Պիկետ` ընդդեմ ՀՅԴ-ականների

12/10/2010

Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները պիկետ են անցկացնում ՀՅԴ անդամների Բաքու ժամանելու դեմ: Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը մեկնել են Բաքու` Սոցինտեռնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու նպատակով: 1news.az-ի փոխանցմամբ, պիկետն անցկացվում է Բաքվի բիզնես կենտրոնում, որտեղ էլ հենց տեղի է ունենում համաժողովը: Պիկետի մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են: «ANS» հեռուստաալիքի փոխանցմամբ` բողոքի ակցիայի մասնակիցները բղավել են՝ «Ադրբեջանում դաշնակների համար տեղ չկա»: Բաքվի ոստիկանությունը փորձել է կանխել չարտոնված ակցիան, մի քանիսին նույնիսկ կալանել են: Ցուցարարներից մեկին հաջողվել է ներխուժել շենք, որտեղ գտնվում են Հայաստանի պատվիրակները: Ոստիկանությանը հաջողվել է կանխել դա եւ նրան դուրս բերել շենքից: Ի դեպ, նշենք, որ առավոտյան Ժամը 10:00-ին նախատեսված ժողովը սկսվել է 5 ժամ ուշացումով, քանի որ հյուրանոցում խնդիրներ էին ծագել հայկական պատվիրակության անդամներից Մարիո Նալբանդյանի փաստաթղթերի հետ: «Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները ընթանում են երկու երկրների ղեկավարների միջեւ, սակայն նման միջոցառումներն ինչ-որ չափով հանդիսանում են երկխոսություն եւ շատ կարեւոր են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին»,- APA-ին ասել է Կիրո Մանոյանը: Ի պատասխան ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի այն հայտարարությանը, թե` «Դաշնակները մեր ոխերիմ թշնամիներն են: Որեւէ դաշնակցական Բաքվում անելիք չունի», ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը երեկ ասել է. «Գյուլուզադեի հայտարարությունը ես հակված չեմ վերագրել ողջ Ադրբեջանի էլիտային: Գուլուզադեն միշտ էլ աչքի է ընկել իր անկապ հայտարարություններով»: