«Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում` անվտանգության ինչ համակարգ ընտրի»,- երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հրավիրված համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն` անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, թե ինքն ասել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը վտանգավոր է ոչ միայն Ադրբեջանի եւ Վրաստանի համար, այլեւ սպառնում է Հայաստանի անկախությանը եւ ողջ տարածաշրջանին: «Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի այդ գործին միջամտել: Ասեմ նաեւ, որ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, կայունության վերաբերյալ երբեք մեկնաբանություն չեմ արել»,- ասել է նա: Միաժամանակ, նա նշել է, որ Վրաստանն էլ ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի հայտարարություններ անել տարածաշրջանում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ: Ըստ Վաշաձեի, ռազմաբազաները սպառնալիք են Վրաստանի անվտանգության համար: Նա հիշեցրել է, որ 1921թ. մեկ տարվա ընթացքում Հայաստանը, Վրաստանն եւ Ադրբեջանը կորցրեցին իրենց անկախությունը: Ասուլիսի ընթացքում անդրադարձել է եղել նաեւ «Վերին Լարս» անցակետի շուրջ ծավալվող իրադարձություններին: Հիշեցնենք, որ վերջին 10 օրվա ընթացքում «Վերին Լարս» անցակետը մի քանի անգամ բացվել եւ փակվել է, ինչը հանգեցրել է հերթերի առաջացման: «Այսօր մենք քննարկել ենք այդ հարցը, բացատրություն է տրվել, որ դա տեխնիկական պատճառներով է»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ավելացնելով, որ անցակետը բաց է կամ կբացվի մոտակա ժամերի ընթացքում: Երեկ առավոտյան կայացած հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է այդ հարցը: «Ես անմիջապես զանգահարեցի Թբիլիսի: Այս պահին կարող եմ ձեզ ասել, որ անցակետը լիարժեք գործում է, եւ Թբիլիսիից չի եղել որեւէ գրավոր կամ բանավոր կարգադրություն այն փակելու վերաբերյալ: Եթե տեխնիկական խնդիր կա, մենք այդ մասին անմիջապես կտեղեկանանք, սակայն անցակետը բաց է, եւ հավատացեք, որ քիչ հետո ես հաճույքով ձեզ կտեղեկացնեմ, որ առաջին ավտոմեքենան հատել է սահմանը»,- շարունակելով Նալբանդյանի միտքը` ասել է Վաշաձեն: Իր հերթին՝ Նալբանդյանը հայտարարել է, թե Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով: Վաշաձեն էլ ասել է, որ հայ-վրացական հարաբերությունները ավելի լավ մակարդակի վրա չեն եղել, քան այսօր: «Երկրների միջեւ կան չլուծված հարցեր, որոնք, սակայն, չեն դառնում խնդիր,- նշել է նա` ավելացնելով,- Մենք քրտնաջան աշխատում ենք եւ ցանկանում ենք բարելավել մեր հարաբերությունները»: