Վաղը լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին:
Սակայն դժվար է ասել՝ դա տարելի՞ց է, թե՞ տարեդարձ: Բոլորն են հիշում, թե ինչպես եւ ինչ պայմաններում 2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին այդ արձանագրությունները: Այդ արարողությունն ապահովելու համար Ցյուրիխ էր ժամանել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Հիշեցնենք նաեւ, թե ինչ «ճանապարհ» են անցել այդ փաստաթղթերն անցած մեկ տարում: Ստորագրումից հետո երկու երկրներում էլ այդ արձանագրություններն ուղարկեցին խորհրդարան` վավերացման: Սակայն ստորագրումից ու խորհրդարան ուղարկելուց հետո թուրքական կողմը սկսեց բարձրաձայնել այդ արձանագրություններում առկա` ԼՂՀ հարցի, հայ-թուրքական սահմանի փոխադարձ ճանաչման եւ ցեղասպանության հարցը քննող միջկառավարական ենթահանձնաժողովին վերաբերող նախապայմանները: Այդ նախապայմանները չեզոքացնելու համար այս տարվա հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանն էլ կայացրեց իր հայտնի որոշումը, որից 3 ամիս անց` ապրիլի 22-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը: Թվում է, թե այսքանից հետո ժամանակավրեպ է խոսել այդ արձանագրությունների մասին, սակայն վերջին շրջանում կրկին ակտիվացել են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող բանակցությունները վերակենդանացնելու մասին խոսակցությունները: Նախ` անընդհատ թուրքական կողմից ինչ-որ «ջերմ» քայլեր ու հայտարարություններ են հնչում, սահմանին խաղաղության աղավնիներ են բաց թողնվում եւ այլն: Սեպտեմբերի վերջին էլ Շվեյցարիա կատարած այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր փոխնախագահ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյի հետ է խոսել այդ թեմայի շուրջ: Միշլին Կալմի-Ռեյն ասել էր, թե այժմ ընթանում են ակտիվ խորհրդակցություններ երկու կողմերի հետ, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն գործընթացը շարունակելու համար: ԱԺ մամուլի ծառայությունը սեպտեմբերի 30-ին հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, թե Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ: «Շվեյցարիան վճռական է գործընթացը առաջ մղելու հարցում»,- ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ասել էր տիկին Կալմի-Ռեյը: Շվեյցարիայի արտգործնախարարը նաեւ բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլը` այն համարելով քաղաքական խիզախություն: Շվեյցարիայում Հ.Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ այդ թեմային անդրադարձել է նաեւ այդ երկրի Համադաշնության Պետությունների խորհրդի նախագահ տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինին: Վերջինս էլ նշել է, որ իր երկիրը կշարունակի միջնորդական առաքելությունն՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Իսկ այս չորեքշաբթի ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով հայ-թուրքական բանակցությունների հնարավոր վերսկսմանը վերաբերող հարցին` ասել էր, թե վերջին ամիսներին թուրքական կողմի հետ որեւէ հեռախոսազրույց տեղի չի ունեցել: «Վստահեցնում եմ, որ որեւէ բանակցություն, որեւէ հեռախոսազրույց թուրքական կողմի հետ վերջին ամիսներին տեղի չի ունեցել եւ մոտակա ժամանակներում չի էլ նախատեսվում»,- ասել էր ՀՀ արտգործնախարարը` չհերքելով, որ Շվեյցարիայի իշխանությունների հետ եթե ոչ՝ ուղղակի հեռախոսազրույցներ, ապա այդ թեմայի շուրջ քննարկումներ եղել են: Այդ մասին են վկայում նաեւ Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները: Մասնավորապես այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը մի քանի օր առաջ իտալական «Limes» շաբաթաթերթին տված հարցազրույցում պնդել էր, թե «հայ-թուրքական անձայն դիվանագիտություն է ընթանում»: Իտալացի լրագրողի հարցին, թե ի՞նչ նկատի ունի Թուրքիայի նախագահը, «անձայն դիվանագիտություն» ասելով, Գյուլն այսպես է պատասխանել. «Անձայն եւ վճռական դիվանագիտություն: Այս պահին խնդրի լուծմանը հասնելու միակ միջոցը դա է: Ես այդ կարծիքին եմ»:
Ակնհայտ է, որ կրկին ինչ-որ քայլեր են կատարվում հայ-թուրքական հարաբերությունները վերսկսելու, կամ` գոնե այդ գործընթացը վերջնականապես չձախողելու համար: Հատկապես, որ վաղը լրանում է արձանագրությունների ստորագրման մեկ տարին: Սարերի հետեւում չէ նաեւ ապրիլի 24-ը, եւ «ցեղասպանություն» բառը չարտասանելու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կրկին պատճառներ են անհրաժեշտ: Ամեն դեպքում հետաքրքիր է, այդ գործընթացից ի՞նչ ստացան կողմերը, կամ արդյո՞ք կարելի է գործընթացի վերաակտիվացում սպասել: «Իրականում ոչ Թուրքիան հասավ իր առավելագույն արդյունքին, ոչ էլ Հայաստանը հասավ որեւէ արդյունքի: Իրականում հայկական կողմն իրեն մխիթարում է նրանով, որ իր միջազգային հեղինակությունն աճել է այս ամենի արդյունքում, բայց մենք էլ տեսնում ենք, որ ռեալ պրոցեսներում թուրքական կողմը ներգրավվեց բազմաթիվ հարցերում, եւ նա կարողանում է հրաշալիորեն շահարկել այս գոյություն չունեցող գործընթացը,- գնահատելով անցած մեկ տարին` ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` ավելացնելով,- Եվ միայն այն, որ մեր թեթեւ ձեռքով հրավիրեցինք Թուրքիային տարածաշրջան` խառնվելու տարածաշրջանային հարցերին, լեգիտիմացնելու նրա միջամտությունը, սա, կարծում եմ, ի վնաս մեզ է: Որովհետեւ նախկինում մշտապես ասվում էր, որ Թուրքիան չի կարող Մինսկի խմբի անդամ լինել, կողմնակալ երկիր է, բայց այնպիսի մի բան ստացվեց, որի արդյունքում Թուրքիան լավ էլ ակտիվացրել է Մինսկի խմբին, լավ էլ խնդիրներ է դրել նրա առջեւ: Եվ գրեթե կարելի է ասել, որ բավականին մեծ չափով ազդում է ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացի վրա, ինչը նախկինում չկար»: «Շվեյցարիան դերակատար չի, ես լուրջ չեմ վերաբերվում դրան: Շվեյցարիան եղել է միջնորդ, եւ ակնհայտ է իր շահագրգռվածությունը սայլը տեղից շարժելու եւ առաջընթաց ապահովելու համար»,- կարծում է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: «Միեւնույն ժամանակ նա կիսատ կարողացավ կատարել իր միջնորդությունը, որովհետեւ ի վերջո Թուրքիայի նախապայմանները առաջ եկան, եւ միջնորդությունը ձախողվեց: Կարծում եմ, որ նաեւ երեսը պահպանելու հարց կա, եւ դրանով են պայմանավորված այդ հայտարարությունները (շվեյցարական կողմի.- Ա. Ա.): Ինչ վերաբերում է պրոցեսին, ես չեմ հավատում, որ թուրքական կողմից այսքան խաբված լինելուց հետո որեւէ հայ պաշտոնյա կգնա այդ նախապայմանների ընդունմանը»,- նշեց Վ. Կարապետյանը: Իսկ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն էլ համոզված է, որ շահագրգիռ տերությունների մոտ մտահոգություն կա, թե «արձանագրությունների ստորագրման տարելիցը հանկարծ առիթ չլինի, որ Հայաստանը ետ վերցնի ստորագրությունը»: «Դրա մտահոգությունն ունի, կարծում եմ, նաեւ Ամերիկան, որն իրական մաեստրոն է այս ամբողջի, Շվեյցարիան էլ մաեստրոյի ասածները կատարողն է: Հենց դա էլ զգուշացրել է Շվեյցարիայի արտգործնախարարը: Թուրքական կողմն ուզում էր տպավորություն ստեղծել, որ գործընթացը շարունակվում է»,- կարծում է Կ.Մանոյանը:
Իսկ հայկական կողմը ետ կվերցնի՞ ստորագրությունները: Այս հարցին ՀՅԴ-ական գործիչը բացասական պատասխան տվեց: «Չնայած նախագահի հայտարարության մեջ ասվում էր, թե առայժմ հետ չենք վերցնում ստորագրությունը: Եվ «առայժմ»-ը մի քիչ շատ ձգվեց, եւ տարելիցը, կարծում եմ, առիթ է, որ Հայաստանը հետ վերցնի ստորագրությունները եւ փոխարենը մեջտեղ դնի երեք պարբերությամբ կես էջանոց արձանագրության նախագիծ: Եվ ցանկացած թուրքական իշխանություն, եթե իսկապես պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատող արձանագրություն, ապա այդ փաստաթղթում պետք է ամրագրվեն երեք կետեր: 1. Երկու կողմերը որոշել են հաստատել դիվանագիտական հարաբերություն: 2. Թուրքիան որոշել է շրջափակումը հանել, ճանապարհները բացել, եւ 3. կողմերը պատրաստ են իրենց միջեւ առկա բոլոր խնդիրները կարգավորել միջազգային իրավունքների համաձայն: Այսքանը հերիք է, որ Թուրքիայի իսկական դեմքը մեջտեղ գա»,- ասում է Կ.Մանույանը: