Տյումենում կանխվել է հայ եւ ադրբեջանցի երիտասարդների բախումը, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի թեմայի շուրջ: Միջադեպը սկսվել է մի քանի օր առաջ, երբ քաղաքի 16-րդ ուսումնարանի դասերին ազգությամբ հայ երիտասարդը ներկայացել է «Մեր Ղարաբաղը» մակագրությամբ մարզաշապիկով, ինչը դուր չի եկել ադրբեջանցի երիտասարդներին:
Վիճաբանությունը վերաճել է «ռազբորկայի», որտեղ կողմերից մեկը ներկայացել է զինված տրավմատիկ զենքով, ինչի հետեւանքով երիտասարդներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ականջի հատվածում: Հաջորդ հանդիպումը, որին վիճաբանող կողմերը մտադիր էին ներկայանալ թարմ ուժերով, կանխվել է իրավապահ մարմինների միջամտության շնորհիվ: Ազգությունների հարցերով շրջանային կոմիտեն մի սեղանի շուրջ էր հրավիրել երկու համայնքների առաջնորդներին, որոնք վերջ են տվել ԼՂ-ի համար Սիբիրում բռնկված «պատերազմին»: