Մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել ենք Արաբկիր վարչական շրջանի Այգեկցի 30 հասցեի բնակիչ Անուշ Դեմիրճյանի ընտանիքի եւ Ա. Խաչատրյան փողոցի 13 շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Անմար Գասպարյանի վեճին: Հիշեցնենք, որ Այգեկցի 30 հասցեի միեւնույն բակում ապրում է չորս ընտանիք. Ա. Դեմիրճյանի ամուսնու, նրա քույրերի եւ եղբոր ընտանիքները, ովքեր էլ՝ համաձայն ժառանգության իրավունքի 2009թ. վկայագրի՝ գույքի նկատմամբ հավասար բաժիններով հանդիսանում են նաեւ վերոնշյալ տարածքի համասեփականատերեր: Ա. Դեմիրճյանի հավաստմամբ` 1973թ. Անմար Գասպարյանն ամուսնու հորից խնդրել է թույլ տալ իրենց բակում ավտոտնակ կառուցել` պայմանով, որ հարկ եղած դեպքում տարածքն անհապաղ կազատի եւ ավտոտնակն իսկույն կքանդի: 1991թ. հողի մասնավորեցումից հետո Ա. Դեմիրճյանի ամուսինն Ա. Գասպարյանին խնդրել է իրենց բակում զբաղեցրած տարածքն ազատել, քանի որ` «Նախ հողի հետ կապված փաստաթղթային հարցեր պիտի կարգավորեինք: Բացի դա, նույն բակում չորս ընտանիք է ապրում, եւ բոլոր ընտանիքներում երեխաներ են ավելանում: Արդեն տեղաշարժվելն էլ անհնար էր, եւ մենք իրեն շատ քաղաքակիրթ ձեւով խնդրեցինք ազատել տարածքը, եւ այդ օրվանից էդ մարդը թշնամացավ մեզ հետ: Սկսեց գործի դնել վերնախավի իր կապերը, որպեսզի բոլոր անօրինական քայլերի միջոցով տիրանա մեր բակում գտնվող այդ հողատարածքին»,- ասում է Ա. Դեմիրճյանը, ում ընտանիքը մինչ օրս ենթարկվում է բռնությունների եւ շանտաժի: 1944-ից Այգեկցի 30 հասցեում բնակվող այս ընտանիքը ներկայումս չի կարողանում ապացուցել, որ տարածքը ժառանգաբար փոխանցվել է իրենց ընտանիքին եւ ունի չորս համասեփականատեր: «Որովհետեւ էս երկրում ով փող ունի` կարող է դատարանում իր ուզած վճիռը պատվիրել եւ կարող է մի օր էլ ուրիշի տուն մտնել ու իր անունով ձեւակերպելով՝ իսկական սեփականատերերին դուրս շպրտել: Էս ինչ անօրեն երկիր է, որ մարդուն լավություն ես անում, իսկ նա գալիս սեփականությունդ խլում է ձեռքիցդ: Դատավորներին էլ փողեր բաժանելով՝ ապացուցում է, որ մեր բակում կառուցած ավտոտնակն իր սեփականությունն է: 10 հատ տուն ունի, որից մեկն էլ վարձով է տվել, որից մեկի վրա էլ էլի տուն է գցել: Ի՞նչ է ուզում մեր նման խեղճ ու կրակ ընտանիքից»,- վրդովված ասում է Ա. Դեմիրճյանը: Ի դեպ, Ա. Դեմիրճյանի ընտանիքի` այդ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի բազմաթիվ փաստաթղթերի առկայության պայմաններում Ա. Գասպարյանն ամիսներ առաջ, պարզվում է, կարողացել է իր զբաղեցրած 28.3 մակերեսով հողատարածքը սեփականաշնորհել իր անվամբ. «Ինչպե՞ս… փողով, փողով կարելի է բոլոր փաստաթղթերը կեղծել եւ ուրիշի ունեցվածքը յուրացնել: Մեր երկրի դրվածքին ծանոթ չե՞ք»: Համաձայն ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիր տարածքային ստորաբաժանման ղեկավար Կ. Ղազարյանին հասցեագրված հարցման պատասխան գրության` «Հայտնում ենք, որ ըստ կադաստրային գործի տվյալների` Այգեկցու 30 հասցեում ավտոտնակը գտնվում է 22.25.2009թ. թիվ 4666 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով Աշոտ, Ռոբերտ, Անահիտ, Աիդա Բաբայաններին տրված 756.0քմ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողի վրա»: Չնայած այս չորս ընտանիքների՝ հողատարածքի նկատմամբ իրավունքը հաստատող բազմաթիվ փաստաթղթերին, այդուհանդերձ, դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Անմար Գասպարյանի: Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը վճռել է. «Ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Անմար Գասպարյանի սեփականության իրավունքը, ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 16.10.2009թ. գրության: Այգեկցու թիվ 30 հասցեում նրա կողմից օգտագործվող ավտոտնակով ծանրաբեռնված 28.3քմ հողամասի նկատմամբ»: Նշենք, որ փաստաթղթերում առկա են մի շարք հակասություններ, որոնք, սակայն, դատարանը նպատակահարմար չի համարել քննության առնել: Դատարանը նաեւ արդեն Ա. Գասպարյանին պատկանող՝ դեպի 28.3 քմ հողատարածք տանող 55.8քմ մուտքի ճանապարհի նկատմամբ կիրառել է հարկադիր սերվիտուտ` սահմանելով տարեկան 9.194 դրամ վարձավճար: Իսկ Աշոտ, Ռոբերտ, Անահիտ, Աիդա Բաբայանների հակընդդեմ հայցն ընդդեմ Ա. Գասպարյանի` ինքնակամ կառույցը քանդելու պահանջի վերաբերյալ, դատարանը, բնականաբար, մերժել է: ՀՀ Վերաքննիչ դատարանը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը թողել է անփոփոխ, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը համարել է, որ վճռաբեկ բողոքը բողոքարկման ենթակա չէ: «Լավ, ի վերջո, էս երկրում պե՞տք է լինի մեկը, ով կպաշտպանի շարքային քաղաքացու իրավունքը, թե՞ փող ունեցողները կարող են ամեն ինչ անել: Ինչպե՞ս կարող ենք մեր օրինական հողատարածքի իրավունքը պահանջել եւ ապացուցել, որ այդ մարդը եկել, մեր տան մեջ ավտոտնակ է կառուցել, իսկ դատարանը պաշտպանել է նրան: Լավ, ինչքա՞ն պիտի դատավորները փողով վճիռ կայացնեն»,- ասում է Ա. Դեմիրճյանը: Վերջինս փորձել է արդարության հասնել գոնե ՀՀ Դատախազություն, ՀՀ Արդարադատության նախարարություն, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն ուղղած իր դիմում-բողոքներով, որտեղից պատասխանել են. «Ձեր ներկայացրած հարցը վիճարկել եք դատական ատյաններում, եւ գոյություն ունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»: Այդուհանդերձ, Ա. Գասպարյանը հասկանալով, որ հողատարածքի ձեռքբերման արդյունքում պետական կառույցներ ուղղած Ա. Դեմիրճյանի դիմում-բողոքները հեղինակազրկում են իրեն` այս անգամ փորձել է վախի եւ շանտաժի միջոցով լռեցնել նրանց: Հունիս ամսին նա դիմել է Արաբկիրի Ոստիկանություն՝ Ա. Դեմիրճյանի ամուսնու դեմ քրեական գործ հարուցելու մասին բողոքով: «Հունիս ամսին երեխաները բակում սովորականի պես խաղում էին, իսկ ես վատառողջ էի, տանը պառկած էի, ամուսնուս քույրն էլ էր տանը: Ուժեղ ձայն եկավ, ու հարեւանիս ձայնը լսեցի, թե` էս ի՞նչ եղավ, քանդվեց… Պատի քարերն էր քանդվել, բարեբախտաբար, երեխաների վրա չէր ընկել: Իր ավտոտնակը կառուցելիս նա մեր հին պատերի վրա տանիք էր դրել ու էդ պատի քարերն էր թափվել: Ա. Գասպարյանը գնացել, Ոստիկանությունում բողոքել է, թե՝ ամուսինս դիտմամբ էդ պատը քանդել է, այն դեպքում, երբ նա տանը չի եղել: Կան վկաներ` ամուսնուս քույրը, հարեւանները, ես եմ տանը եղել: Նախ՝ դա մեր կողմից կառուցված շատ հին պատ է, եւ հետո էլ՝ գույքին բան չի եղել, մեր պատից քարեր է թափվել»,- պատմում է Ա. Դեմիրճյանը` հավելելով, որ Ա. Գասպարյանի հրահանգով ամեն օր իրենց տուն են այցելում Ոստիկանության քննիչներ եւ ստիպում են ստորագրել մի թղթի տակ, որտեղ գրված է, իբր Ա. Դեմիրճյանի ամուսինը դիտմամբ վնաս է պատճառել իր գույքին: Ինչեւէ, Ա. Դեմիրճյանի խոսքով` Ա. Գասպարյանը ներկայումս օգտագործելով իրավապահ մարմինների իր լծակներն ու կապերը՝ հիմա էլ փորձում է իրենց «կրիմինալի» մեջ ներքաշել. «Արդեն հանգիստ ապրելն անհնար է: Ամեն օր կամ կանչում են, կամ էլ իրենք են գալիս, թե՝ ստորագրեք, որ դուք եք արել: Ստիպում են անել մի բան, որը չես արել: Հասկանո՞ւմ եք, էսպես ապրելն անհնար է: Ճնշումների, վախի միջոցով ուզում են գործ սարքել, ամուսնուս դատել ու ազատվել գլխացավանքից, ինչ է թե` բարձրաձայնում ենք նրա ապօրինի գործողությունների մասին: Ինչքա՞ն կարելի է. բավական չէ՝ եկավ, մեր տան մեջ հողի սեփականատեր դարձավ, հիմա էլ շառի մեջ է գցում, որ գործ հարուցեն: Ամբողջ օրը մեր իշխանավորներն օրենքի ու իրավունքի մասին են խոսում: Բայց փաստն այն է, որ օրենքն էլ, իրավունքն էլ` փողն է, իսկ մեր նման մարդկանց վրա բոլորն էլ թքած ունեն»:
Ի դեպ, Ա. Դեմիրճյանի հավաստմամբ` Ա. Գասպարյանը զբաղվում է «Berger» ներկերի ներկրմամբ եւ վաճառքով: