Ե՛վ գովելի, եւ՛ հեգնական

07/10/2010

2008 թվականին Ալաբամայում գործող «Հարավային աղքատության իրավական կենտրոն» (SPLC) շահույթ չհետապնդող, քաղաքացիական իրավունքների կազմակերպությունը` «Ժխտման պետություն. Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանությունը քողարկելու համար» խորագիրը կրող մի հոդված էր հրապարակել: Սա մերկացումն էր Հայոց ցեղասպանության իրողության ժխտման համար Թուրքիայի կառավարության կողմից Միացյալ Նահանգների պետական գործիչների վրա ճնշում գործադրելու եւ ակադեմիականներին գրավելու հանգամանորեն մշակված եւ չարամիտ ջանքերի: Ըստ SPLC-ի հոդվածի, «Թուրքիան քաղաքական ճնշում է գործադրում եւ միլիոնավոր դոլարներ ծախսում Միացյալ Նահանգներում` Հայոց ցեղասպանությունը քողարկելու համար…. Ժխտող պատմաբանները, որոնք կասկածանքներ են հորինում Հայոց ցեղասպանության մասին …. վարձատրվում են Թուրքիայի կառավարության կողմից»: Այս ընդհանուր հայտարարություններից հետո, SPLC-ը հիշատակում է հատկապես Գյունտեր Լեւիին որպես «Թուրքիայի կառավարության կողմից ամեն տարի հարյուր-հազարավոր դոլարների ֆինանսավորում ստացող ամերիկացի ակադեմիականների, ազդեցության փերեզակների եւ կայքէջերի օպերատորների ցանցի առավել ակտիվ անդամի, որն աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտմանը….»: Լեւին Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության վաստակավոր պրոֆեսոր է եւ իր դասախոսություններում ու աշխատություններում Հայոց ցեղասպանությունը բնութագրում է որպես թուրքական «անճարակ կառավարման» հետեւանք, եւ ոչ թե նախապես ծրագրված զանգվածային բնաջնջում: Նա նմանատիպ հայտարարություն էր արել իր` «Հայերի ջարդերը Օսմանյան Թուրքիայում. վիճարկելի Ցեղասպանություն» վիճահարույց գրքում, որը 2005 թվականին հրատարակել էր Յուտայի համալսարանը: SPLC-ի հոդվածի հրապարակումից շատ չանցած, քաղաքացիական իրավունքների պաշտպանության այս խմբի դեմ, պրոֆեսոր Լեւիի անունից 8 միլիոն դոլարի զրպարտության հայց ներկայացրին փաստաբաններ Դեյվիդ Սոլցմանն ու Բրյուս Ֆայնը` Ամերիկայի թուրքական իրավական պաշտպանության հիմնադրամից (TALDF), որն ըստ TALDF-ի կայքի` «առատորեն աջակցություն է ստանում Ամերիկայի թուրքական կոալիցիայի կողմից»:

Մինչ ամերիկյան դատարանը կպատրաստվեր ճշտել այս մեղադրանքի իսկությունը, SPLC-ը համաձայնեց դատարանից դուրս գործը կարգավորել` հրապարակելով «հերքում եւ ներողություն» եւ խոստանալով վճարել չհայտարարված գումար պրոֆեսոր Լեւիին: Եթե SPLC-ի դատական գործը չկարգավորվեր, ապա TALDF-ը բարդ խնդրի առաջ կկանգներ` դատարանի առջեւ պետք է ապացուցեր, որ պրոֆեսոր Լեւիին զրպարտել են: Դատը շահելու համար, TALDF-ը պետք է փաստեր, որ SPLC-ն այդ մեղադրանքները ներկայացրել է «չարամիտ դիտավորությամբ» եւ «ճշմարտության բացարձակ անտեսմամբ»: Բացի այդ, TALDF-ի փաստաբանները պետք է ցույց տային, որ վաղուց թոշակի անցած 87-ամյա պրոֆեսորը իրական ֆինանսական կորուստներ է կրել, աշխատանքից ազատվել է, կամ նրա պայմանագիրը չեղյալ է հայտարարվել ուղղակի այդ հոդվածի հետեւանքով:

SPLC-ի կողմնակիցներից ոմանք զարմացել էին, որ SPLC-ն որոշեց կարգավորել դատական գործը, քանի որ քիչ հավանական էր, որ դատը չշահեր: Հավաստի աղբյուրներից տեղեկացել եմ, որ SPLC-ն դատական գործը կարգավորեց, որպեսզի նվազեցնի փաստաբանական վճարները, ինչպես նաեւ, ամենայն հավանականությամբ, պրոֆեսոր Լեւին համաձայնության է եկել շատ ավելի քիչ գումարով, քան 8 մլն դոլարը, որը նա նախապես պահանջում էր: Դատական գործը թողնելով հետեւում, SPLC-ը կարող է կրկին նվիրվել քաղաքացիական իրավունքների պաշտպանության իր առաքելությանը: SPLC-ն իր հրաժարագրում նշել էր. «Այժմ մենք գիտակցում ենք, որ սխալ ենք հասկացել պրոֆեսոր Լեւիի ուսումնասիրությունը, սխալ էր պնդել, թե նա մաս է կազմում թուրքական կառավարության կողմից ֆինանսավորվող ցանցի, ինչպես նաեւ՝ սխալ է ենթադրել, որ ցանկացած գիտնական, որը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը, անխուսափելիորեն ֆինանսական գործարքների մեջ է մտնում Թուրքիայի կառավարության հետ: Սույնով հրաժարվում ենք այն պնդումից, որ պրոֆեսոր Լեւին վարձատրվել կամ վարձատրվում է Թուրքիայի կառավարության կողմից…. Խորապես ցավում ենք մեր սխալների համար եւ անկեղծորեն հայցում ենք պրոֆեսոր Լեւիի ներողամտությունը»: Ի պատասխան կարգավորման դեմ արտահայտվող SPLC-ի կողմնակիցների բողոքների, կազմակերպության հանրային կապերի խոսնակ Փեննի Վիվերը հայտարարեց. «Սույն հարցի կարգավորումը չի նշանակում, որ մենք հավանություն ենք տալիս պարոն Լեւիի տեսակետներին կամ կողմ ենք նրան: Սակայն մենք գիտակցում ենք, որ սխալ ենք ներկայացրել նրա հայացքները եւ սխալմամբ ասել, որ նա դրամ է վերցնում Թուրքիայի կառավարությունից: Դա սխալմունք էր, որի համար ներողություն ենք խնդրում»: Հոդվածի բնագիրը, որի հետեւանքով այս դատն էր բացվել, դեռեւս տեղադրված է SPLC-ի կայքէջում:

Ավելորդ է ասել, որ որեւէ մեկին չպետք է զրպարտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելու համար, անկախ այն բանից, թե որքան սխալ կամ վիրավորական են դրանք: Եթե կոնկրետ փաստ չունենք մեր ձեռքին, չի կարելի ենթադրել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աղավաղված հայտարարություններ կատարողներն անպայմանորեն թուրքերից փող են ստանում, կամ նրանք Թուրքիայի կառավարության գործակալներ են:

Ե՛վ գովելի, եւ՛ հեգնական է, որ թուրքական շահերի խմբի փաստաբանները պատրաստ են բազմամիլիոն դոլարների հայց ներկայացնել Միացյալ Նահանգներում` իբր իրենց պաշտպանյալի քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար: Սակայն, Թուրքիայում յուրաքանչյուր ոք, ով հանդգնում է խոսել Հայոց ցեղասպանության մասին, վտանգի է ենթարկվում ճշմարտությունն ասելու համար` մեղադրվելով եւ մի քանի տարով հայտնվելով բանտում` ըստ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ խայտառակ հոդվածի, որն արգելում է «վիրավորել թուրքականությունը»: Եթե TALDF-ը իրոք շահագրգռված է քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ, պետք է իր հսկայական միջոցները հատկացնի 301-րդ հոդվածի վերացման համար, որը զգալիորեն կնվազեցնի առատաձեռն դոնորների ֆինանսական օժանդակությունն, ու իր գործունեությունը կկասեցվի:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր