Ամենահմայիչը` ըստ քաղաքական կին գործիչների

12/10/2010

News.am-ը հարցում է անցկացրել Հայաստանի քաղաքական էլիտայի ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում` պարզելու համար, թե ով է, իրենց կարծիքով, Հայաստանի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչը: Այնուհետեւ դիմել է կին պատգամավորներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին` պարզելու, թե ո՞վ է Հայաստանի ամենահմայիչ եւ ազդեցիկ տղամարդը: Հարցին, թե` Ձեր կարծիքով, ո՞վ է ժամանակակից Հայաստանի ամենաազդեցիկ, ամենահմայիչ եւ խարիզմատիկ քաղաքական գործիչը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նախ պատասխանել է, թե իր աչքի լույսն իր ամուսինն է: «Ինձ համար դժվար է պատասխանել այդպիսի հարցի, բայց եթե ընդհանուր մտածեմ, ապա հայտնի քաղաքական գործիչներից կարող եմ նշել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինձ համար նա ապագայի քաղաքական իդեալ է: Ներկայումս նա այդքան էլ չի ընկալվում հասարակության կողմից, բայց հասարակության առողջ հատվածը նրան բարձր գնահատական է տալիս»,- հավելել է Լ. Ալավերդյանը:

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորներ Ռուզան Առաքելյանն ու Լիլիթ Գալստյանը, սակայն, Լ. Ալավերդյանի հետ համամիտ չեն: Նրանք կարծում են, որ «պատվանդանը» պետք է բաժին հասնի իրենց խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին: «Վահան Հովհաննիսյան, եւ վերջակետ: Բայց ոչ այն պատճառով, որ նա իմ ընկերն ու համակուսակիցն է արդեն քսան տարի, այլ այն պատճառով, որ նա ունի մարդկային բարձր արժեքներ, ջենտլմեն է, քաղաքական մտքի վառ կրող, ունի հումորի զգացում: Միանշանակ` Վահան Հովհաննիսյան»,- հայտարարել է Լիլիթ Գալստյանը: Ռ. Առաքելյանն էլ լրացրել է, թե իր համար արտաքին տեսքը, հումորը եւ այլ որակները մեծ նշանակություն ունեն, բայց առաջնային չեն նման հարցում: «Վահան Հովհաննիսյանն իմ խորհրդարանական շրջապատում ամենաբարձր ինտելեկտ ունեցող մարդն է»,- ասել է նա: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկրի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ դեմքն է»,- ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի գնահատականը նույնն է. ըստ նրա` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի ամենաազդեցիկ դեմքն է: «Հմայիչի առումով դժվարանում եմ պատասխանել, բայց ինչ վերաբերում է ազդեցիկին, այստեղ կասկած լինել չի կարող»,- ասել է Կ. Աճեմյանը: