Սպասվում են հերթական «օտարումները»

08/10/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

2010թ. մարտի 18-ի ՀՀ Կառավարության N 316-Ա որոշմամբ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ենթակայության` «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքն օտարվել է «Ավագշին» ՍՊԸ-ին:

Ընդ որում, ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ նշված է` «պայմանով, որ գնորդը պարտավոր է ձեռք բերվող անշարժ գույքի հատկացված հողամասի տարածքում իր կողմից կառուցվելիք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից` 1796,9 քմ բարեկարգված եւ ժամանակակից հագեցվածությամբ տարածք վաճառել կառավարությանն առընթեր Հ Հ ոստիկանությանը»: «Երեխայի զարգացման կենտրոնի» երկհարկանի շինությունը 2000քմ-ից ավելին է, իսկ հողատարածքը` 176.99քմ: Այսպիսով, երկհարկանի մանկապարտեզը «Ավագշին» ընկերությունը գնել է ընդամենը 866.200.000 դրամով, որն ըստ կառավարության որոշման` գնահատվել է համապատասխան լիցենզավորված անկախ գնահատողների կողմից, որոնց անունն, ի դեպ, նշված չէ: Հետաքրքիրն այն է, որ այն վաճառվել է առանց մրցույթի եւ բաց սակարկությունների: «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության(հ/կ) նախագահ Սեդրակ Բաղդասարյանը համարում է, որ մանկապարտեզի վաճառքի գործընթացն ուղեկցվելու է ճիշտ նույն անօրինականություններով, ինչպիսիք արձանագրվել են պետության կողմից բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված իրացման գոտիների դեպքում. «2006թ., երբ մարդու իրավունքների պաշտպանը մտավ ՀՀ Սահմանադրական դատարան(ՍԴ), եւ նախկինում կառավարության որոշումները ճանաչվեցին հակասահմանադրական` ՍԴ-ն որոշում կայացրեց, որ պետք է լինի օրենք, որը կկարգավորի սեփականության օտարումը: 2006թ. դեկտեմբերին ընդունվեց «Սեփականության օտարման» մասին օրենքը, որտեղ հստակ գրված է՝ ինչ պայմաններով եւ ինչպես պետք է սեփականությունն օտարվի»: Չնայած ընդունված «Սեփականության մասին» օրենքին, այդուհանդերձ, ըստ Ս. Բաղդասարյանի` մեր իշխանությունները շարունակում են ապօրինի ճանապարհով մայրաքաղաքի որոշ հատվածներ մասնավոր ընկերությանը հանձնելով` ներկայացնել իբրեւ պետության համար գերակա հանրային շահ ճանաչված տարածք: Այն դեպքում, երբ նույնիսկ ճշտված չեն ներդրումներ կատարելու` ընկերության ֆինանսական կարողությունները: 2010թ. ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ Ոստիկանության հաշվեկշռում գտնվող մանկապարտեզի վաճառքը Ս. Բաղդասարյանը համարում է անօրինական գործարք: «Ընդ որում, վաճառվել է 840մլն դրամով: Բացառիկ գերակա հանրային շահ տարածքը կարող է ճանաչել կառավարությունը եւ քաղաքապետարանը, ինչպես նաեւ` եզակի դեպքերում` թաղապետարանը: Մինչդեռ ՀՀ Ոստիկանությունը վաճառում է իրեն պատկանող տարածքը` պայմանով, որ հետագայում կառուցվելիք շենքում պետք է իրեն տարածքը տրամադրվի: Ստացվում է` ցանկացած նախարարություն կամ տեսչություն կարող է իր բալանսում գտնվող օբյեկտը վաճառի ինչ-որ մի կազմակերպության` հետագայում շենք կառուցելու նպատակով, այնուհետեւ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու պատրվակով զավթի հարակից տարածքները»,- ասում է նա` վստահեցնելով, որ սեպտեմբեր ամսին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀ կառավարությանը փաստաթղթեր է ներկայացրել` առաջարկելով «Ավագշին» կազմակերպության իրավունքը տարածքի նկատմամբ որպես հանրային գերակա շահ ճանաչել. ««Ավագշինը» սկզբում` մարտ ամսին, տարածքը գնում է, հետո նոր քաղաքապետը տեղեկանք է ներկայացնում կառավարություն, որ հանրային գերակա շահ անվան տակ ներգրավվեն հարակից տարածքները, որտեղ սեփական տներ կան»: Քաղաքապետի տեղեկանքի հիման վրա ՀՀ Կառավարությունը որոշում է` «Լիազորել Երեւանի քաղաքապետին պետության անունից «Ավագշին» ՍՊԸ-ի հետ կնքել Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովա պողոտայով պարփակված տարածքում գտնվող սեփականատերերին եւ պետությանը պատկանող հողամասերի ու դրանց վրա գտնվող անշարժ գույքի օտարման պայմանագիր»: Այլ կերպ ասած` սկզբում «Ավագշինը» գնել է մանկապարտեզի շենքն, այնուհետեւ ստանալով կառավարության համապատասխան որոշումներն` այժմ աշխատանք է տանում հարակից սեփականատերերի տարածքները գնելու եւ փոխհատուցելու համար: «Ոստիկանությունը պահանջ է ներկայացնում, որ շենքը կառուցելուց հետո իրեն պետք է «Ավագշինը» բազմաֆունկցիոնալ շենքում տարածք հատկացնի, բայց պայմանագրով նշված չէ, թե Ոստիկանությունը տարածքը որպես ի՞նչ է օգտագործելու, մանկապարտե՞զ, թե՞ բիզնես-կենտրոն… Ընդ որում, տարօրինակ է նաեւ, որ առանց մրցույթի է վաճառվել, կարող է ավելի բարձր գին վճարո՞ղ է եղել, մինչդեռ վաճառվել է շուկայականից շատ ցածր գնով,- ասում է Ս. Բաղդասարյանը` ավելացնելով,- Մի շարք խախտումներով փորձում են տարածքն իրացնել մի ընկերության, որի ֆինանսական կարողությունների մասին երաշխիք էլ չկա: Օրենքը սահմանում է, որ սկզբում կառավարությունը պետք է քննարկեր, որոշեր՝ արդյո՞ք ճիշտ է մանկապարտեզն օտարելը, հարակից տների սեփականատերերին այդ խաղի մեջ ներքաշելը: Մինչդեռ «Ավագշինը» գնելով մանկապարտեզի շենքը` ոտքը պնդացնում է, որպեսզի հետագայում էլ սեփական տները ներգրավի, ինչին նպաստում են մեր պետական այրերը»: Հավելենք նաեւ, որ Ս. Բաղդասարյանն այցելել է այդ տարածքի բնակիչներին, ովքեր անորոշության մեջ են, քանի որ մտավախություն կա Բուզանդի, Արամի եւ մի շարք այլ փողոցների բնակիչների ճակատագրին արժանանալ: Շուրջ հինգ ընտանիքների հետ խոսելուց հետո Ս. Բաղդասարյանը վստահեցնում է, որ բնակիչների մոտ անհանգստություն եւ վախ կա: ՀՀ կառավարության այն նիստի ժամանակ, որում այդ տարածքը ճանաչվել է բացառիկ հանրային շահ, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Պետական գույքի կառավարման վարչության եւ ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից, պարզվում է` դիտողություններ եւ առաջարկություններ չեն եղել: Մինչդեռ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը 2010թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությանը հայտնել է, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի համաձայն` նախքան նախագծի ընդունումը, ձեռքբերողը պետք է ներկայացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ունենալու վերաբերյալ համապատասխան երաշխիք: Ըստ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության` «Ավագշին» ընկերության ներկայացրած փաստաթղթերից երեւում է, որ` «Ավագշին» ՍՊԸ-ն ներկայացրել է «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ 31.05.10թ. կնքված «Համագործակցության համաձայնագիր», որը բավարար ապացույց չի հանդիսանում «Ավագշին» ՍՊԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու մասին»: Այլ կերպ ասած` չի բացառվում, որ տարածքում բնակվող սեփականատերերը փոխհատուցման հետ կապված վեճերը կրկին վիճարկեն դատարաններում եւ մնան առանց ոչնչի: Այսինքն` դեռեւս հստակեցված չեն «Ավագշին» ՍՊԸ-ի ֆինանսական աղբյուրները, հնարավորությունները եւ ներդրում կատարելու կարողությունները: Ի դեպ, նշենք, որ ընկերության հիմնադիրը Վարդ Գասպարյանն է, որի վերաբերյալ Երեւանի քաղաքապետը ՀՀ կառավարություն է ներկայացրել հետեւյալ գրությունը. «Վ. Գասպարյանը ՀՀ Ֆինանսների նախարարություն է մուտքագրել մի գրություն, ըստ որի` հավաստիացրել է, թե` «Նախագծով նախատեսված օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման, սեփականության օտարման ընթացակարգի ապահովման համար եւ սեփականության օտարման հետեւանքով առաջացող այլ ծախսերի, ինչպես նաեւ սեփականության օտարումից հետո դրա բացառիկ` գերակա հանրային շահերի համար նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հատկացվելու են իր կողմից, եւ ներկայացրել է դրանց աղբյուրների հետեւյալ փաստաթղթերը»: Ստացվում է` Վ. Գասպարյանն, առանց իրավական եւ փաստաթղթային հիմնավորումների, բանավոր կերպով, մեր պետական այրերին խոստանում է անհրաժեշտ ֆինանսներն ապահովել իր սեփական «գրպանից», այլ ոչ թե` «Ավագշին» ընկերությունից: Ինչեւէ, ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 1166-Ն որոշման համաձայն, Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան եւ Ավագ Պետրոսյան փողոցներով, ինչպես նաեւ Սայաթ-Նովա պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ, եւ այդ տարածքում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու, ինչպես նաեւ բակային տարածքը բարեկարգելու եւ կանաչապատ տարածքներով համալրելու իրավունքը տրվել է «Ավագշին» ՍՊԸ-ին: «Պետական կարիքների զոհերի» նախագահ Ս. Բաղդասարյանը սեպտեմբերի 4-ին ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Տ. Դաթյանին դիմում է գրել` խնդրելով տրամադրել` «Ավագշին» ՍՊԸ-ի հիմնադիր Վ. Գասպարյանի կողմից ներկայացված նախագծով նախատեսված օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման, սեփականության օտարման եւ սեփականության օտարման հետեւանքով առաջացող ծախսերի, ինչպես նաեւ սեփականության օտարումից հետո դրա բացառիկ գերակա հանրային շահերի համար նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու ընկերության կողմից ներկայացված երաշխիքների պատճենները: Ս. Բաղդասարյանի այս խնդրանքը ՀՀ Ֆինանսների նախարարությունը, բնականաբար, մերժել է` այն հիմնավորելով նրանով, որ այդ տեղեկատվությունը իբրեւ առեւտրային գաղտնիք է հանդիսանում: Այնպես որ, վերոնշյալ տարածքի սեփական տների բնակիչներին սպառնում է այն հեռանկարն, ինչի միջով անցան իրացման գոտու այն բնակիչները, որոնք մինչեւ օրս անտուն ու անպաշտպան են, իսկ շատերն էլ` Եվրոդատարանում փորձում են արդարություն գտնել: