Եթե չշեղվեն համամարդկային սկզբունքներից

07/10/2010

«Եթե այդ առաքելությունը գա եւ ուզենա իրական վիճակը տեսնել, ապա կհայտնաբերի, որ ազատագրված տարածքների մեծագույն մասում ապրում են Ադրբեջանից հայ փախստականներ, որ նրանք ապրում են հնարավորինս լիարժեք կյանքով: Եվ եթե իրենք չշեղվեն համամարդկային սկզբունքներից, դա պետք է դրական գնահատեն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ավելի քան 15 տարի Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի (Լաչինի) վարչական շրջանը ղեկավարած Ալեքսան Հակոբյանը` անդրադառնալով ազատագրված շրջաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի` այս շաբաթ մեկնարկած առաքելությանը: «Քաշաթաղի շրջանում, եւ նախկին Ղուբաթլիի ու Զանգելանի շրջաններում` Քարվաճառում, որը Շահումյանի շրջանի մի մասն է, ապրում են Ադրբեջանից փախստական հայազգի մարդիկ: Նրանց մարդկային կարիքների բավարարումը ոչ միայն Ղարաբաղի, այլ ամբողջ մարդկության ու հատկապես քաղաքական շրջանակների խնդիրն է: Կանի՞ դա այդ խումբը, ուրեմն կասենք, որ նրանք ազնիվ մարդիկ են, չի՞ անի, կասենք՝ անազնիվ մարդիկ են: Մեզ մոտ էլ, Արեւմուտքում էլ կան նման մարդիկ»,- ասել է Ա. Հակոբյանը, ով, թերեւս, կատարելապես տիրապետում է ազատագրված տարածքներում տիրող իրավիճակին եւ հիմնախնդիրներին: Խոսելով ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրի մասին, նա նշել է, որ եթե մինչեւ 2003թ. այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվել, ապա պետության վերաբերմունքը կտրուկ փոխվել է 2003թ. հետո: «2003-ին, երբ պարզ դարձավ, որ ՄԱԿ-ի մոնիտորինգի խումբ է գալու, որը եկավ 2005թ. սկզբներին, հանկարծ ԼՂՀ պետական այրերի կողմից, հավանաբար՝ համաձայնեցված ՀՀ ղեկավարների հետ, վերաբերմունքի կտրուկ փոփոխություն նկատվեց: Դա անթույլատրելի էր»,- հայտարարել է Ա. Հակոբյանը` դա պայմանավորելով Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմությամբ: «Ես կարծում եմ, որ դա էապես կապված է 2003թ. ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմության խնդրի եւ դրա հետեւանքով՝ գործընկեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների հետ խոսելու չափի թուլացման հետ»: Արդյունքում, ըստ նրա՝ այսօր ԼՂ-ի հակամարտության լուծման բանակցություններում ամենակարեւոր կետը դարձել է զորքերի տեղաբաշխմանը վերաբերող վեճը: «Մնացածն անկախ իրենց նշանակությունից՝ երկրորդական դեր են կատարում: Արեւմուտքն ու Ռուսաստանը ոչ մի կերպ չեն կարողանում կիսել այդ խնդիրը, եւ դա նպաստում է ստատուս-քվոյի պահպանմանը»,- ասել է Քաշաթաղի վարչական շրջանի նախկին ղեկավարը: