«Ցավալի է, որ Հայաստանը չի մասնակցում տարածաշրջանային նախագծերին»,- Ստամբուլում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրասիայի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը: «ԱՄՆ-ը աջակցում է «Հարավային միջանցքին»: Nabucco խողովակաշարն այնպիսի նախագիծ է, որին կարելի է նախապատվություն տալ ռազմավարական եւ քաղաքական տեսանկյունից: «Հարավային միջանցքի» նախագծերը կմրցե՞ն, թե՞ կլրացնեն միմյանց, ցույց կտա ժամանակը,- ասել է նա` ավելացնելով,- ԱՄՆ-ը Nabucco-ի ակտիվ կողմնակիցն է եղել, որը նախատեսում է գազը Թուրքիայի տարածքով հասցնել Ավստրիա եւ որը տարեկան 31 մլրդ խմ գազ կառաքի Եվրոպա: Ինձ համար Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը երազի նման էր: Հիմա էլ Nabucco-ն է երազ: Շատ երկրներ են մասնակցում այդ նախագծին»: Նա հերքել է կարծիքը, թե հակադրություն կա Թուրքիայի կառավարությունում Nabucco-ին եւ «Հարավային հոսքին» մասնակցության առումով: Մորնինգսթարը նաեւ հավելել է, որ «ԱՄՆ-ը չի անհանգստանում Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ էներգետիկ ոլորտում ակտիվացող համագործակցությունից»: «Hurriyet»-ի հարցին ի պատասխան, թե «Հայաստան-Թուրքիա հաշտեցման գործընթացի հաջող ավարտի եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման դեպքում, Հայաստանը կարո՞ղ է ներգրավվել տարածաշրջանային նախագծերին», Մորնինգսթարը հայտարարել է. «Շատ ցավալի է, որ ՀՀ-ն ներգրավված չէ նախագծերում: Կարծում եմ, որ խնդիրների կարգավորումից հետո Հայաստանը կմասնակցի տարածաշրջանային էներգետիկ եւ տնտեսական նախագծերին: Դա բխում է բոլոր երկրների շահերից»: Անդրադառնալով Թուրքիայում եւ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանների պաշտոններում Բարաք Օբամայի կողմից ներկայացված թեկնածությունների հաստատման գործընթացի ձգձգմանը` նա հայտարարել է, որ դա որեւէ կերպ չի կարող ազդել ԱՄՆ-ի էներգետիկ քաղաքականության վրա: «Այդ երկու թեկնածությունների (Ֆրենսիս Ռիկարդոնե եւ Մեթյու Բրայզա) հաստատումը մեծ նշանակություն ունի: Երկուսն էլ շատ ուժեղ եւ լավ թեկնածուներ են: Հուսով եմ` նրանց երկուսի թեկնածություններն էլ շատ կարճ ժամանակահատվածում կհաստատվեն»,- ասել է Մորնինգսթարը: