Մեղրի պես քաղցր սեխը
Արեւելքում ասում են. «Սեխը մազերը դարձնում է փայլուն, աչքերը` երիտասարդ, շրթունքները` թարմ, ցանկությունը` ուժգին, հնարավորությունները` իրագործելի, տղամարդկանց` ցանկալի, կանանց` հմայիչ»։ Իսկապես, սեխը երիտասարդացնող հրաշալի հատկություններ է պարունակում։ Օգտակար է նաեւ չորացրած սեխը։ Պատրաստելը հեշտ է։ Պտուղը լվանալ, մաքրել կեղեւից, բաժանել մանր-բարակ խորանարդիկների, տեղադրել թղթի վրա, դնել լուսամուտագոգին, որպեսզի արեւի ճառագայթներն ընկնեն վրան։ Հրաշալի նրբահամ ուտելիք է ստացվում։ Սեխի մեջ մագնիումի եւ կալիումի պարունակությունը շատ է, որն էլ նպաստում է սրտամկանի կանոնավոր աշխատանքին։ Սեխն ամենաշատը ֆոլիաթթու (վիտամին B9) է պարունակում, որը շատ կարեւոր է հղի կանանց համար: Բացի այդ, նաեւ կալիում, ֆոսֆոր է պարունակում, որն անհրաժեշտ է ոսկրային համակարգին, երկաթ, որը շատ անհրաժեշտ է սակավարյունության դեպքում։ Սեխը պարունակում է նաեւ գեղեցկության վիտամիններ C, B, կարոտին։ Բացի այդ, սեխի մեջ վիտամին C-ի պարունակությունը ավելի շատ է, քան մյուս բոստանային կուլտուրաներում։ Սեխը լավ տրամադրության գրավականն է։ Սեխի պտղամսում հատուկ նյութ կա, որը նպաստում է «երջանկության հորմոնի»` սերոտինի արտադրմանը։ Տխուր տրամադրության ժամանակ մի քանի կտոր սեխ կերեք, եւ ձեր տրամադրությունը կբարձրանա։ Սեխի մեջ շատ խմորիչներ կան, որոնք անհրաժեշտ են արյունագոյացման համար, հատկապես վիրահատությունից հետո օգնում է վերականգնելու այն։ Ի դեպ, սերոտինի պակասը լրացնելու եւ լավ տրամադրություն ունենալու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս ուտել սեւ շոկոլադ, սուրճ, արեւադարձային մրգեր` բանան եւ այլն: Նյարդային համակարգի եւ տրամադրության վրա լավագույնս անդրադառնում է նաեւ կարմիր լոլիկը: Լոլիկի մեջ պատրաստի սերոտին կա, ինչպես նաեւ` տիրամին, որը օրգանական միացություն է եւ օրգանիզմի մեջ վերածվում է սերոտինի:
Սեխը հարուստ է շաքարանյութերով (մինչեւ 13%), որի բարձր պարունակության պատճառով լյարդային եւ շաքարային դիաբետով հիվանդներին պետք չէ շատ հրապուրվել սեխով։ Լավ միզամուղ է, հատկապես սերմերի օգտագործման դեպքում։ Սեխի մեջ պեկտինների պարունակությունը շատ է (դրանք սննդային թելիկներ են), դրանք ընդունակ են մաքրելու, նույնիսկ ամենամեկուսի անկյուններից, աղիների մեջ՝ անշարժ մնացած խարամները։ Ուստի, օգտակար է նրանց համար, ովքեր սիրում են շատ նստել (քիչ շարժվել), բացի այդ` փորկապության, թութքի դեպքում։
Քթային արյունահոսության եւ հարբուխի դեպքում՝ յուրաքանչյուր քթանցքի մեջ կաթեցնել 2-3 կաթիլ սեխահյութ։ Ճիճվաթափության համար՝ երեխաներին ամեն առավոտ անոթի վիճակում մեկական բաժակ սեխահյութ (1։1 ծ.հ.) տալ` խառնած մաղադանոսի եփուկի հետ։
Պիգմենտային լաքաների, կորյակների ցանի դեպքում անհրաժեշտ է սեխի պտղամիսը քսել դեմքին, պահել 10-15 րոպե, լվանալ դեմքը, չորացնել անձեռոցիկով։ Դեմքին քսել սնուցող քսուք։ Օրը մի քանի անգամ կրկնեք։ Բուժման ժամկետը` 1 ամիս։
Բուժական դիմակ զգայուն մաշկի համար
Լավ մանրացրած, հասած սեխի փափուկ փոքրիկ պտղամսի վրա լցնել քերիչի մանր հատվածով անցկացրած 100 գրամ հալած պանիր եւ խառնել։ 1 կիտրոնից ստացված հյութը խառնել 100-150 մլ ջրի հետ, լցնել պատրաստի զանգվածի վրա։ Խառնել այնքան ժամանակ, մինչեւ ստացվի միասեռ զանգված։ Քսել դեմքին, պահել 25-30 րոպե։ Դեմքից մաքրել կաթի մեջ թաթախած թանզիֆի խծուծով։ Այնուհետեւ ցայել դեմքը սենյակային ջերմաստիճանի ջրով, ապա անձեռոցիկով զգուշորեն չորացնել։
Սեխի կորիզներից յուղ
1 բաժակ չորացրած, աղացած կորիզները լցնել ապակե տարայի մեջ, վրան ձիթապտղի յուղ լցնել, այնքան, որպեսզի ծածկի։ Պահել 10-12 օր։ Խմել օրը 3 անգամ` սնունդ ընդունելուց առաջ, մեկական ճաշի գդալով։ Օգնում է միզուղիների խոցի եւ բորբոքումների դեպքում։ Խմել 2 շաբաթ։ Կարելի է ընդմիջում տալ, ապա կրկնել եւս մեկ անգամ։
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ