«Հայ բիզնեսմենները սրբազան կով են, նրանց ձեռք տալ չի կարելի»

07/10/2010

Երեկ ԱԺ-ում բավականին թեժ քննարկում է ծավալվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրինագծի շուրջ, որը նախատեսում է օղու եւ ծխախոտի գների թանկացում:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ նման օրինագիծ կարող էր առաջանալ միայն երկու դեպքում. առաջին՝ եթե խոշոր ներկրողները, որոնք բավական հզոր են մեր երկրում, ինչ-որ անհայտ ձեւով այնպես են շահագրգռել ՀՀ կառավարությանը, որ վերջինս հանդես է եկել նման օրինագծով, եւ երկրորդ՝ Հայաստանին իսկապես ենթարկում են ճնշումների դրսից: Ընդ որում, ոչ թե միջազգային ֆինանսական կազմակերպությունները, այլ կոնկրետ երկրները, որոնք համարվում են Հայաստանի ամենամտերիմ բարեկամը եւ տարբեր տեսակի ներկայացվածություն ունեն Հայաստանում: «Նախկին վարչակազմի ԱԳ նախարարն ասում էր, որ 100 տարի էլ կդիմանանք շրջափակման մեջ, սակայն ինչպե՞ս է հնարավոր դիմանալ, եթե Ադրբեջանը, որը շրջափակման մեջ չէ, ամբողջ աշխարհին համոզել է, որ ԼՂ պատերազմի պատճառով արժանի է տարբեր արտոնությունների, եւ այլն: Ինձ հետաքրքիր է` ինչո՞ւ հայ դիվանագետները չեն կարողանում իրենց գործընկերներին համոզել, որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ եւ չավարտված պատերազմի պայմաններում չի կարող բոլորի հետ հավասար պայմաններով խաղալ, եւ այսպիսի իրավիճակում պետք չէ Հայաստանի վզին նման տնտեսական պայմաններ փաթաթել»,- ասել է Վ. Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, եթե իշխանությունները նման քաղաքականություն վարեին, դժվար թե Հայաստանին չհասկանային եւ ընդառաջ չգնային: «Դա անել՝ նշանակում է՝ հարվածել մեր տեղական բիզնեսմենների շահերին: Սա անթույլատրելի է: Ավելի լավ է՝ կործանվի պետությունը, ժողովուրդը, բայց հայ բիզնեսմեններն անձեռնմխելի են, սրբազան կով են, նրանց ձեռք տալ չի կարելի: Տրամաբանությունը, որ դրված է այս օրինագծի մեջ, բացարձակապես անընդունելի է: Ո՞ւմ է այն վերաբերում: Այստեղ նստած են մեր սիրելի բարեկամները, տեղական արտադրողներ, ինձ համար շատ հարգելի, անկախ նրանց քաղաքական հայացքներից: Կոալիցիոն արտադրողնե՛ր, այսօր լուռ նստած եք, կարծես հարցը ձեզ չի վերաբերում: Բայց երեկ ասացին, չէ՞, որ ձեզ էլ են հասնելու: Միայն այդ ժամանակ եք, չէ՞, ձայն հանելու: Լավ, տեղական արտադրողներ, եթե ինքնուրույն պաշտպանվելու հույսը կորցրել եք, ինչի՞ վրա եք հույս դրել»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:

Առաջիկայում ԱԺ-ում քննարկվելու է ՀՀ բյուջեի նախագիծը, որ ընթացքում քննարկվելու է նաեւ ԼՂՀ ազատագրված տարածքների վերաբնակեցման համար հատկացվող գումարի հարցը: Վ. Հովհաննիսյանն այս առնչությամբ հայտարարել է. «Հիմա ես մտածում եմ, որ ձեզ այդ թեման միգուցե հետաքրքիր չէ, որովհետեւ ումո՞վ պետք է վերաբնակեցնեք: Այն թութունագործներով, ովքեր թողնելու են գնա՞ն այս երկրից: Այն գինեգործներով կամ խաղող արտադրողներով, ովքեր կկորցնեն իրենց աշխատանքն ու կթողնեն կգնա՞ն այս երկրից: Ո՞վ է այդ վերաբնակեցման գումարը տալու: Այն բիզնեսմենը, ով սարսափած այս տեսակի օրինագծերից` հանրապետական, դաշնակցական կամ ԲՀԿ-ական, ոչ մի նշանակություն չունի, տեղափոխելու է իր բիզնեսն արտասահմա՞ն: Եթե այսպիսի չհաշվարկված եւ չկշռադատված քաղաքականությունը շարունակվի, Հայաստանն անընդհատ թուլանալու է»: Նա համոզված է, որ անգամ այս պայմաններում հայտնվելու են մարդիկ, ովքեր օգտվելու են ստեղծված իրավիճակից, եւ պատահական չի, որ օղու եւ ծխախոտի վաճառքի ներքին շեմն ընդհանրապես հանելու մասին շահարկություններ են սկսել շրջանառվել: Վ.Հովհաննիսյանն առաջարկել է տեղական արտադրանքի եւ ներմուծվող ապրանքի համար ֆիքսել ներքին վաճառքի շեմեր, քանի որ, իր կարծիքով, արտասահմանից ներմուծված ծխախոտի վրա էլ պետք է շեմ դրվի, հակառակ դեպքում հավասար պայմաններում տեղական արտադրանքը զիջելու է: «Պետք է հստակ ամրագրվի ներմուծված օղու համար ներքին շեմը` 1200 դրամ, տեղական արտադրանքի շեմն էլ մնա անփոփոխ: Նույնը պետք է արվի նաեւ ծխախոտի համար: Եթե մենք ցանկանում ենք պաշտպանել տեղական արտադրողին, ուրեմն նաեւ տեղական աշխատողին, տեղական բնակչությանը, պետբյուջեն ու բանակը, պետք է թեթեւ աչքով չնայենք այս տեսակ օրինագծերին»:

Պատասխանելով Վ. Հովհաննիսյանի կողմից հնչեցված մտահոգություններին, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասել է, թե պետք չէ իրավիճակը «դրամատիզացնել»: Նա հիշեցրել է, որ մինչեւ 2008թ. թե՛ տեղական արտադրողի, եւ թե՛ ներկրողի համար 380 դրամ էր դրույքաչափը, իսկ 2008-ից հետո ՀՀ կառավարությունը փոխեց խաղի կանոնները` հոգուտ ներքին արտադրողների: Օրինակ, միայն օղու դեպքում տարբերությունը կազմում է 120դրամ: «Ինչո՞ւ են դրսից պահանջել: Որովհետեւ ոնց բարեւ ես տալիս, նույն ձեւով էլ ուզում ես, որ բարեւ ստանաս: Ինչի՞ է դուրսը այդ հարցը բարձրացրել: Մենք չենք կարող պատսպարվել միջին բարձրության 35.000 քառ. կմ-ի վրա եւ ասել՝ ոչ մեկին ոչ ուզում ենք ճանաչել, աշխարհի հետ էլ գործ չունենք: Որովհետեւ նույն ձեւով դրսի մեր ռազմավարական գործընկերն ասում է՝ ընկե՛ր ջան, եթե դու իմ վրա սահմանափակում ես կիրառում, ես էլ այդ սահմանափակումը քո վրա կկիրառեմ: Չի կարելի օրվա կեսը մտածել «պո պոնյածիի», որ մտահոգ են, օրվա մյուս կեսը՝ «պո զակոնու»: