Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի դիտարկմամբ` իշխանական դաշտում արդեն սկսվել է նախընտրական կամ կուսակցությունների դիրքերի հստակեցման գործընթաց: Իսկ ընդդիմության դաշտում նկատվող անդորրը, ըստ նրա` կխախտվի նախընտրական ցուցակները կազմելիս:
«Կոալիցիոն կուսակցությունները մրցակցում են, եւ դա բնական է, քանի որ փող բաժանողներն իրենք են: Իսկ եթե իրենք իրարից ձայն փախցնելու ունեն, անհանգստանում են այդ կապակցությամբ եւ ձգտում են մեկը մյուսի ներուժը նվազեցնել: Ինձ համար կա իշխանական ներուժ կամ կոալիցիոն ներկայացուցիչներ, կա ընդդիմություն, եւ կա Ժողովրդական կուսակցությունը, որը զբաղեցնում է երրորդ ուժի տեղը, ինչքան էլ ասեն` չկա: Եթե ձայն ունենք, ո՞նց չկա»,- ասել է նա: Ի դեպ, ըստ Տ. Կարապետյանի` երբ նախընտրական ցուցակ կազմելու ժամանակը գա, ՀԱԿ-ում էլ են խմորումներ եւ գժտություններ լինելու: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա, Տ. Կարապետյանի համոզմամբ` «ՀՅԴ-ն սփյուռքի ներուժով է գոյատեւում»։ «Դրա համար էլ Դաշնակցությանը որոշակիորեն առաջ են քաշում` պահելով հետին շարքերում»,- ասել է նա: Խոսելով «Ժառանգություն» կուսակցության մասին, Տ. Կարապետիչն ասել է. «Ժառանգությունն» էլ ամերիկյան պրոյեկտ է: Իրեն ասում են՝ միացի՛ր՝ միանում է, մի՛ միացիր՝ չի միանում: Այդ պրոյեկտը ստեղծված է ոչ թե նրա համար, որ կուսակցական գործունեություն ծավալի, այլ, որ ժամանակը գա, Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունն առաջադրի նախագահական ընտրություններում»: Ի դեպ, ԺԿ նախագահը հայտարարել է, որ ինքը մասնակցելու է 2013թ. նախագահական ընտրություններին: Իսկ ինչ վերաբերում է 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ապա Տ. Կարապետյանն ասել է, որ դեռեւս հայտնի չէ, թե իր գլխավորած կուսակցությունն ինչ ձեւաչափով կմասնակցի. «Ամեն ինչ կախված է թիմից: Մենք պետք է թիմ ձեւավորենք, եւ այս անգամ անպայման խորհրդարան մտնելու ենք»: Նա անդրադարձել է նաեւ ԱԺ պատգամավորների աշխատավարձերի բարձրացման մասին օրենսդրական նախաձեռնությանը` այն որակելով «անբարոյական»: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ խմբակցություն), Արամ Սաֆարյանը եւ Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), Ռաֆիկ Պետրոսյանն ու Շիրակ Թորոսյանը (ՀՀԿ խմբակցություն) եւ Հովհաննես Մարգարյանը («Օրինաց Երկիր» խմբակցություն) օրինագիծ են ներկայացրել ԱԺ, որով առաջարկում են կրկնակի բարձրացնել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը: «Պատգամավորների աշխատավարձերի բարձրացման առաջարկն արել է Ռաֆիկ Պետրոսյանը, կարծես խորհրդարանում ամենասովածն ինքն է: Մենք օլիգարխիկ խորհրդարան ունենք, որի անդամների 80 տոկոսը բիզնեսներ ունի: Ինչպե՞ս կարելի է խոսել աշխատավարձերի բարձրացման մասին, եթե նրանք, այսպես թե այնպես, շատ փող ունեն: Ունենալով միլիարդներ` այսօրվա պատգամավորները նման առաջարկ են անում: Ես դեռ չեմ տեսել, որ նրանք իրենց աշխատավարձերն ուղարկեն ծերանոցներ կամ մանկատներ»,- երեկ ասուլիսում հայտարարել է Տիգրան Կարապետիչը: Իսկ լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունների ասելով` հաջորդ խորհրդարանում այլեւս օլիգարխներ չեն լինելու, նա ասել է. «Աչքս տեսնի»: