Ի՞նչ կով, ի՞նչ բան

09/10/2010

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ԱԺ ճեպազրույցում անդրադարձել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» փաթեթի քննարկման ժամանակ իր այն հայտարարությանը, թե «հայ բիզնեսմենները սրբազան կովեր են, որոնց ձեռք տալ չի կարելի»: Պարզվում է՝ գործարարներից շատերը վիրավորվել են` չհասկանալով հայտարարությանը իմաստը. «Երկու իմաստով լավ չի հասկացվել իմ հայտարարությունը: Մեկը հավանաբար կապված է որոշների կրթական ցենզի հետ: Կան մարդիկ խորհրդարանում, որոնք կարծել են, թե դա վիրավորանք է, եւ որ նկատի ունենք ինչ-որ խոշոր եղջերավոր անասունի: Այնինչ բոլորովին էլ ո՛չ: Խոսքը նրա մասին է, որ, օրինակ, 1 մլրդ բնակչություն կազմող հսկա մի ժողովուրդ կովերին համարում է սրբազան եւ թույլ չի տալիս նրանց ձեռք տալ, կպչել, հարվածել, առավել եւս՝ մորթել: Երկրորդ սխալմունքը գալիս է նրանից, որ ես գործարարների մասին չէ, որ ասել եմ, այլ, որ գործարարների մեջ կան այնպիսի՛ք, որոնք սրբազան կովեր են: Ոչ թե բոլորը: Բոլորին այնպես են խեղդում, որ ի՞նչ կով, ի՞նչ բան: Եվ երբ փորձում ես վերլուծել, թե դա որ տեսակն է, դրանք հիմնականում ներկրողներն են»,- ասել է Վ. Հովհաննիսյանը: