Վտանգավոր խաղեր

09/10/2010

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին առաջարկել է իրենց խմբակցության կողմից ԱԺ-ին ներկայացված «Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին» օրինագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ ԱԺ հաջորդ քառօրյա: «Հայցում եմ եւ խնդրում եմ ձեր զորակցությունը, որ սա դառնա համազգային նախագիծ, համապետականորեն քննարկված բոլոր ուժերի կողմից, համախոհաբար մտնի օրակարգ, եւ մենք միասին քննենք` երբ է թե՛ բովանդակության, թե՛ դասակարգային, թե՛ ժամանակային առումով ճշգրիտ պահը»,- ասել է Ր. Հովհաննիսյանը` նշելով, որ եթե մինչեւ հաջորդ քառօրյա հարցը չմտնի օրակարգ, «իհարկե, քվեարկությունը տեղի ունենալու է հաջորդ քառօրյայի ընթացքում»: ԼՂ-ի անկախությունը ՀՀ ԱԺ-ի կողմից հատկապես հիմա ճանաչելու անհրաժեշտության մասին «Ժառանգության» ներկայացրած փաստարկները որքան հուզական, զգացմունքային տեսանկյունից ընդունելի են, նույնքան անընդունելի են քաղաքական նպատակահարմարության առումով: Ակնհայտ է, որ դա մեխանիկորեն կհանգեցնի առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների դադարեցմանը: Թե ինչ կլինի դրանից հետո, ոչ ոք չի կարող ասել: Հիմա, փաստորեն, այս օրինագիծը քվեարկության դնել-չդնելու հարցը կախված է «Ժառանգությունից», եւ հենց դրանում էլ կայանում է իրավիճակի նրբությունն ու երկակիությունը: ԱԺ օրակարգում նման օրինագիծ ներառելը, այդ թեմայով քննարկումներ կազմակերպելը, իհարկե, կարեւոր է ԼՂ հարցի կարգավորման համար: Ինչպես երեկ հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, դա մի կողմից՝ կարող է դառնալ հավելյալ լծակ ՀՀ-ի համար, մյուս կողմից՝ կարող է հասունանալ այնպիսի պահ, երբ անհրաժեշտ լինի ճանաչել ԼՂՀ անկախությունը: Միանգամայն այլ խնդիր է, սակայն, օրինագծի քվեարկության հարցը: Եթե ԱԺ-ը, այսինքն` ՀՀԿ-ական մեծամասնությունը, «դեմ» քվեարկի օրինագծին, կստացվի, որ ՀՀ գործող իշխանությունները դեմ են ԼՂ-ի անկախության ճանաչմանը: Մյուս կողմից` օրինագծին «կողմ» քվեարկելով՝ Հայաստանը փաստացիորեն կդադարեցնի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչը, ի թիվս այլ բացասական հետեւանքների, էապես կմեծացնի պատերազմի վերսկսման հավանականությունը: Այսինքն` ԱԺ ընդդիմությունը փաստացի փակուղու առաջ է կանգնեցրել իշխանություններին, ինչն այլ պարագայում միմիայն դրական կհամարվեր ՀՀ քաղաքական կյանքի համար: Սակայն կոնկրետ այս օրինագծի քվեարկության դեպքում իշխանությունների ցանկացած գործողություն վտանգելու է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Սրանք այնքան ակնհայտ ու պարզունակ փաստեր են, որ վստահաբար հայտնի են նույնիսկ Ր. Հովհաննիսյանին, ում «համախոհական ջանասիրությունն» այս հարցում, մեղմ ասած, տարակուսելի է: