Եկել են

07/10/2010

Երեկ երեկոյան Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նրանք ներկայացրել են Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները եւ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացվելիք դաշտային գնահատման առաքելության ծրագիրը: Էդ.Նալբանդյանը համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել նախօրեին ադրբեջանական բանտում Հայաստանի քաղաքացի, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ: Նշելով, որ Սարիբեկյանը գերության մեջ սպանվել է` Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ շուրջ 25 օր Կարմիր խաչի ներկայացուցիչներին հնարավորություն չի տրվել հանդիպելու նրան. «Ահաբեկչական խմբավորումներին բնորոշ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի նպաստում բանակցային գործընթացին»: Ի դեպ, նրանք քննարկել են նաեւ առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ավելի ուշ համանախագահները հանդիպել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացրին, որ համանախագահների հետ Ս. Սարգսյանը խոսել է ղարաբաղյան հակամարտության գոտում դաշտային գնահատման առաքելության ծրագրի մասին, ներկայացրել Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները: Համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման հաջորդ փուլում ուսումնասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները: Նրանք շեշտել են, որ նաեւ կօգտագործեն առաջին իսկ հնարավորությունը` Նախիջեւանում այցելելու հիմնահատակ ավերված Ջուղայի գերեզմանոց, որտեղ ոչնչացվել են հայկական տասնյակ-հազարավոր հուշարձաններ` միջնադարյան եզակի խաչքարեր: Ս. Սարգսյանը կարեւորել է, որ ԵԱՀԿ դաշտային առաքելությունն իր աշխատանքի ավարտին պատրաստի օբյեկտիվ զեկույց: Իսկ այսօր միջնորդները մեկնելու են Ստեփանակերտ: