Լուժկովի հեռանալը չի խանգարի

12/10/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Եթե շարքային մոսկվացիները 1992թ.-ից Բորիս Ելցինի կողմից նշանակված Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկության լուրն անթաքույց ուրախությամբ ընդունեցին, ապա Երեւանի Նորագյուղ թաղամասի բնակիչների համար այս փաստը վերածվել է իսկական ողբերգության: Նորագյուղ թաղամասի բնակիչների` խմբագրություն ահազանգից հետո, այցելեցինք նրանց:

Բանն այն է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետը բավական մեծ հույսեր էր տվել նորագյուղցիներին՝ նշելով, որ ռուս ներդրողներին կհետաքրքրի թաղամասը գործարարության կենտրոնի վերածելու գաղափարը: Դեռեւս հունվարին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով պաշտոնական այցով Երեւան էր ժամանել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յու. Լուժկովի գլխավորած պատվիրակությունը: Այդ ընթացքում երկու քաղաքապետերի միջեւ «Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր էր ստորագրվել: Քաղաքապետը ներկայացրել էր «Երեւանի բերդ» անվանումը կրող նախագիծը, ըստ որի՝ Նորագյուղ թաղամասը վերածվելու էր բիզնես կենտրոնի: «Ներկայացված առաջարկները շատ տպավորիչ են: Մենք պայմանավորվածություն ունենք, որ մարտի կեսին Երեւան կժամանի շինարարության գծով իմ առաջին տեղակալը՝ ծրագրով հետաքրքրված գործարարների խմբով, տեղում քննարկելու մոսկվացի շինարարների մասնակցությունն այս նախագծին»,- ասել էր ռուս պաշտոնյան: Դրանից 7 ամիս անց նա հեռացվեց աշխատանքից: «Էս Լուժկովին հեռացրեցին, մենք լրիվ հույսներս կորցրել ենք: Չգիտենք՝ ի՞նչ կլինի: Մի մասն ասում ա` էդ բիզնես ա, կապ չունի Լուժկովը, դե մի մասն էլ հակառակ բանն ա ասում: Հիմի ո՞ր մեկին հավատանք»,- մեզ հետ զրույցում նշեց Նորագյուղի բնակչուհի Ջուլիետա Մովսիսյանը: «Գագիկ Բեգլարյանին խնդրում ենք, որ էս Նորագյուղ քնձռոտ տեղը վերացնի: Նորագյուղը մի մարդի նման ոտի կանգնեց, Գագիկ Բեգլարյանին ընտրեց: Ինքը խոստացավ, որ ճանապարհները կասֆալտապատի, լույսեր կդնի: Ընտրություններից առաջ ամբողջ Նորագյուղը խոսք տվեց, որ ընտրելու է Գ. Բեգլարյանին, խոսքը կատարեց, դե հիմա թող ինքը կատարի, թող Նորագյուղի հարցերը լուծի»,- զայրացած շարունակեց նորագյուղցի Գայանե Արշակյանը: Զրուցակիցներիս հավաստմամբ՝ քաղաքապետը բնակիչներին խոստացել էր ասֆալտապատել ճանապարհները, լուսավորել փողոցները: «Գոնե լրագրողներն օգնեն մեզ: Մեզ պետք չի ասֆալտապատում, մենք ուղղակի ուզում ենք էս թաղամասից դուրս գալ: Մի քիչ էլ մենք մարդավարի ապրենք, դուշի տակ լողանանքգ»,- ասում էին նրանք: Նշում էին նաեւ, որ Երեւանի Կենտրոն համայնքում գտնվող այս թաղամասի բնակիչներին չի կարողանում հասնել շտապ օգնության մեքենան: Այն չի կարողանում բարձրանալ վերամբարձ, քարուքանդ ճանապարհներով, եւ բնակիչները ստիպված են լինում մեքենան դիմավորել թաղամասի մուտքի մոտ՝ հրշեջ ծառայության շենքի հարեւանությամբ: Բնակիչների համար այլեւս խորթ չեն նաեւ տաքսի ծառայությունների վարորդների կոշտ ու կոպիտ պատասխանները, որոնցից շատերը, ինչպես նշեցին բնակիչները, նույնիսկ համապատասխան վճարի դիմաց չեն համաձայնում հասնել թաղամաս: Բնակիչները դժգոհեցին նաեւ թաղամասի խանութների պակասից: «Ասես դոմիկ-կոմիսիոններ լինեն: Սարսափելի գներ են: Ամեն անգամ ստիպված ենք լինում հասնել շուկա, ու տեսեք՝ այ էսպես ծանր-ծանր հասնում ենք տուն: Սա նորմալ երեւանցու կյա՞նք ա»,- հուզված ասում էին Նորագյուղի բնակիչները: «1962թ. մինչեւ հիմա անընդհատ խոսք են տալիս: Հիմա էլ նոր հավերը երկաթից ձվեր են ածում: Երեկ երեւի մի քանի միլիարդ դրամ են ծախսել Էրեբունի-Երեւան տոնի համար, երբ ժողովրդի մի մասը սոված ա,- ասում էր նորագյուղցի Հունան Ալոյանը` այնուամենայնիվ նշելով, որ Գ. Բեգլարյանի կողմից նաեւ լավ գործեր են արվել,- Լրագրողները չեն սիրում, որ լավ բան գրեն: Հիմի, եթե ես ասեմ` Գագիկ Բեգլարյանից գոհ ենք, որ գոնե ճանապարհների կեսը ասֆալտապատեց, թաղամասի կեսը լուսավորեց, հաստատ չեք գրի»: Ալոյանի համոզմամբ՝ թաղամասի բնակիչներն ամեն ինչի նկատմամբ կորցրել են հավատը: «Ազնվությամբ, ուզում եմ այստեղից տեղափոխվեմ: Տները խոնավ են, ինչքան էլ ռեմոնտ ես անում, մեկ ա՝ նույնն ա»,- ասում էր Գայանե Կարապետյանը: Այս թաղամասում գտնվելիս այնպիսի տպավորություն էր, կարծես գտնվում ես սահմանամերձ որեւէ գյուղում: «Հերս գյուղից գալիս ա, ասում ա` իսկի 1941թ. եզդիների գյուղերն էսպիսին չէին, իսկ դուք ապրում եք մայրաքաղաքի կենտրոնում ու էսպիսի վիճակում»,- նկատեց բնակիչներից մեկը՝ ցավով նշելով, որ այսօր իրենք նույնիսկ գյուղի կարգավիճակ չունեն: «Առաջ էս թաղամասում գերմանացիների գաղութներ էին, ձիերի գոմեր: Տները հիմնականում հողից էին: Իսկ հիմա՞գ հիմա շատ բան չի փոխվել: Մինչեւ էսօր մեր գյուղի էն ներքեւի փողոցի անունը մնացել ա Գաղութի հայաթ»,- մեկը մյուսին ընդհատելով՝ շարունակում էին Երեւանի բնակիչները: «Երեւի մեր տեղափոխման լուրը փուչիկ էր, ուղղակի Լուժկովին հանեցին՝ փուչիկը պայթեց: Բայց էդ ամենը մի կողմ՝ գոնե մի բան անեն, էս անօթեւան շների հարցը լուծեն: Էնքան շատ են, որ մարդ վախենում ա տնից դուրս գա»,- ավելացրեցին նորագյուղցիները:

Հասկանալով, որ որեւէ պաշտոնյայի, այդ թվում` Յու. Լուժկովի պաշտոնից հեռացման փաստը չի կարող անդրադառնալ որեւէ նախագծի վրա, այնուհանդերձ, երեկ դիմեցինք Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին: «Ի անհանգստություն բնակիչների՝ ասեմ, որ մեր ծրագրի ամբողջ իմաստն ու կառուցվածքն այնպիսին է, որ պայմանավորված չէ որեւէ կողմի մասնակցությամբ կամ մասնակցությունից հրաժարվելով: Ինչ վերաբերում է Լուժկովի հեռանալուն, ապա դա բացարձակապես որեւէ ազդեցություն չունի: Նախեւառաջ՝ Մոսկվայի հետ մենք ունենք գործող պայմանագիր, որի շրջանակներում շարունակում ենք մեր աշխատանքը: Ավելին՝ Երեւանի տոնակատարության առիթով եկել էր նաեւ Մոսկվայի փոխքաղաքապետը, ով մեր բանակցությունների ժամանակ մեկ անգամ եւս հաստատեց, որ մեր համագործակցությունը շարունակվում է»,- նշեց Ս. Դանիելյանը: Ըստ նրա՝ ծրագիրն իրականացվելու է մի քանի փուլով, եւ առաջին փուլը Նորագյուղի բնակիչների համար բնակելի տների կառուցումն Է: Ընդ որում, շինարարական աշխատանքների համար արդեն որոշվել է հողատարածքը, որը գտնվում է Նորագյուղ թաղամասի հանդիպակաց՝ Ծովակալ Իսակովի պողոտայից դեպի Լենինգրադյան փողոցի հարակից հատվածը: Իսկ շինաշխատանքները սկսելու են հաջորդ տարի: Հարցին, թե արդյոք 2015թ. նորագյուղցիները հնարավորություն կունենա՞ն տեղափոխվել նոր բնակարաններ, Ս. Դանիելյանը պատասխանեց. «Դրա հետ կապված ես մեծ հույսեր ունեմ»: