Էս ծառն իմն է…

05/10/2010

Լուսանկարում պատկերված է ՀՀ Աժ պատգամավոր, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդու` Վահե Հակոբյանի` Երեւանի Զեյթուն վարչական շրջանում կառուցվող եռահարկ առանձնատունը: Այն, որ պատգամավորներն ու «էլիտայի» մնացած ներկայացուցիչները առանձնատներ են կառուցում, վաղուց արդեն նորություն չէ եւ դարձել է մեր հանրային կյանքի սովորական ատրիբուտը, ինչին համակերպվել են նաեւ «շարքային» քաղաքացիները: Սակայն երբեմն «ընտրյալներն» այնպիսի մանր միջոցների են դիմում իրենց շքեղություններին հասնելու համար, որ ոչ միայն զայրույթ, այլեւ զարմանք է առաջացնում: Օրինակ, Վ. Հակոբյանն իր այս եռահարկ առանձնատունը կառուցում է հարեւան տան բնակիչների հաշվին` այն իմաստով, որ պատուհաններ է բացել դեպի հարեւան տուն նայող ուղղությամբ` անուղղակիորեն մուտք գործելով այդ տան բնակիչների կենցաղ: Ընդ որում, ժամանակին Երեւանի քաղաքապետարանի կողմից տան կառուցապատման համար տրամադրված փաստաթղթերում սեւով սպիտակի վրա գրված է, որ Հակոբյանի տան այդ հատվածը պետք է լինի առանց բացվածքների, այսինքն` պատուհանների: Մեր թղթակցի հետ զրույցում երիտասարդ պատգամավորն ասել է. «Տո քաղաքապետարանը ի՞նչ ա, քաղաքապետարանը… կարամ էդպիսի մի հարյուր հատ թուղթ էլ ես ցույց տամ….»: Նա նաեւ այնքան մեծահոգի է գտնվել, որ իր հարեւան տատիկին հորդորել է առանձնատան շինարարության օրինականությունը վիճարկել դատարանում: Ավելորդ է նշել, չէ՞, թե ինչ կհետեւի, ասենք, այդ դեպքում: «Տո դատարանն ի՞նչ ա … կարամ էդպիսի մի հարյուր հատ թուղթ էլ ես ցույց տամ….»,- վկայակոչելով դատարանի վճիռը, երեւի, կասի երիտասարդ օրենսդիրը: Սա, ցավոք, եզակի դեպք չէ եւ շատ բնորոշ է մեր ժամանակներին: Պարզապես իշխանական «էլիտայի» մոտ արմատավորված սովորույթները գնալով կարծես «կատարելագործվում» են: Ժամանակ առ ժամանակ այդ խավի ներկայացուցիչները իրար հետ մրցում են, ասենք, շքեղ ավտոմեքնենաներ, առանձնատներ, խոշոր բիզնեսներ, այս կամ այն «դեմքի հետ» հարաբերություններ ունենալու եւ բազմաթիվ երեւակայելի ու աներեւակայելի հարցերում: Երեւի դա նորմալ է: Բայց նրանց մոտ կարծես նաեւ սովորության նման մի բան է դառնում` այդ շքեղություններին հասնել «հասարակ մահկանացուների» շահերը ոտնահարելով: