Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկվա ասուլիսում` անդրադառնալով ԵԽ ԽՎ-ի կողմից Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, ասել է, թե չնայած Հայաստանը մշտապես ԵԽ ԽՎ-ի կողմից մոնիտորինգի է ենթարկվում, սակայն երկրի իշխանություններն իրենց ստանձնած պարտավորություններից ոչ մեկը չեն կատարում: Նա առաջարկել է ուշադրություն դարձնել Հայաստանին վերաբերող ԵԽ ԽՎ 4 բանաձեւերում նշված պահանջներին եւ դրանց կատարման ընթացքին՝ ասելով. «Կտեսնեք, որ պահանջները չեն կատարվել, բայց պահանջները գնալով ավելի են մեղմացել: Կարծում եմ, որ Եվրախորհուրդը որոշակի գործարքի գնաց Հայաստանի իշխանությունների հետ` քարտ բլանշ տալով նրանց` ինչ-ինչ այլ բնույթի հարցեր լուծելու դիմաց: Սա տիպիկ քաղաքական առեւտուր է` ի հաշիվ մեր արժանապատվության, մեր քաղաքացիների: Դա եւ՛ հայ-թուրքական հարաբերություններն են, եւ՛ Ղարաբաղյան խնդիրը»: Հարցին, թե ի՞նչ ստացավ դրա դիմաց Հայաստանը՝ Սաքունցը պատասխանել է, թե դրա դիմաց Հայաստանը տվեց իր անկախությունն ու ինքնուրույնությունը, վերացավ որպես պետություն: «Կներեք, Հայաստանը դարձրեցին «տրյապկա»: Հայաստանից պահանջում են որոշակի զիջումներ արտաքին քաղաքականության բնագավառում եւ ասում են` այդ զիջումները դու տուր, մենք աչք կփակենք քո երկրի ներքին իրադարձությունների վրա»,- ասել է նա` հավելելով, թե այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ԵԽ ԽՎ-ում կարող են այլեւս չհանդուրժել Հայաստանի այս պահվածքը, ինչն էլ, հնարավոր է՝ հանգեցնի նրան, որ այլեւս «անիմաստ կլինի խոսել Հայաստանի` ԵԽ անդամ մնալու մասին»: