Կոմանդոսի «մարդիկ» սպառնում են վերացնել 80-ամյա ծերունուն

08/10/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մի քանի ամիս առաջ անդրադարձել էինք ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի որոշ քաջագործություններին: Վերջինս զավթել է քաղաքում տեղակայված հրաձգարաններից մեկը, որը 1973թ. սեփական միջոցներով կառուցել էր ՀՀ ՊՄՏՀՀ «Սնայպեր» օդամղիչ հրաձգարանի նախկին տնօրեն Թադեւոս Կարապետյանը:

«Ձեր թերթի հոդվածից հետո ինձ սկսեցին ահաբեկել: Կոմանդոսի տեղակալ Սիրեկանյան Գրիշան ինձ վախեցրեց, թե՝ զգույշ եղիր, կարան քեզ լրիվ ուրիշ ձեւով վերաբերվեն: Ինձ ասացին՝ բա չե՞ս վախենում: Գիտե՞ս ինչ մարդիկ ունի Կոմանդոսը: Կարան քեզ էլ, քո տղերքին, ընտանիքն էլ հետը վերացնեն»,- ասաց օրեր առաջ մեր թերթի խմբագրություն եկած ՀՀ ՊՄՏՀՀ «Սնայպեր» օդամղիչ հրաձգարանի նախկին տնօրեն Թադեւոս Կարապետյանը:

Հրաձգարանը գտնվել է Երեւանի Իսահակյան 26 հասցեում: Ըստ Թ. Կարապետյանի՝ 1973թ. ինքն իր սեփական միջոցներով կառուցել էր հրաձգարանը, որը մինչ 2002թ. շրջանային ԴՕՍԱԱՖ-ի կազմում էր: «Իսկ 2002թ., երբ Կոմանդոսը եկավ-դարձավ ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, մտավ տիր, ասաց՝ բա էս տիրն ո՞ւմն ա: Ես էլ ասացի՝ ԴՕՍԱԱՖ-ինն ա: Տիրը տեղափոխեցին կենտրոնական ԴՕՍԱԱՖ, որպեսզի էդ փողը մուծվի էնտեղ: Մինչեւ էդ ես 15.000 դրամ պլանի համար էի մուծում, բայց հենց անցավ կենտրոնական ԴՕՍԱԱՖ-ին` մի ամիս հետո պլանը դարձրեցին 30.000 դրամ: Դե, հետները կոնտր չընկնելու համար էլ մուծում էի: Նախալնի ձեւով տիրը ձեռքիցս վերցրեցին: Գործը վերջացավ»,- նշեց հրաձգարանի նախկին տնօրենը, ով, չնայած 2010թ. փետրվարի 26-ին 1 տարի ժամկետով պայմանագիր էր կնքել հրաձգարանի համար, սակայն ընդամենը 1 ամիս անց՝ պայմանագիրը դադարեցրել են: «Ասացին՝ պայմանագիրը միակողմանիորեն դադարեցվել է եւ օտարվել է Արմեն Սիմոնյանին»,- նկատեց Թ. Կարապետյանը` նշելով, թե հրաձգարանի նոր տերը ԴՕՍԱԱՖ-ի աշխատակից չէ, այլ պատահական մարդ է: Ըսը ԴՕՍԱԱՖ-ի նախկին աշխատակցի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանն իրեն խոստացել էր, որ տիրն իրենից բացի ուրիշին չի տալու: «Ա. Տեր-Թադեւոսյանին հարցնում եմ՝ բա ինչի՞ ուրիշին տվեցիր, ասաց՝ ես չէի կարա, ինձ վերեւից ասացին՝ նրան տուր, ես էլ տվել եմ»,- ընդգծեց ՀՀ ՊՄՏՀՀ «Սնայպեր» օդամղիչ հրաձգարանի նախկին տնօրենը: «Մի օր էլ էդ Կոմանդոսն իր շքախմբով եկավ մյուս տեղակալի` Աշոտ Խաչատրյանի հետ, որը տիրի վաճառքի գործերով ա զբաղվել: Ես տիրը փակել էի էդ ամբողջ ընթացքում: Կոմանդոսն ասաց՝ բա էս բոմժերն ովքե՞ր են, որ չեն բացում: Միլիցիա կանչեցին-եկան: Ես էլ միլիցիոներներին ցույց տվեցի, որ դիմել եմ դատարան, ու իրենք ասացին, որ գործ չունեն, քանի որ գործը դատարանում ա»,- ասաց Թ. Կարապետյանը, ով խոսելու ընթացքում երբեմն հուզվում էր, վիրավորված հայացքը հառում պատին ու կրկին շարունակում պատմությունը: «Կոմանդոսը նորից շարունակեց, թե՝ էս բոմժերին ստեղից հանեք-դուրս արեք: Ես էլ ասացի՝ պարոն գեներալ, դու ինձ բոմժ անվանելու իրավունք չունես: Բոմժը նա է, ով ուրիշի ձեռից հացը խլում-ուտում ա, երկրորդն էլ, ասացի՝ դու հայի հաց մինչեւ հիմա չես կերել, դրա համար չես իմանում, թե ի՞նչ բան ա հայն ու հայ ընտանիքը: Իմ 3 թոռներն էս պահին ծառայում են Հայոց բանակում, 18 թոռ ունեմ, լավ ընտանիք, ու դու եկել` ինձ բո՞մժ ես անվանում»,- հուզված խոսում էր զրուցակիցս։ Ապա վերցնելով սեղանին դրված ակնոցը` զուսպ զայրույթով ավելացրեց. «Կոմանդոսի տեղակալն եկավ-ընկավ թեւս, թե՝ արի խոսենք, էդպես չի լինի, արի քեզ մի քիչ փող տանք, գնա: Ես էլ ասացի՝ լավ, ասենք` փողը վերցրեցի, բա իմ 3 տղերքը որտե՞ղ պիտի աշխատեն: Տիրը մեր ընտանիքի հացն ա եղել»: Այդ զրույցից հետո զրուցակցիս խոստանում են տրամադրել Երեւանի «Կիլիկիա» ավտոկայանում գտնվող հրաձգարանը, որը երկար տարիներ չօգտագործվելու պատճառով՝ վերածվել է ավերակների: «Քարուքանդ վիճակ ա: Էդ ԴՕՍԱԱՖ-ի տիրն ա: Էդ տիրը վաղուց չի աշխատում, ու դա աշխատեցնող տերը շատ շուտ մահացել ա: Դրանից հետո փորձեցի կապնվել Աշոտի հետ, բայց չստացվեց՝ ոչ նա, ոչ էլ մյուս տեղակալները հեռախոսները չեն վերցնում»,- նշեց վիրավորված Թ. Կարապետյանը, ում սպառնացել են այս մասին հրապարակավ խոսելու դեպքում հաշվեհարդար տեսնել: «Աշոտը` Կոմանդոսի տեղակալը, ասաց, մեկ ա՝ դու ոչ մի բան չես կարա անես, արի էս տիրը վերցրու, թե չէ` Կոմանդոսի դեմը խաղ չկա, ու ինձ ու տղաներիս կարան վերացնեն: Ես էլ ասացի՝ չեկիստներից չեմ վախենում: 1949թ. ինձ աքսորել էին, հորս գնդակահարել էին, ու ընդհանրապես չեմ վախենում: Ու էսօր անկախ Հայաստանում ուզում են ինձ խեղդե՞ն: Ասա՝ ո՞վ ես դու, որտեղի՞ց ես եկել»,- Կոմանդոսի արարքներից զարմացած խոսում էր 80-ամյա ծերունին, ով գրեթե կես դար աշխատում էր ԴՕՍԱԱՖ-ում: Հրաձգարանն անօրինական ձեւով վաճառելու առնչությամբ նա դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Թ. Կարապետյանի հավաստմամբ՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի տեղակալ Աշոտ Խաչատրյանը հրաձգարանի նախկին տիրոջն առաջարկել էր դատարանից ետ վերցնել հայցադիմումը եւ համաձայնել աշխատեցնել «Կիլիկա» ավտոկայանի տարածքում գտնվող հրաձգարանը: «Տղաս ա գնացել հետ վերցրել, բայց ես նորից եմ դիմելու դատարան: Ես էդ հրաձգարանից չեմ հրաժարվում, ասում եմ՝ սարքեք-տվեք: Էնտեղ 2-3000 դոլարի գործ կա, ես չեմ կարա անեմ: Հիմա էլ զանգում եմ տեղակալներին, բայց թողել-թռել են, չեմ կարողանում գտնել: Տղաս անգամ Կոմանդոսի մոտ գնաց, հարցրեց, թե՝ բան էիք խոսք տվել, ինչի՞ չեք կատարում, ասաց, որ ինքը չէր խոսք տվել»,- շարունակեց Թ. Կարապետյանը: «Ես ստիպված նորից ձեր թերթին եմ դիմում, որովհետեւ էդ մարդիկ ինձ ու իմ ընտանիքին սպառնում են, որ այլեւս չբողոքեմ: Ու երկրորդ մի բան էլ խնդրեմ՝ հարցրեք նրան, թե` հարգարժան Կոմանդոս, հանուն ինչի՞ ես ծախել էդ տիրը»,- հուզված կրկնեց նա` պնդելով, թե հրաձգարանը հետագայում վերածելու են ռեստորանի: «Ուրիշ ի՞նչ կարան սարքեն: Կարո՞ղ ա դրանք մարդկանց սովորեցնեն հայրենիք պաշտպանել. չեն սովորեցնի: Իմ լսելով` էդ մարդիկ ուզում են տիրի կողքի գարաժներն էլ առնեն, նույնիսկ ուզում են դպրոցն առնեն, որ էդտեղ ինչ-որ բան սարքեն: Ա՜յ տենց մարդիկ են»,- ասաց Թ. Կարապետյանը, ով, ի դեպ, Կոմանդոսի կողմից հրաձգարանի վաճառքի եւ ընդհանուր վիճակի մասին պատրաստվում է բաց-նամակ գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: