Ինչո՞ւ են հայերն արտագաղթում

07/10/2010

Հայաստանի բնակչության գրեթե կեսը (44%) ցանկանում է ժամանակավոր աշխատանք գտնել արտերկրում, իսկ 39%-ը՝ մշտական արտագաղթելու, նույնքան տոկոս էլ` արտերկրում կրթություն ստանալու ցանկություն են հայտնել: Մոտ երկու ամիս առաջ նման արդյունքներ էր հրապարակել հետազոտական Gallup ծառայությունը, ով ուսումնասիրություն է անցկացրել ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում ու Թուրքմենստանում: Հարցմանը մասնակցել էին 15 տարեկանից բարձր 13 հազար 200 մարդ: Հայրենասիրություն եւ արտագաղթ` հայերին բնորոշ երկու միմյանց հակասող երեւույթներ. այս մասին զրուցել ենք ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Հովհաննիսյանի հետ:

– Ըստ Ձեզ՝ մեր հասարակության ո՞ր շերտին է առավել բնորոշ արտագաղթը:

– Տարիներ առաջ արտագաղթն առավել բնորոշ էր նվազ նյութական, ֆինանսական պայմաններ ու հնարավորություններ ունեցող մարդկանց, ովքեր տարբեր (բոլոր հնարավոր) ձեւերով իրենց բախտն էին որոնում արտասահմանում: Ներկայումս, իմ դիտարկմամբ, նվազել է արտասահման մեկնող այն մարդկանց թիվը, ովքեր դիմում են այդ քայլին իրենց նյութական բարեկեցությունն ապահովելու համար: Մեր օրերում արտագաղթն առավել բնորոշ է հարուստ, ունեւոր խավին, ում ինչ-որ բան, կարծես թե, չի բավարարում իրենց երկրում:

– Խոսքը ավելիին ձգտելու մասի՞ն է:

– Առաջին հայացքից պատճառն ավելիին ձգտելու պահանջն է, սակայն իմ հոգեբանական վերլուծությունները ցույց են տալիս, որ այստեղ ավելի շատ նորի, քան շատի ձգտման խնդիրն է, դատարկության, ապագայի նկատմամբ անվստահության զգացման առկայությունը: Հաճախ մարդիկ, ովքեր իրենց երկրում նյութապես եւ ֆինանսապես բավականին ապահովված են` ունեն սեփական բիզնես, լավ աշխատանք, տներ, ավտոմեքենաներ, նախընտրում են ապրել այլ երկրներում: Իմ կողմից չի արվել գիտական հետազոտություն այն հարցի շուրջ, թե ի՞նչն է այս մարդկանց դրդում մեկնել արտերկիր, բայց այն, որ նրանք ձգտում են նորին, վերլուծությունն է ցույց տալիս, այսինքն` առկա է անբավարարվածության զգացում ոչ թե ունեցվածքի, ապրուստի, այլ ավելի բարձր` հոգեբանական մակարդակում:

– Որո՞նք են արտագաղթի հիմնական պատճառները, կարո՞ղ ենք արդյոք այն համարել մեր ազգային մտածելակերպի արդյունք:

– Արտագաղթի պատճառներն անկախ ազգային պատկանելությունից՝ միշտ էլ նույնն են եղել` ապրուստի որոնում, կարիերայի հարցում հեռանկարային հնարավորություններ եւ փախուստ ինչ-որ բանից: Այո՛, պատճառներից մեկը նաեւ մեր ազգային մտածելակերպն է` լինել ամենուր, ինչին նպաստում է նաեւ սփյուռքի առկայությունը` արտասահմանում ապրող ծանոթների, բարեկամների գոյությունը, ինչը նպաստող եւ ոգեւորող հանգամանք է:

– Արտագաղթը կարո՞ղ է արդյոք խոսել պակաս հայրենասեր լինելու մասին:

– Չեմ կարծում, թե 21-րդ դարում արտագաղթը խոսում է հայրենասեր չլինելու մասին: Եթե նախկինում հայրենիքի սահմաններում գտնվելու գործոնը շատ կարեւոր հանգամանք էր հայրենասեր համարվելու համար, ապա ժամանակակից հարաբերությունների, ինֆորմացիոն հագեցվածության դաշտում այս երեւույթը դիտարկելով` կարող ենք ասել, որ արտագաղթը հայրենասեր համարվելու ցուցանիշների շարքում վերջին տեղն է զբաղեցնում` մարդիկ, ովքեր գտնվում են դրսում, կարող են ծավալել հայրենասիրական շատ ավելի մեծ գործունեություն, քան նրանք, ովքեր դեռ շարունակում են ապրել ՀՀ-ում: Ինչ կենդանի ասես կարող է ապրել տվյալ երկրի տարածքում, դա ամենեւին չի խոսում հայրենասիրության մասին: Այսօր բոլորը մտածում են այն մասին, թե հայրենիքն ինչ է անում իրենց համար, փոխանակ մտածելու` իրենք ինչ լումա են ներդնում հայրենիքի զարգացման համար: Հայրենասիրության մասին խոսում են գործունեության արդյունքները: Իհարկե, հայրենասեր չլինելու գործոնը կարող է հանդիսանալ արտագաղթի պատճառ, բայց այն, որ արտագաղթը խոսում է մարդու` հայրենասեր չլինելու մասին, դա բացառում եմ:

– Ինչպե՞ս պայքարել այն թյուր կարծիքի դեմ, թե՝ «Մերը վատն է, ուրիշինը` լավը»:

– Մի կողմից՝ ասում ենք՝ «Ուրիշինը լավն է», մյուս կողմից` «Մերն ուրիշ է», բայց ինչ արտահայտություն էլ ասենք, «ուրիշ» բառը նրա մեջ արտահայտվում է: Ենթագիտակցական մակարդակում «ուրիշ» հասկացությունը օտարամոլության, նորին, օտարին ձգտելու կոմպոնենտներ է պարունակում: Ինչո՞ւ ենք ասում՝ մերն ուրիշ է, այլ ոչ՝ մերն ավելի լավն է: Մեր լեզվամտածողության մեջ «ուրիշ» բառը շատ լայն բովանդակություն ունի` պարունակում է եւ՛ դրական, եւ՛ բացասական (օտարության) էլեմենտներ, այս հակադրությունը խոսում է մեր ազգի մյուս առանձնահատկության` հակասականության եւ ներքին կոնֆլիկտայնության մասին: Ինչ վերաբերում է հայրենասիրությանը, ապա իմ խորին համոզմամբ՝ հայրենասիրությունը չի դաստիարակվում, այն բնատուր առանձնահատկություն է: Ժամանակակից հարաբերություններում մարդուն ստիպելը, պարտադրելը սիրել հենց այն երկիրը, որտեղ ապրում է, չի արդարացվում: Մարդը հայրենիքն իրենն է համարում այն ժամանակ, երբ դրա սահմաններում իրեն լավ եւ ապահով է զգում:

– Ինչպիսի՞ն է հայի դիմագիծն արտերկրում:

– Եթե նայենք մեր պատմությանը կամ գրականությանը, կտեսնենք, որ հայերին մեծամասամբ վերագրվում են դրական հատկանիշներ: Նույն պատկերը կարելի է տեսնել այսօր` հայերին ճանաչում են որպես հանճարեղ, տաղանդավոր մարդիկ արվեստի, մշակույթի տարբեր բնագավառներում: Բացասական կերպարներն ու իմիջներն առավելապես ստեղծված են ներքին ձեւով: Ավելի շուտ հայերն են իրենց անվանում, օրինակ, խաբող, կեղծող, քան ուրիշները, այսինքն` մեր մասին մեր կողմից ստեղծված կարծրատիպը վերագրում ենք ուրիշներին` կարծելով, թե դրանք ստեղծվել են հենց նրանց կողմից:

– Ազգային գաղափարախոսություն ունենալը կարո՞ղ է հանդիսանալ արտագաղթը նվազեցնող եւ ժողովրդին իր արմատների հետ կապող գործոն:

– Մարդուն իր ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցում է ինչ-որ բան կորցնելու, ինչ-որ բանից զրկվելու վախը` նյութական միջոցները, հարազատներին, հողը, սոցիալական դիրքը, եւ այլն: Սրանք այն կարեւոր գործոններն են, որոնց առկայությունը մարդուն կապում է տվյալ երկրի հետ: Սա հաշվի առնելով` հայրենասիրական գաղափարախոսության հիմքը պետք է հանդիսանա ինչ-որ բան կորցնելու վախի շեշտադրումը: Որքան շատ լինեն տվյալ կապերը, այնքան մեծ կլինի սեփական երկրում ապրել ցանկանալու հավանականությունը: Այս իմաստով արտագաղթը պայմանավորված է նաեւ սեփական երկրում վերոնշյալ կապերի խզմամբ եւ արտերկրում դրանք ստեղծելու ցանկությամբ: Բացի հայրենասիրական գաղափարախոսությունից, արտագաղթը նվազեցնող հզոր գործոն է նաեւ մարդու մեջ ապահովության, վստահության առկայությունը պետության, համաքաղաքացիների նկատմամբ:

Հարցազրույցը` Լիլիթ ՊԵՏԱՆՅԱՆԻ