Վրաստանի նախկին նախագահ եւ ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Էդուարդ Շեւարդնաձեն կարծում է, թե Ռուսաստանի հետ պետք է «բարիդրացիական եւ գործընկերային հարաբերություններ պահպանել»: Ըստ Շեւարդնաձեի, «Եվրոպային, ՆԱՏՕ-ին, Վրաստանին՝ բոլորին անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ»: Նա վրացական «Ասավալի-դասավալի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի առջեւ հարց դնել՝ Վրաստանին այդ դաշինքի կազմում ընդգրկել առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի: «Վրաստանը չպետք է համաձայնի, այլապես հավերժ կկորցնի Աբխազիան եւ Հարավային Օսիան»,- ասել է նա: Շեւարդնաձեն նշել է, թե Վրաստանը պետք է հանի իր զորակազմը Աֆղանստանից: Նա նաեւ կոչ է արել երկիրը տարանցման ուղի չդարձնել Աֆղանստան ռազմական նշանակության բեռների համար: «Դա փաստացի պատերազմ կլինի Աֆղանստանի հետ»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը: