Խաղաղ օվկիանոսի՞ց

12/10/2010

Չորս դելֆինները Երեւան են բերվելու Խաղաղ օվկիանոսից, իսկ թե ինչ տեսակի դելֆիններ են բերվելու, ապա դելֆինարիայի կառուցումը ստանձնած ուկրաինական «Ներում» ընկերությունում դժվարացան պատասխանել: Հիշեցնենք, որ դելֆինների հայաստանյան պայմաններին դիմանալը կախված է նաեւ նրանց տեսակներից եւ վարժեցնելուց: Բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը կարծում է, որ Երեւան կբերվեն քաղցրահամ ջրերին սովոր դելֆիններ, որոնք, սակայն, շատ թանկ են: Բայց մեր ջուրն այդպիսի դելֆինների համար նույնպես կոշտ է եւ պետք է փափկեցվի: Իսկ Պանթեոնի հարեւանությամբ` Կոմիտասի անվան զբոսայգու հարեւանությամբ այս պահին ընթանում են դելֆինարիայի կառուցման աշխատանքները, տեղադրվում են մետաղյա կոնստրուկցիաները: Քաղաքապետարանի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, թե երկու ամսից դելֆինարիան պատրաստ կլինի, եւ այնտեղ կլողան չորս դելֆին, երկու ծովային կատու եւ մեկ ջրառյուծ: Ջրային կենդանիները Երեւան կբերվեն Օդեսայից: Ջրավազանում 1500 խմ ծավալով ջուր է լցվելու. ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի` մեկ անգամ, եւ չի փոխվելու, պարզապես ֆիլտրացվելու է: Բնապահպան Ք. Հովհաննիսյանը կասկածում է, որ ջուրը լցվելու է մեկ անգամ: «Երեւան-Ջուր» ընկերության լրատվական բաժնից «Ա1+»-ին հայտնել են, որ «Ներում» ընկերությունն արդեն դիմել է իրենց, սակայն նախագիծը դեռ չի ներկայացվել եւ չի քննարկվել: «Նրանք եւս բաժանորդ են լինելու, սակայն պետք է այնպես անենք, որ մյուսները չտուժեն»,- ասել է «Երեւան Ջուր» ընկերության մամլո խոսնակ Մուրադ Սարգսյանը: Ի դեպ, Կոմիտասի անվան զբոսայգու մյուս հատվածներն աղբանոց են հիշեցնում` պոլիէթիլենային շշեր, կոտրված կարուսելներ եւ այն, ինչ հնարավոր է թափել: