Երրորդ Լուժկովի կարիքը չկա

07/10/2010

Մոսկվան սկսել է ակտիվորեն ազատվել նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի թողած հետքերից (եւ մարդկային ռեսուրսից, եւ մշակութային ձեւավորումից): Մոսկվացիներին ամենից շատ նյարդայնացնում են քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի հսկայական արձանախմբերը, որոնք զարմանալի օրինաչափությամբ ամեն տարի տեղադրվում էին Մոսկվայում` հետեւելով Լուժկովի պատվերին:

Լուժկովի պաշտոնանկության առաջին իսկ օրվանից սկսած լուրեր էին տարածվում այն մասին, որ հարկ է ապամոնտաժել ու տեղափոխել Պետրոս Առաջինի արձանը, որը, ըստ մոսկվացիների կարծիքի, տգեղացնում է քաղաքը: Արձանը նույնիսկ Սանկտ Պետերբուրգ տեղափոխելու մասին էր խոսվում, սակայն Ռուսաստանի երկրորդ քաղաքի գուբերնատոր Վալենտինա Մատվիենկոն կտրուկ նկատել էր, որ Սանկտ Պետերբուրգը նման արձանի կարիքը չի զգում: Զ.Ծերեթելին երեկ ցանկություն է հայտնել նոր արձանով հավերժացնել Լուժկովի կերպարը: «Եթե պետությունը դա չանի, ես ինքս կանեմ»,- ասել է նա` նշելով, որ երախտապարտ է Լուժկովին` «արվեստի մարդկանց ու նկարիչներին ազատություն ընձեռելու եւ ասպետական մոտեցում ցուցաբերելու համար»:

Մոսկվան մերժել է Լուժկովի նոր արձանի գաղափարի իրականացումը: Նշենք, որ քաղաքում արդեն իսկ կա Լուժկովի արձանը, որտեղ քաղաքապետը պատկերված է «դվոռնիկի» կերպարով` ցախավել-լապտերը ձեռքին: Մեկ արձան էլ գտնվում է Զ.Ծերեթելիի արվեստանոցում: Այդտեղ Լուժկովը ատլետ է ներկայացվում, որը միաժամանակ ֆուտբոլ ու թենիս է խաղում: