խաղաղ լուծման տարբերակը` ընդգծելով բանակցող կողմերի միջեւ վստահության ամրապնդումը: Նրա խոսքով` Թուրքիան եւ այդ հարցում դերակատարում ունեցող մյուս պետությունները պետք է զգույշ լինեն եւ աջակցեն կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը։ «Սառեցված հակամարտությունը ապակողմնորոշող է, մոլորեցնող: Այն պետք է ապասառեցվի եւ լուծվի: Վստահության ամրապնդումն է լուծման ճանապարհներից մեկը»,- նշել է Սլովենիայի նախագահը: Նա նշել է, որ Կոսովոյում ինքնորոշման գործընթացին նախորդել էր դեռ 1998թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարությունը, թե Կոսովոն սպառնալիք է միջազգային խաղաղությանը. «Այդ հայտարարությունը հիմք հանդիսացավ եւ ռազմական, եւ մի շարք այլ գործողություններ այնտեղ իրականացնելու համար»: Իսկ Սերժ Սարգսյանը Կոսովոյի եւ ԼՂ-ի անկախության միջեւ միայն մեկ տարբերություն նշեց. «Ղարաբաղը կարողացել է Հայաստանի եւ հայ ժողովրդի աջակցությամբ, առանց ՆԱՏՕ-ի օգնության պաշտպանել իր անվտանգությունը եւ ինքնորոշման իրավունքը»: Նաեւ հիշեցրել է, որ միջազգային նորմերին համապատասխան՝ ԼՂՀ-ն Խորհրդային Միության օրենքներով, հանրաքվեով հռչակել է իր անկախությունը: