ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նախօրեին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկը, տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ: Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Ս. Սարգսյանի եւ Դ. Թյիրկի առանձնազրույցն ու նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սլովենիայի նախագահի առաջին այս այցելությունը Հայաստան՝ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման խթան կհանդիսանա: Ընդգծելով, որ Սլովենիան եւ Հայաստանն իրենց անկախությունը ձեռք են բերել գրեթե նույն գործընթացների արդյունքում եւ համաժամանակյա զբաղված են եղել պետական շինարարությամբ, Ս. Սարգսյանը նշել է, թե միգուցե այդ պատճառով մինչ այժմ փոխայցելությունները հաճախակի չեն եղել: «Մենք շատ ընդհանրություններ ունենք` համադրելի ենք բնակչությամբ, տարածքով, նույնիսկ ճակատագրով` նման ենք: Եվ սա, կարծում եմ, լավ հիմք է, որպեսզի մենք զարգացնենք եւ ամրապնդենք մեր հարաբերությունները»,- ասել է Ս. Սարգսյանը: Իսկ համատեղ ասուլիսում Դանիլո Թյիրկը հայտնել է նաեւ իր տեսակետը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների վերաբերյալ` նկատելով, որ այդ երկու սկզբունքները երբեք չեն գործում ինքնաբերաբար. դրանց իրագործմանը նախորդող բազմաթիվ միջանկյալ իրավիճակներ եւ քայլեր կա: Պատասխանելով Հաագայի դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ եւ Կոսովոյի առանձնահատկության մասին հարցերին, նա ասել է. «1999թ. Կոսովոն դուրս բերվեց թե՛ Սերբիայի, եւ թե՛ այն ժամանակվա Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության վերահսկողությունից: Սա, իհարկե, Կոսովոյի կարգավիճակը կանխորոշող կարեւորագույն գործոն է, որը կայուն հիմք ծառայեց միջազգային դատարանի կողմից վերջերս հրապարակված խորհրդատվական եզրակացության համար: Դատարանը զգուշորեն խույս տվեց ինքնորոշման մասին որեւէ բան ասելուց: Ես կարծում եմ, որ խորհրդատվական եզրակացության հիմնական բնորոշ գծերից մեկն այն է, որ ինքնորոշման հարցի վերաբերյալ դատարանը չարտահայտվեց»:
Եվս մեկ անգամ կրկնելով, թե տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման սկզբունքն ինքնաբերաբար չեն գործում՝ նա նշել է, որ յուրաքանչյուր դեպք առանձին է եւ առանձնահատուկ. «Յուրաքանչյուր դեպքի համար պահանջվում են լուծումներ, որոնք պետք է համահունչ լինեն թե՛ միջազգային իրավունքին, եւ թե՛ տվյալ իրավիճակի առանձնահատկություններին»: Իսկ Ս. Սարգսյանն ասել է, թե ինքնորոշման յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, եւ չի կարելի բոլոր դեպքերը նույն հարթության վրա դիտարկել. «Բայց իրավական որոշումները պետք է բխեն նույն սկզբունքներից: Եվ Կոսովոյի նախադեպը մեզ համար կարեւոր է այն տեսանկյունից, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը հստակ պատասխանեց մի հարցի: Հարցը հետեւյալն է. միակողմանիորեն ինքնուրույնություն հռչակելը հակասո՞ւմ է միջազգային իրավունքին, թե՞ ոչ: Պատասխանը եղավ` ոչ, չի հակասում»: «Երբեք ղարաբաղցիները դրա հետ չեն հաշտվել, չեն հաշտվել նույնիսկ ստալինյան տարիներին: Եվ առաջին իսկ բարենպաստ պայմանի առկայության ժամանակ միակողմանիորեն հռչակել են իրենց անկախությունը՝ անցկացնելով հանրաքվե»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը: Այսինքն, ըստ նրա, ԼՂ ժողովուրդը գործել է միջազգային իրավունքին համահունչ։ «Ադրբեջանը պատերազմ պարտադրեց Լեռնային Ղարաբաղին, ծանր պատերազմ, դաժան պատերազմ, բոլոր օրենքները խախտող պատերազմ: ԼՂ ժողովուրդը կարողացավ Հայաստանի ժողովրդի օգնությամբ ապահովել իր ինքնապաշտպանությունը: Ահա այստեղ է տարբերությունը, որ ԼՂ բնակչությունը կարողացավ առանց ՆԱՏՕ-ի օժանդակության կազմակերպել իր ինքնապաշտպանությունը, գոյատեւել եւ այսօր բարձրաձայն ասել, որ, այո, նա տեր է իր անկախությանը, այո, միջազգային որեւէ սկզբունք չի խախտել եւ համբերատար սպասում է, թե երբ միջազգային հանրությունը կընդունի միակողմանիորեն Ադրբեջանից անջատվելու իր իրավունքը»,- ասել է Սերժ Սարգսյանը: