Հինգշաբթի օրը ԵԽ ԽՎ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը, որի ժամանակ շարունակել է քննարկվել ԼՂՀ հարցով հանձնաժողովի աշխատանքների վերականգնման հարցը: «Կարծում եմ՝ այս բանակցությունների ժամանակ մենք կարողացանք հասնել մեր կողմից դրված հարցի կառուցողական քննարկմանը, որովհետեւ մեր հիմնական նպատակն է՝ քննարկել խնդիրը այն պայմանով, որ ԼՂ հարցը չի հանվի օրակարգից, մշտապես կմնա ԵԽ օրակարգում, եւ չեն մոռացվի նաեւ ԼՂ հակամարտության հումանիտար խնդիրները»,- հանդիպումից հետո ասել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Վերջինիս խոսքերով՝ երկու օր ընթացող բանակցությունները ցույց են տվել, որ 2005թ. ընդունված ԵԽ ԽՎ բանաձեւի կետերը պետք է կատարվեն, եւ կատարման ճանապարհներն էլ չպետք է հանվեն ԵԽ օրակարգից: «Մենք հանգել ենք որոշման, որ նման հանդիպումները շարունակվելու են, եւ շատ հավանական է, որ մենք եւս մեկ անգամ այս հարցը կներառենք օրակարգում՝ կա՛մ Անթալիայում ԵԽ ԽՎ Բյուրոյի հերթական նստաշրջանում, կա՛մ Փարիզում, եւ այդպիսով կհասնենք այդ հարցի քննարկմանը: Որքան էլ որ փորձեն այդ հարցը օրակարգից հանել, դա անհնար է»,- ասել է նա: Անդրադառնալով բանակցություններում ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի դերակատարմանը` Սամեդ Սեիդովը նշել է, որ չնայած իր ազգությանը եւ կարծիքներին, Չավուշօղլուն արտահայտում է ԵԽ անդամ «բոլոր երկրների կարծիքը»: Իսկ ինչ վերաբերում է ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման հարցին, ապա ադրբեջանցի պատվիրակը նշել է, որ ենթահանձնաժողովը փաստացի գործում է. «Այս հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր նստաշրջանում: Ինչ վերաբերում է ձեւական տեսանկյունից այս հարցի ընդլայնմանը, եկեք իրադարձություններից առաջ չընկնենք: Դրանք այնքան էլ հեշտ հարցեր չեն: Հիմա բանակցություններ են ընթանում, իսկ վերջում մենք կզբաղվենք հստակ հարցերը կյանքի կոչելով, որոնք պարունակվում են 2005թ. ընդունված բանաձեւում»:
Ի դեպ, ՀՀ պատվիրակությունից հանդիպմանը մասնակցել են պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը: