Ազատության հրապարակի «վերանվաճման գործընթացը» երեկ Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդները մեկնարկեցին երթով: Երթն ընթացել է ոստիկանների ուղեկցությամբ: Սակայն ՀԱԿ երիտասարդներն այդպես էլ հրապարակ չեն մտել. հատելով քաղաքի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները եւ պտտվելով Ազատության հրապարակի շուրջ` նրանք շարժվել են դեպի Երեւանի քաղաքապետարան: «Երիտասարդների պահանջն այն է, որ քաղաքապետարանը թույլատրի, արտոնի միտինգները Ազատության հրապարակում»,- ասել է ՀԱԿ ակտիվիստ Հարություն Քիրամիջյանը: Իսկ մեկ այլ ակտիվիստի` Սերգեյ Գասպարյանի խոսքով` իրենք մինչեւ վերջ են պայքարելու անօրինականությունների դեմ: «Կոնկրետ այս երթը Ազատության հրապարակի «կալանավորման» դեմ է: Մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել մեր ուզածին, եւ ՀԱԿ-ը կկարողանա իր հաջորդ հանրահավաքը անցկացնել այնտեղ»,- «Ա1+»-ին ասել է նա: Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի ասելով. «Այդ խեղկատակ դատավարությունները, որ իրականացնում են` պաշտպանելով մեզ մերժելու իշխանական հիմնավորումները, միայն ապացուցում են, որ այս երկիրը դեռեւս օրենքի երկիր չի»: Նրան, պարզվում է` խիստ վրդովեցրել էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա այն հայտարարությունը, թե իրավական առումով կան ինչ-ինչ հիմքեր` ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում թույլ չտալու համար: «Ես կարծում եմ, որ սա իրավաբանի խոսք չէ, այլ իշխանության ծառայի խոսք է. ցանկացած մեկը կարող է ապացուցել, որ իրավաբանական առումով որեւէ հիմնավորում չկա Ազգային կոնգրեսի հայտերը արգելելու»,- ասել է նա:
Ի դեպ, Վլադիմիր Կարապետյանի խոսքով` երեկ իրենք չեն մտել Ազատության հրապարակ ոչ թե ոստիկանների հետ բախումներից խուսափելու պատճառով, այլ, որ իրենք դեռեւս նման որոշում չեն կայացրել։ «Հենց որոշում կայացնենք, կմտնենք»,- ասել է նա: