– Պրն Հովհաննիսյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անցած շաբաթ հայտարարեց, թե պայքարում են, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին ստանան ընտրողների ձայների 50+1 տոկոսը: Ձեր կարծիքով՝ սա պարզապես հայտարարությո՞ւն է, որովհետեւ կուսակցության ղեկավարը չի կարող ասել, թե 10 կամ 20 տոկոսով էլ կբավարարվեն, թե՞ իսկապես ԲՀԿ-ի ու իշխող ՀՀԿ-ի միջեւ սուր պայքար կա, ու առաջինն ուզում է հաջորդ խորհրդարանում մեծամասնություն ունենալ:
– Ինձ համար անակնկալ չէր Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունը: Եթե հիշում եք, դրանից օրեր առաջ ես պնդեցի, որ ի տարբերություն «Օրինաց երկրի», որին իշխանությունները փչում են, եւ որը ցուցաբերում է հնազանդություն ու հայտարարում է, որ պատրաստ է հանդես գալ Հանրապետական կուսակցության կրտսեր գործընկերոջ կարգավիճակում, ԲՀԿ ղեկավարը լինելով սպորտսմեն` պնդում է, որ մրցակցությունը պետք է լինի ազատ, արդար եւ առանց որեւէ նախօրոք որոշված արդյունքների: Այդ պատճառով կարծես Գ. Ծառուկյանն իր այս հայտարարությամբ ընդամենը հաստատեց իմ տված գնահատականը: Եվ, իհարկե, կա պայքար, եւ դա այսօր ավելի շատ կուլիսների ետեւում է, այդքան տեսանելի չէ, որքան տեսանելի կլինի ընտրարշավի ու ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ այդ պայքարը կլինի անսքող եւ սուր: Դա լինելու է շատ լուրջ իրադարձություն, որովհետեւ մարդիկ հոգնել են ՀՀԿ-ի իշխանությունից: ՀՀԿ-ի միահեծան գերիշխանությունը արդեն 10 տարի է տեւել: Եվ Գ. Ծառուկյանի հայտարարությունը, թե իրենք մեծամասնություն չեն եւ ի վիճակի չեն կյանքի կոչել իրենց նախաձեռնություններն ու գաղափարները, հասարակության մոտ կարող է արձագանք գտնել: Մարդիկ իրավունք ունեն հարց տալ, եթե ՀՀԿ-ն վերցնում է այդքան տեղեր, ինչո՞ւ ինքնուրույն չի ձեւավորում կառավարություն: Գնում է ինչ-որ շինծու կոալիցիայի ձեւավորման` կարծես բարդույթավորվելով պատասխանատվությունն ամբողջությամբ ստանձնելու հեռանկարից: Մարդիկ ասում են` եթե դուք չեք օգտվում ձեր քվեից, որը նկարել եք, ստացել եք կամ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմամբ գլուխ եք բերել ու գնում եք կոալիցիայի ձեւավորման, ուրեմն այդ ձայները միանգամից տանք ԲՀԿ-ին:
– Կարծիք կա, որ ԲՀԿ-ն եւս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժ է:
– Ես մի անգամ արդեն ասել եմ, որ Ռ. Քոչարյանի եւ ԲՀԿ-ի հարաբերությունները չի կարելի ներկայացնել այնպես, թե դա ԲՀԿ-ի միակողմանի կախվածությունն է Քոչարյանից: Մի բան է, ինչ եղել է Ռ. Քոչարյանի նախագահության օրոք, մի այլ բան է այն, ինչ կա այսօր: Տարբեր իրավիճակներ են: Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Ռեսինը 20 տարի աշխատել է Լուժկովի ենթակայության ներքո, բայց Լուժկովի պաշտոնանկությունից հետո շատ հստակ սահմանազատվեց նրանից էլ, նրա վարած քաղաքականությունից էլ: Լուժկովը դուրս եկավ «Եդինայա Ռոսիայից», Ռեսինը` մտավ: Իմիջիայլոց, Ռեսինի ու Լուժկովի ընտանիքները քավոր-սանիկային հարաբերություններ ունեն: Իրականում քաղաքական հետաքրքրությունները կարող են լինել շատ տարբեր, նույնիսկ քավոր-սանիկական, խնամիական եւ բարեկամական այլ հարաբերությունների պարագայում: Օրինակ` Վարդան Բոստանջյանը եւ Վիկտոր Դալլաքյանը: Այնպես որ, չի կարելի ներկայացնել, թե ԲՀԿ-ն Ռ. Քոչարյանի հետաքրքրությունների սպասավորն է եւ դատապարտված է միշտ ներկայացնել նրա շահերը: Իհարկե, երբ ձեւավորվել է այդ կուսակցությունը, այն ժամանակ իշխանության ղեկին կանգնած էր Ռ. Քոչարյանը, եւ ձեւավորման փուլում նրա ազդեցությունը ակնհայտ է եղել: Բայց, որպես վերլուծաբան, այն կարծիքը չեմ կարող կիսել, թե քաղաքականության մեջ կան մնայուն եւ հավերժական իրողություններ: Հակառակը, քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ եւ գործընկերներ, կան շահեր: Եվ այդ շահերը տարբեր ժամանակներում տարբեր են:
– Իսկ ինչո՞ւ եք համոզված, որ մարդիկ ՀՀԿ-ից հոգնած լինելու պատճառով՝ իրենց ձայնը կտան հենց ԲՀԿ-ին:
– Որովհետեւ Գ. Ծառուկյանն այսօր իշխանության ներսում ունենալով պատկառելի ներկայություն, գյուղապետեր, քաղաքապետեր, այսինքն` վարչական որոշակի ռեսուրս, միաժամանակ մեծ ներդրումներ անելով քաղաքական ասպարեզում, ֆինանսական մեծ ռեսուրս, մարդկային լուրջ ներուժ մոբիլիզացնելով` փորձում է ռեալ մրցակցություն ստեղծել: Մյուսները` ՕԵԿ-ը, «Դաշնակցությունը», «Ժառանգությունը», այդպիսի հնարավորություններ չունեն, թեեւ խորհրդարանում ներկայացված են եւ ընտրական հանձնաժողովներում տեղեր կունենան: Իսկ ՀԱԿ-ը հանձնաժողովներում տեղեր չունի, եւ դա լուրջ հանգամանք է հայաստանյան իրականության մեջ: Այսինքն` ԲՀԿ-ն այն ուժն է, որն առավելագույն հնարավորություններ ունի պահելու սեփական ձայները: Եվ եթե այդ ուժն այսօր հայտարարում է, թե պատրաստ է տապալել ՀՀԿ-ի հեգեմոնիան, դա չի կարող չոգեւորել հասարակության այն մեծաթիվ մասին, որը հոգնել է ՀՀԿ-ից:
– Սովորաբար հասարակությունը ընդդիմադիր ուժով է ոգեւորվում, ոչ թե իշխանության մեջ եղած, իշխանության ընձեռած հնարավորություններից օգտվող եւ իր դժգոհությունների համար պատասխանատու կուսակցությունով:
– Հասարակությունն իր դառը փորձից ելնելով` հասկանում է, որ բարի ցանկությունները քիչ են, պետք է ունենալ հնարավորություններ: Եվ եթե մարդիկ այսօր տեսնում են, որ ԲՀԿ-ն ունի վերը թվարկած հնարավորությունները, եւ տեսնում են, որ մյուսներն այդպիսի ռեսուրս չունեն, ապա նույնիսկ, եթե ԲՀԿ-ի նկատմամբ պակաս վստահություն տածեն, քան մյուս «հակահանրապետական» ուժերի նկատմամբ, իրենց ձայները կտան հենց ԲՀԿ-ին: Մարդիկ այս տարիներին հոգնել են ոչ միայն ՀՀԿ-ի իշխող դերից, այլեւ այդ դերը սասանելու սին խոստումներից, այլեւայլ բարոյական հաղթանակներից. մարդիկ կոնկրետ արդյունքներ են պահանջում:
– ԲՀԿ-ն ֆինանսական ռեսուրսներ ունի, սակայն կարծես թե կադրային ռեսուրս չունի, որովհետեւ պարբերաբար նախարարներ է փոխում:
– Դուք տեսեք Արթուր Բաղդասարյանի կադրերը, ով 2007-ին կարողացավ ունենալ ավելին, քան ՀԺԿ-ն, «Ազգային Միաբանությունը» միասին:
– Ինչո՞ւ եք համեմատում, Դուք խոսում եք ԲՀԿ-ի ու խորհրդարանում նրա` մեծամասնություն կազմելու հնարավորության մասին:
– Որպեսզի ասեմ, որ պետք չէ լինել իդեալիստ: Հիմնական դժգոհությունների թիրախն այսօր ՀՀԿ-ն է, Աշոտյանն՝ իր քննություններով, այս զարհուրելի կոռուպցիան: Կառավարման կոալիցիոն ձեւը, որը արդարացի դժգոհություններ է հարուցում եւ բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, նույնպես ներդրվել է ՀՀԿ-ի քմահաճույքով, քանզի, ինչպես արդեն ասացի, չի բխում ընտրությունների իրենց իսկ կողմից նկարված արդյունքներից:
– Հասարակության դժգոհությունների մի մասն էլ բաժին է ընկնում ԲՀԿ-ին, որովհետեւ այդ ուժը ՀՀԿ-ի հետ իշխանության մեջ է եւ երբեւէ չի քննադատել նույն իշխանություններին կամ չի փորձել այդ դժգոհությունը պակասեցնել գոնե իրենց բաժին հասած ոլորտներում:
– Բայց չէ՞ որ կառավարման կոալիցիոն ձեւի որդեգրման պատասխանատվությունը, ինչպես նաեւ պետական պաշտոնների կուսակցական քվոտավորման հետեւանքների համար ամբողջական պատասխանատվությունն ընկնում է հենց ՀՀԿ-ի վրա, քանի որ ոչ ոք չէր կարող ստիպել ՀՀԿ-ին՝ ունենալով ԱԺ-ում մեծամասնություն եւ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, ՕԵԿ-ի կամ նույն ԲՀԿ-ի քմահաճույքին հանձնել կարեւոր պետական պաշտոններ համալրելու իրավունքը: Սա եղել է իշխող ուժի` ՀՀԿ-ի սեփական ընտրությունը: Եվ այդ ընտրության հետեւանքների ամբողջական պատասխանատվությունն ընկնում է հենց ՀՀԿ-ի վրա:
– Ինչո՞ւ եք ԲՀԿ-ին այդքան գովազդում, միգուցե ցանկություն ունեք այդ կուսակցության հետ համագործակցել, կամ ընդգրկվել նրանց ցուցակում:
– Հմայակ Հովհաննիսյանն իր ցուցակն է դնելու ընտրություններին, անկուսակցականների ցուցակ եմ ձեւավորելու: Այնպես որ, ինձ մի վերագրեք որեւէ մեկի ցուցակը մտնելու ցանկություն: Ես հիմնադրելու եմ Հայաստանի անկուսակցականների միավորում հասարակական-քաղաքական կազմակերպություն, եւ ընտրություններին ներկայանալու ենք այդ ցուցակով: Միավորումը եւ կազմկոմիտեն մինչեւ տարեվերջ կձեւավորվեն, կներկայացվի հիմնադիր փաստաթղթերը, կկազմակերպվի հիմնադիր համագումարը: Մինչեւ ապրիլ կգրանցվենք եւ իրավունք կստանանք մասնակցել 2012թ. խորհրդարանական ընտրություններին:
– Ձեր կարծիքով՝ ո՞ր կուսակցությունները եւ ի՞նչ չափաբաժնով կանցնեն հաջորդ խորհրդարան:
– Ներկայացված կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ Կոնգրեսը: Կլինի նաեւ Անկուսակցականների միավորումը: Հնարավոր է, որ ՀՅԴ-ն էլ լինի: Չեմ կարծում, որ «Ժառանգությունն» առանձին լինի: Եթե ՀՅԴ-ին հետ միասին մասնակցի ընտրություններին, ապա միայն այդ դեպքում ներկայացված կլինի: Այլ պարագայում չի մտնի հաջորդ խորհրդարան: Իսկ եթե միացան ՀՅԴ-ին, ապա ՀՅԴ-ի պայմանը կլինի այն, որ իրենց ցուցակում պարզապես պետք է ընդգրկվեն «Ժառանգության» մի քանի ներկայացուցիչներ: ՀՅԴ-ն այլ տարբերակի չի համաձայնի: Իսկ մենք վերցնելու ենք պատկառելի քանակությամբ տեղեր: