Ապագա մանկավարժները երդվել են

07/10/2010

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը Հայաստանի հնագույն կրթօջախներից է: Հանրապետությունում իր շուրջ 15 հազար ուսանողների թվով երկրորդ բուհն է, որը երկու տարի անց կնշի հիմնադրման ինը տասնամյակը:

40 տարի շարունակ այս բարձրագույն կրթօջախի առաջին կուրս ընդունված ուսանողներն ակնածանքով ոտք են դնում Խաչատուր Աբովյանի՝ Քանաքեռում գտնվող տուն-թանգարան եւ երդվում հավատարիմ լինել ուսուցչի կոչմանն ու բարություն սերմանել մատաղ հոգիներում: Այս տարի օրվա խորհուրդն իմաստավորվեց նաեւ Ուսուցչի տոնով, եւ 1440 առաջին կուրսեցիներ մասնակցեցին երդման արարողությանը: Առաջին կուրսեցիներին շնորհավորելու էին եկել համալսարանի ղեկավարությունը, ֆակուլտետների դեկանները, դասախոսներ, ուսանողական խորհրդի ակտիվը: Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը շնորհավորեց ուսանողներին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ընդունվելու առթիվ, հորդորեց ձեռք բերել առավելագույն գիտելիքներ եւ փորձ:

Հանդիսավոր արարողությունը «Հայր մերի» արտասանությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ համեմեց Գերաշնորհ տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը` ընթերցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսի շնորհավորական ուղերձը. «Այս ուսումնական հաստատության մեջ ձեր ընթացքով արժանի եղեք Մանկավարժական համալսարանի ուսանող լինելու կոչմանը եւ ձեր գիտելիքները ծառայեցրեք ի նպաստ հայրենիքի»: Ուսանողներին շնորհավորեց համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը: «Ազգային դպրոցի հաջողությունները պայմանավորված են կրթության հանդեպ ձեր ջանասիրությամբ եւ այն գործերով, որի համար այսօրվանից պատասխանատվություն եք կրում»,- ասաց նա` ուսանողներին մաղթելով հաջողություններ ու ամենայն բարին:

Ելույթ ունեցավ նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։ «Դուք ընտրել եք մի մասնագիտություն, որ բոլոր մասնագիտությունների հիմքն է: Պատմության բոլոր քառուղիներում հային սատարել են գիրն ու դպրոցը, եղեք անկախ Հայաստանի լավագույն քաղաքացիներն ու հպարտացեք ձեր առաքելությամբ»,- Մանկավարժական համալսարան ընդունվելու կապակցությամբ նա շնորհավորեց ուսանողներին: Պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը մաղթեց, որպեսզի տարբեր մասնագիտություն ձեռք բերող ապագա մանկավարժները հետագայում իրենց աշակերտների մեջ հավասարապես ազգային մտածողություն եւ համամարդկային գաղափարներ դաստիարակեն: Բարեմաղթանքի խոսք ասաց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը, ապա առաջին կուրսի ուսանողուհի Սիրուշ Համբարձումյանն արտասանեց երդման տեքստը, որին միացան հազարավոր ուսանողները: Օրվա խորհուրդն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Տոնը եզրափակվեց ուսանողների համերգային ծրագրով: Մանկավարժ ուսանողների մի նոր սերնդի երթն ազդարարեց աբովյանական պատգամներին հավատարիմ լինելու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գիտելիքներ ու հմտություն ձեռք բերելու եւ հանրապետության ուսուցիչների շարքերը հպարտորեն համալրելու պատրաստակամությունը:

Հինգ տասնյակ մասնագիտությունների գծով ուսանողներն այստեղ կարող են կրթություն ստանալ, զբաղվել գիտությամբ, հետաքրքիր ու տարաբնույթ առօրյայով հագեցնել կյանքի լավագույն` ուսանողական տարիները: Համալսարանի գերխնդիրը հանրակրթական դպրոցները մանկավարժական բարձրորակ կադրերով ապահովելն է, որը մեծապես պայմանավորված է նաեւ ուսանողների մտավոր ներուժով, սովորելու փափագով, հայ դպրության հանդեպ սիրո եւ հավատի միասնությամբ:

Սիլվա ԱՍՐՅԱՆ