Մեկնարկել է

05/10/2010

Երեկ մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Փաստահավաք առաքելությունը ԼՂ-ին հարող 7 շրջաններում: 10 օր շարունակ միջնորդները` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների ուղեկցությամբ, կծանոթանան ու կգնահատեն տեղում ստեղծված մարդասիրական իրավիճակը: ԼՂ-ն տվել է իր համաձայնությունը, սակայն` պայմանով, որ նույնպիսի առաքելություն իրականացվի նաեւ «Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու այն հատվածներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Մենք սպասում ենք, ակնկալում ենք, որ լինելու է նաեւ նմանատիպ առաքելություն այնտեղ»,- նշել էր նա: «Ստեփանակերտը նաեւ հույս ունի, որ այս առաքելության արդյունքում միջնորդներն ու միջազգային հանրությունը կհամոզվեն, որ այդ տարածքները բնակչության կողմից ընկալվում են որպես ԼՂ-ի անբաժանելի մաս, եւ ըստ այդմ` փոփոխություններ կմտցնեն հակամարտության կարգավորման այս կամ այն դրույթում»: «Թող գան ու տեսնեն, որ այդ տարածքները մեր տարածքներն են, եւ այնտեղ կյանքը շարունակվում է` կառուցվում են տարբեր ենթակառուցվածքներ, շենքեր, արտադրական օբյեկտներ եւ այլն` ինչպես ամեն տեղ Արցախով մեկ: Այստեղ ես որեւէ վտանգ չեմ տեսնում»,- հավելել է նա: Առաքելությունից տրամագծորեն հակառակ ակնկալիքներն ունեն Ադրբեջանում: «Բաքուն մշտապես հայտարարել է, որ գրավյալ տարածքներում վերահսկողության պակաս կա, եւ որ ՀՀ-ն ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ու մշակութային ժառանգությունը այդ տարածքներում: Միջնորդների այս առաքելությունը կարեւոր դեր կխաղա ճշմարտության բացահայտման եւ ողջ աշխարհով մեկ տարածման գործում, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ դրան մասնակցում են ՄԱԿ-ի նման հեղինակավոր կազմակերպության ներկայացուցիչները»,- «Թրենդի» հաղորդմամբ` հայտարարել է «ԼՂ-ի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովը: