Արժութային սպառնալիք

07/10/2010

Եթե աշխարհի երկրների կառավարությունները փորձեն օգտագործել արժույթների փոխարժեքները՝ որպես ազգային խնդիրները լուծելու միջոց, ապա աշխարհը կարող է ականատես լինել «արժութային պատերազմների»: Նման կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը: «Ակնհայտ է, որ արժույթները որպես քաղաքական զենք օգտագործելու գաղափարը սկսել է տարածվել: Եթե այն սկսի գործի վերածվել, այդ գաղափարը լուրջ սպառնալիք կդառնա համաշխարհային տնտեսության վերականգնման համար: Նմանատիպ ցանկացած մոտեցում կունենա բացասական եւ ծայրահեղ կործանարար հետեւանքներ երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է ԱՄՀ տնօրենը «Financial Times» թերթին տված հարցազրույցում: Ստրոս-Կանն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Ճապոնիայի բանկի կողմից բազային տոկոսադրույքը համարյա զրոյական նիշի իջեցվելու արդյունքում՝ համաշխարհային արժույթների նկատմամբ էժանացել է իենը։ Կարգավորիչը նաեւ որոշում է կայացրել 60 մլրդ դոլար գումարով հատուկ հիմնադրամ ստեղծելու մասին, որը պետք է ծախսվի շուկայում պետական պարտատոմսեր եւ այլ ակտիվներ գնելու համար: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհի առանցքային տնտեսությունները քայլեր ձեռնարկեցին ազգային արժույթների ամրապնդումը կասեցնելու ուղղությամբ: Ճապոնիան վեց տարվա ընթացքում առաջին անգամ միջամտություն կատարեց արժույթի շուկայում, իսկ Բրազիլիան հայտարարեց համանման քայլ կատարելու մասին՝ ռեալի արժեւորումը զսպելու համար: Երկուշաբթի երկրի իշխանությունները որոշում են կայացրել օտարերկրյա ներդրողների կողմից պարտատոմսերի գնման հարկը կրկնակի ավելացնելու մասին, ինչը պետք է նվազեցնի կապիտալի հոսքը երկիր: Իսկ անցյալ շաբաթ Բրազիլիայի ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ աշխարհում այժմ ընթանում է «արժութային պատերազմ», քանի որ մի շարք երկրների իշխանություններ ձգտում են ազգային արժույթի արժեզրկման՝ հանուն արտահանման ոլորտում մրցունակության բարձրացման: Եվրոխմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը երեկ հայտարարել է, որ չինական եւ եվրոպական իշխանությունների միջեւ տարաձայնություններ կան արժութային փոխարժեքների հետ կապված իրավիճակի գնահատման հարցում: «Մենք կարծում ենք, որ չինական արժույթը ընդհանուր առմամբ թերագնահատված է»,- նշել է Յունկերը: Շաբաթ օրը Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել էր, որ Չինաստանը պատրաստ է օգնել Հունաստանին՝ դուրս գալ տնտեսական ճգնաժամից, եւ կգնի հունական պարտատոմսեր: Սակայն վերլուծաբանները նշում են, որ Չինաստանի կողմից Հունաստանի պետական պարտատոմսերը ձեռք բերելը կարող է եվրոյի փոխարժեքն ավելի բարձրացնել յուանի նկատմամբ: