ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան է ժամանելու Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը` տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ: Այցի շրջանակներում հոկտեմբերի 11-ին Դանիլո Թյիրկն այցելելու է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որից հետո ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունենալու նրա առանձնազրույցը Ս. Սարգսյանի հետ: Նույն օրը Սլովենիայի նախագահն այցելելու է Մատենադարան եւ Հայաստանի նկարիչների միություն: Այնուհետեւ Դ. Թյիրկը եւ Ս. Սարգսյանը կմասնակցեն հայ-սլովենական բիզնես-ֆորումին: Հոկտեմբերի 11-ի երեկոյան Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյիրկի եւ տիկին Բարբարա Միկլիչ Թյիրկի, կտրվի պաշտոնական ընթրիք: Իսկ հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի նստավայրում Դ. Թյիրկն առանձնազրույց կունենա Ս. Սարգսյանի հետ, որին կհաջորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Այցը կեզրափակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմամբ: