«Կարծում եմ, որ նաեւ երեսը պահպանելու հարց կա, եւ դրանով են պայմանավորված այդ հայտարարությունները»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով Շվեյցարիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Շվեյցարիան վճռական է հայ-թուրքական գործընթացը առաջ մղելու հարցում: Հիշեցնենք, որ վաղը` հոկտեմբերի 10-ին, լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 1 տարին: Իսկ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն էլ համոզված է, թե շահագրգիռ տերությունների մոտ մտահոգություն կա, որ «արձանագրությունների ստորագրման տարելիցը հանկարծ առիթ չլինի, որ Հայաստանը ետ վերցնի ստորագրությունը»: «Դրա մտահոգությունն ունի, կարծում եմ, նաեւ Ամերիկան, որը իրական մաեստրոն է այս ամբողջի, Շվեյցարիան էլ մաեստրոյի ասածները կատարողն է: Հենց դա էլ զգուշացրել է Շվեյցարիայի արտգործնախարարը»,- ավելացնում է Կ.Մանոյանը: