Երեկ «Facebook» սոցիալական ցանցում մի տեսանյութ էր տեղադրվել, որն առաջին իսկ վայրկյաններից հիշեցնում է «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած անմարդկային միջադեպի կադրերը: Տեսանյութը ամիսներ առաջ տեղադրված է եղել Youtube-ում (http://www.youtube.com/watchգv= C4GDJRHqXNk&feature=player_embedded): Սակայն, ի տարբերություն վերջինի, այս մեկում «իրադարձությունները» տեղի են ունենում Երեւանի կենտրոնում` դպրոցի դասարանում: Տեսանյութում հստակ երեւում եւ լսվում է, թե ինչպես է ֆիզիկապես մարդանման այս ուսուցիչը «պատժում» 8-րդ դասարանի աշակերտներին: «Կտամ գլուխդ կցխվի, այ տվարգ», «Մատերդ կջարդեմ, այ ուռո գլոխգ»: Այս եւ նման այլ «դաստիարակչական արտահայտություններով» են ուղեկցվում երեխայի ուղղությամբ տեղացող այդ հաղթանդամ տղամարդու հարվածները: Երեկ մեզ հաջողվեց ճշտել այս ուսուցչի անունը եւ նրա մասին որոշ տվյալներ: Այս կադրերը նկարահանվել են բջջային հեռախոսով` Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ռուսական թեքումով դասարաններից մեկում (այս դպրոցն, ի դեպ, հայտնի է՝ որպես «էլիտար եւ հարուստների երեխաների» դպրոց): Իսկ երեխային հարվածողը դպրոցի պատմության ուսուցիչներից մեկն է` Էդուարդ Եվգենիի Գեւորգիզովը, որի հայրը եւս տարիներ շարունակ աշխատել է Պուշկինի անվան դպրոցում: Թե ինչպես կարձագանքեն այս անասնական տեսարանին կրթության ոլորտի պատասխանատուները, անկեղծ ասած, որեւէ մեկին չի հետաքրքրում: Հատկապես, երբ դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը էլ.լրատվամիջոցների հետ զրույցում ոչ միայն չի թաքցրել, որ տեղյակ է մարտ ամսին կատարվածի մասին, այլեւ զարմանում է. «Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտին, հրավիրվել է մանկավարժական խորհուրդ, որտեղ քննարկվել է կատարվածը, եւ ուսուցիչը ներողություն է խնդրել, ներվել է ծնողի ու աշակերտի կողմից եւ բարեհաջող ավարտել է ուսումնական տարին: Թե այսօր ինչո՞ւ են վեր հանել այդ ամենը, չեմ կարող հասկանալ: Ոչ մի դպրոց ապահովագրված չէ նման դեպքերից: Աշակերտը շատ վատ պահվածք է այդ օրը դրսեւորել, ինչն էլ ուսուցչին հասցրել է էմոցիոնալ անհավասարակշիռ վիճակի: Մարդ է հիմա, պատահում է, բայց խայտառակ բան է, արդարացում չունի»: Ի դեպ, ավելացնենք, որ Youtube-ի քննարկումներում տեսահոլովակի տեղադրողները բացատրել են, թե ինչու են դա արել: Քննարկման մասնակիցներից մեկի մեկնաբանությանը, թե երեխայի հայրը ճիշտ կանի՝ ողջ դասարանի առջեւ ուսուցչին, մեղմ ասած, պատժի, պատասխանել են, որ նման բան չի եղել, այդ պատճառով տեսանյութը տեղադրվել է կայքում: Դպրոցի տնօրենը նաեւ ասել է, որ չի հեռացնի ուսուցչին. «Նա այնպիսի մարդ է, որ հնարավոր է իր կամքով հեռանա դպրոցից»: Ամենասարսափելին այն է, որ մենք ապրում ենք մի երկրում, որում այս կարգի «դեգեներատները» ոչ միայն չեն մերժվում հասարակության կողմից, այլ աշխատում, նույնիսկ տնօրենի կողմից արդարացվում են, կոչումներ են ստանում ամենատարբեր ոլորտներում: