Այն, որ Հայաստանում բախտագուշակությունը վաղուց արդեն վերածվել է անկառավարելի, ավելին` չհարկվող բիզնեսի, գիտենք բոլորս: Երեւանյան սրճարաններում, գետնանցումներում, փողոցներում սովորական է համարվում բախտագուշակների մատուցած ծառայությունը: Շատ հաճախ գնչուհու հագուստով մոտենում են կանայք, ովքեր ոչ թե խնդրում, այլ պարզապես պահանջում են բախտդ նայել: «Դայ պոգոդայու,- ասում են՝ անմիջապես ավելացնելով,- Դենգի դավայ: Նու, էտօ մալօ…»: Ընդ որում՝ փողոցային բախտագուշակները գրեթե միշտ դժգոհ են լինում վարձատրությունից: Նրանք երբեմն շրջում են խմբերով: Փողոցային, «շարժական» բախտագուշակները հիմնականում սեւասքեմ, դեմքին խորհրդավոր արտահայտություն հաղորդած կանայք են: Նրանք նստում են այս կամ այն այգում, ցուցադրաբար հանում խաղաթղթերը եւ ուշադիր հետեւում անցուդարձին: Նրանց թիրախային խումբը հիմնականում ուսանողությունն է: Այս կարգի բախտագուշակները ստիպված են իրենց ծառայությունների որակի, գների, պրոֆեսիոնալիզմի մասին իրենք գովազդել: Իսկ ահա բախտագուշակների «էլիտար» հատվածն իր ծառայությունների գովազդի «հոգսը» թողնում է ԶԼՄ-ների վրա: Հայտարարության տեքստերը բազմաբովանդակ են, օրինակ, «Կհանեմ թուղթ ու գիր», «Կվերադարձնեմ սիրելիին» եւ այլն: Ավելին. հայտարարությունների տեքստերի բաղադրիչ մաս է կազմում բախտագուշակի «պրոֆեսիոնալիզմի» մասին տողերը, ասենք` շամանների մոտ են մասնագիտացել, եւ այլն: Այս խնդիրն այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ որոշ երկրներ անգամ հատուկ օրինագծեր են մշակում: Առաջիկայում Ռուսաստանի Դաշնության Պետդուման պատրաստվում է ուղղումներ կատարել «Գովազդի մասին» օրենքում, որը կարգելի էքստրասենսների, մոգերի եւ հեքիմների կողմից թուղթ ու գիր քանդելու, տարբեր հիվանդություններից բուժելու, սիրելիին վերադարձնելու եւ նման բովանդակությամբ հայտարարությունները:
Ի դեպ, այս նախագծի հեղինակները «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից են, ովքեր հավաստիացնում են, որ այս ամենի ետեւում կանգնած են խաբեբաներ, որոնք բարոյական եւ ֆիզիկական վնաս են պատճառում երկրի քաղաքացիներին: Իսկ ՌԴ-ի Առողջության պահպանության կոմիտեի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում մոգերն ու հեքիմներն ավելի շատ են, քան՝ բժիշկները: Ընդ որում, նրանց տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 2մլն դոլար: Անգամ Ռումինիայում փորձ էր արվել ընդունել մի օրինագիծ, որն իրավունք կտար գուշակներին ու մոգերին պարտադիր հարկային դաշտ բերել: Օրինագիծը ներկայացրել էր Ռումինյայի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցությունը, որը չընդունվեց: Բավական ուշագրավ էր կուսակցության անդամների ներկայացրած պատճառաբանությունը, ըստ որի՝ օրինագծի չընդունման պատճառը սենատորների վախն էր: Այս առիթով ժամանակին նույնիսկ հանդես եկավ Ռումինիայում մեծահամբավ գուշակ Մարիա Կամպինան: Վերջինս նշել էր, որ պետության համար դժվար կլինի ֆիքսված եկամուտ չունեցող գուշակներից հարկեր հավաքել: Ի դեպ, Ռուսաստանում, վաղուց արդեն` նաեւ Հայաստանում մեր օլիգարխներից շատերն անձամբ են օգտվում նման գուշակների ծառայություններից: Ոմանք ունեն իրենց, այսպես ասած՝ անձնական գուշակները: Շատ հաճախ այդ «գուշակները», մուտք գործելով մերօրյա հարուստների տներ, ոչ միայն կենցաղային, այլեւ բիզնես-քաղաքական ինֆորմացիայի կրող են դառնում, եւ հետագայում որոշ նպատակներով այն օգտագործում են: Ավելին, դեպքեր են եղել, երբ այդ «գուշակները» գողություն են կատարել մեծահարուստների տներից: «Կարող եմ ասել, որ նույնիսկ շատ հեղինակավոր մարդիկ, ղեկավար-պաշտոնյաներ դիմում են գուշակների, որպեսզի թուղթ ու գրի միջոցով հասնեն պաշտոնների, հակառակորդների համար փոս փորեն կամ տիրանան որոշակի գումարների»,- ասում է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն» հ/կ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում կա 300-400 գուշակ, որոնց գործունեությունը, ըստ Ա. Ամարյանի, լուրջ վտանգ է ներկայացնում: Դրանք խեղաթյուրում են ոչ միայն մարդու հոգեբանությունը, այլեւ պատճառ են դառնում ընտանիքների քայքայման, բաժանության, հիվանդությունների: Ա. Ամարյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում գործող հոգեբուժարաններում մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր գուշակների ծուղակն ընկնելուց դառնում են անկառավարելի: Զավեշտալին այն է, որ մարդիկ մեր օրերում սկսել են հավատալ ինչ-որ ութոտնուկի կամ Օսկար կատվի, որն, իբրեւ թե, գուշակում է մարդկանց մոտալուտ մահը: Ի դեպ, այս կատվի մասին արտերկրի լրատվամիջոցները գրում են` իբրեւ գնում եւ մլավում է այն մարդկանց կողքին, ովքեր մի քանի ժամ ունեն ապրելու: Կատուն, 2 տարի է, ապրում է Ռոդ Այլընդի վերականգնողական կենտրոններից մեկում, եւ այդ ընթացքում կյանքի վերջին րոպեներին եղել է 25 հիվանդների մոտ:
Ամիսներ առաջ ընկերներս որոշել էին գնալ բախտագուշակ բատիկյանցի Վարսիկի մոտ: Չնայած գուշակն իր կանխատեսումների մասին նախապես զգուշացրել էր գաղտնի պահել, բայց, այնուհանդերձ, կանխատեսումները հետաքրքիր քննարկման առիթ տվեցին: Նրանցից մեկը գուշակին ցույց էր տվել տարիներ առաջ մահացած հարազատի նկարը: Վարսիկը խոստացել է բուժել: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ հենց այդ մեծահամբավ գուշակի մոտ հերթ կանգնում են օրերով: Վերջինս էլ, որպեսզի ժամերով քաղցած չպահի իր «կլիենտներին», բակում հիմնել է իր «օբյեկտը»: Այդտեղից, ըստ ականատեսների, կարելի է գնել համբուրգերներ, զովացուցիչ խմիչք, մի խոսքով՝ այն ամենը, ինչի կարիքը «կլիենտների» ստամոքսը զգում է այդ պահին: Վահե Բուդումյանի բլոգում (http://vahebudumyan.wordpress.com) «Աշը, զովունեցի Մարգոն ու բատիկյանցի Վարսիկը» հրապարակման մեջ նույն գուշակի մասին կարդում ենք. «… ընկերոջ հետ գնացել էին Բատիկյան` Վարսիկի մոտ, ու անցած անգամվա նման գիշերվա չորսից սպասել էին, ցուցակ կազմել, որ բոլորը իրենց հերթին մտնեն ներս, ու Վարսիկի փեսայից իմացել էին, որ տղա չի նայում: Լոմկվել էին, շատ երկար էին սպասել ու չէին կարող պարզապես նստել մեքենան ու վերադառնալ, ծանոթ էին խառնել, իրարանցում էր եղել, Վարսիկի տղայի «BMW X5»-ն էր վնասվել: Վերջում Վարսիկն էր դուրս եկել ու բոլորի միջից Աշին մատով ցույց տվել ու տարել սրբապատկերներով ու սրճարանային պլաստմասսե աթոռներով լցված սենյակ կամ դահլիճ: Նայելուց ձեռքերը ուսերին խաչել էր տվել, ասել. «չորս հոգի եք տունը, ասա՝ «այո՛»: Երկու աղբեր եք, ասա՝ «ո՛չ»: Աղբեր ու քուր եք, ասա՝ «այո՛»: Տասը ավարտել ես ու չես սովորում, ասա` «այո՛»: Ընտանիքի մասին շատ ես մտածում, ասա «այո՛»: Ասել էր. «պապայիդ անունը Լյովա էր, ասա՝ «այոգ»: Աշի հայրը մահացել էր, երբ Աշը ընդամենը մի քանի տարեկան էր, անունը Լյովա էր: Վերջում ասել էր, որ լավ փոփոխություններ են սպասվում Աշի կյանքում, որ չմոռանա իրեն օրհնի, երբ փոփոխությունները լինեն, զգուշացրել էր, որ դարպասի դիմաց շատ չաղմկեն, թե չէ սրբերին կքշեն: Ճանապարհի մասին ոչինչ չէր ասել: Աշը ամբողջ ընթացքում, ձեռքերը ուսերին՝ «այո՛» ու «ո՛չ» էր կրկնել, դուրս գալուց հազար դրամ էր խցկել փայլուն մուգ կապույտ կազմով Նոր Կտակարանի մեջ»: Տարբեր կայքէջերում ընթացող քննարկումներում նման շատ գուշակների մասին կարելի է կարդալ` Զովունեցի Մարգոյի, «Նոստրադամուս» կոչվող խաղաքարտերով գուշակություններ անող Անահիտ Ղարիբյանի եւ այլոց մասին: Գուշակություններով զբաղվող գրասենյակներ այսօր շատ կան Երեւանում: Մի գուշակության սեանսը տատանվում է 1500- 5000 դրամի սահմաններում: Աստղագուշակի մոտ գնալը մոդայիկ է դարձել երիտասարդ աղջիկների շրջանում, մոմ թափողի ու սուրճի բաժակ նայողի մոտ գնալն այլեւս այդքան մոդայիկ չէ: Նշենք, որ Հայաստանում այսօր չկա մի օրենք, որն արգելի փողոցային գուշակների եւ մոգերի գործունեությունը:
Գուշակներից ոմանք գուշակություններն անում են հատուկ սենյակում, որի պատերին սրբապատկերներ են փակցված լինում. նստում են դեմքով դեպի այդ նկարները եւ սկսում աղոթել: Այցելուներին համոզում են, իբրեւ թե` պատերին պատկերներ է տեսնում տվյալ մարդու անցյալից, ներկայից ու ապագայից…
Ոմանք էլ պարզապես նայում են դիմացինի երեսին ու գուշակություններ անում, կամ` սուրճի մրուրի միջոցով են կանխագուշակում:
«Եթե նույնիսկ մենք չենք հավատում գուշակություններին եւ գնում ենք գուշակի մոտ՝ իմանալու մեզ հետաքրքրող որեւէ բան, նրա ասածը ենթագիտակցորեն մեզ վրա ազդում է ու հետագայում մեծ ազդեցություն ու ներգործություն է ունենում մեր կյանքի հետագա քայլերի վրա»,- այս նյութը պատրաստելիս պատահաբար գտա մի ակումբի քննարկման մեջ: Այս մարդու ասածը հատկապես տպավորիչ էր նրա բերած օրինակով. «Երկու ընկեր են լինում՝ նկարիչ եւ քանդակագործ: Նրանք որոշում են գնալ գուշակի մոտ իրենց ապագան իմանալու: Գուշակը նկարչին ասում է, որ նա փայլուն ապագա է ունենալու, ամբողջ աշխարհը հիանալու է նրա կտավներով, իսկ քանդակագործին՝ հակառակը, որ նա երբեք ոչ մի տեղ չի գնահատվի ու նրա քանդակները մոռացության կմատնվեն: Ու ի՞նչ եղավ: Նրանց երկուսի կյանքն էլ կործանվեց, որովհետեւ նկարիչն այլեւս չէր նկարում, որովհետեւ կարծում էր, թե ամեն ինչ կանխորոշված է, իրեն ոչինչ պետք չի անել, միայն պետք է սպասել, իսկ քանդակագործը, հավատալով, որ երբեք հաջողության չի հասնի, սկսեց չարաշահել խմիչքը, կորցրեց կյանքի հանդեպ հետաքրքրություններն ու կործանվեց: Կործանվեցին երկուսն էլ»:
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ