Մեր տեղեկություններով` գործարար Բարսեղ Բեգլարյանի հիմնադրած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը նոյեմբերի 6-ին Մարզահամերգային համալիրում անցկացնելու է «Հանուն հայության հարատեւման» խորագրով համաժողով: Ավելի վաղ նույն հիմնադրամի հիմքի վրա ձեւավորվել է նույնանուն` «Հանուն հայության հարատեւման» շարժումը: Նշենք, որ չորս տարի առաջ ստեղծված «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը գիտական-կրթական եւ այլ կարգի ծրագրերի անվան տակ փորձում է ուսանողների եւ ընդհանրապես երիտասարդների շրջանում ձեւավորել համախոհների խումբ, որի հիման վրա առաջիկայում հավանաբար քաղաքական կուսակցություն կհիմնադրվի: Համենայնդեպս, արդեն բավական երկար ժամանակ քաղաքական շրջանակներում քննարկվում է, որ Բ.Բեգլարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ցանկանում է կուսակցություն հիմնել, ինչը դեռեւս չի հաջողվել: Այս շարժման ստեղծումը պետք է դիտել հենց այդ համատեքստում: Նշենք, որ բացի Բ.Բեգլարյանից՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ են վարչապետ Տ.Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ Բ. Բեգլարյանին պատկանող «Արարատ Բանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Իսկ հիմնադրամի ու շարժման աշխատանքները համակարգում է ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը: