Փոփոխություններ ՊՆ-ում

05/10/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրերով Վլադիմիր Գասպարյանն ազատվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում: Ս. Սարգսյանի` նույն օրվա մեկ այլ հրամանագրով Պաշտպանության նախարարի թվով չորրորդ տեղակալ է նշանակվել Դավիթ Տոնոյանը:

Վ.Գասպարյանի այս նշանակումն ինչ-որ առումով սպասելի էր, որովհետեւ վերջին մեկ-երկու տարիներին անընդհատ խոսակցություններ էին շրջանառվում, թե նա ազատվելու է ՌՈ պետի պաշտոնից, որը զբաղեցնում է ավելի քան մեկ տասնամյակ` 1997թ.: Նա այդ պաշտոնում է նշանակվել դեռեւս Վազգեն Սարգսյանի` Պաշտպանության նախարար եղած տարիներին:

Իշխանական շրջանակներում ու հատկապես Պաշտպանության նախարարությունում բազմաթիվ վարկածներ են շրջանառվում այս նշանակումների շուրջ: Առաջին հայացքից թվում է, թե Վ.Գասպարյանին ավելի բարձր պաշտոնում են նշանակել` վարչության պետից նա դարձել է նախարարի տեղակալ: Սակայն մյուս կողմից՝ այս նշանակումը կարող է դե յուրե բարձրացում լինել, իսկ դե ֆակտո հանդիսանալ լիազորությունների ու հնարավորությունների խիստ սահմանափակում: Ռազմական ոստիկանությունում նա մի ամբողջ կառույցի ղեկավար էր եւ այդ առումով բավական ինքնուրույն էր ու որոշակի հնարավորություններ ուներ: Իսկ նախարարի տեղակալ լինելը, որքան էլ հնչեղ լինի, կարգավիճակի առումով, նույնքան էլ կարող է զրկել իրական լծակներից: Այնպես, ինչպես դա տեղի ունեցավ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեպքում: Վերջինս նույնպես իր այդ պաշտոնում բավական մեծ նշանակություն ունեցող պաշտոնյա էր, բայց երբ նշանակեցին գլխավոր դատախազի տեղակալ, նրա հնարավորություններն ու լիազորությունները կրճատվեցին: Պաշտոնական հաղորդագրության մեջ այդ տեղեկատվությունը աղքատիկ էր եւ նշված չէր, թե Վ.Գասպարյանին ո՞ր գծով են նշանակում տեղակալ, նա նախարարության կամ բանակի ո՞ր ոլորտն է համակարգելու: ՊՆ Տեղեկատվության վարչությունից Մուշեղ Աղեկյանը երեկ չպատասխանեց մեր այդ հարցին: Նախարարությունում տարբեր եւ հակասական խոսակցություններ են շրջանառվում, այդ թվում՝ այն, որ Վ.Գասպարյանը նշանակվել է հատուկ իր համար ստեղծված հաստիքում` ՊՆ իրավական հարցերը համակարգող տեղակալի պաշտոնում: Ըստ նույն ոչ պաշտոնական տեղեկությունների, նրա լիազորությունների շրջանակում են լինելու նույն Ռազմական ոստիկանությունը, ՊՆ հատուկ քննչական ծառայությունը: Վ.Գասպարյանը պետք է լիազորություններ ունենա նաեւ Զինդատախազության հետ առնչվող հարցերում: Եթե իսկապես նշանակումն այս նպատակն է հետապնդում, ուրեմն Վ. Գասպարյանի դիրքերը ավելի ամրապնդվելու են:

Հատկապես 2008թ. նախագահական ընտրություններից հետո, Մարտի 1-ի իրադարձություններում ներդրում ունեցած գրեթե բոլոր պաշտոնյաներին նոր ու ավելի բարձր պաշտոններ են տրվել: Վ.Գասպարյանը դեռ չէր արժանացել այդ վերաբերմունքին: Եվ վերջին երկու տարիներին հաճախակի էին նաեւ խոսակցությունները, թե Վ.Գասպարյանին նշանակելու էին ՀՀ ոստիկանապետի պաշտոնում: Իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ նրա հարաբերությունները գործող ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ բավական լարված են, եւ այս նշանակմամբ այդ հարցը եւս լուծվում է: Հիմա արդեն հետաքրքիր է, թե ում են նշանակելու ՌՈ պետի պաշտոնում: Մեր տեղեկություններով՝ ՌՈ պետի պաշտոնում Վ. Գասպարյանին կարող է փոխարինել նրա տեղակալը` Հայկ Ստեփանյանը: Շրջանառվում է նաեւ ՌՈ Կոտայքի մարզային կայազորի ղեկավար Ռոմիկ Մկրտումյանի անունը: Ռ.Մկրտումյանին ՌՈ պետ նշանակելու մասին խոսակցություններն էլ շրջանառվել են ամիսներ առաջ: Այդ խոսակցություններին չէր խանգարում նույնիսկ այն հանգամանքը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ անցկացված ատեստացիայի արդյունքում Ռ.Մկրտումյանը «անբավարար» գնահատականի է արժանացել:

Իսկ Դ. Տոնոյանի նշանակումը` պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, գնահատվում է որպես ՆԱՏՕ-ին ուղղված ժեստ: Վերջինս ՀՀ ներկայացուցիչն էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում, որից հետո նա, մինչեւ նոր նշանակումը, զբաղեցրել է ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետի պաշտոնը: Իսկ ՀՀ-ն բավականին մեծ փոփոխություններ է իրականացնում` ՊՆ-ն ու բանակը որոշակիորեն համապատասխանեցնելով ՆԱՏՕ-ի չափանիշներին: Եվ չի բացառվում, որ Դ.Տոնոյանի նշանակմամբ իշխանությունները ցանկանում են հավասարակշռել իրավիճակը մասնավորապես Գյումրիում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը երկարաձգելուց հետո:

Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ սա միակ նշանակումը կամ, ավելի շուտ, իրադարձությունը չէ ՊՆ-ում: Ըստ որոշ տեղեկությունների, սա դեռ սկիզբն է, որին հետեւելու են որոշ փոփոխություններ: Համառ են այն տեղեկությունները, թե շուտով պաշտոնից կազատվի նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Բանն այն է, որ վերջինիս ազատումը կամ նշանակումը այնքան էլ ՀՀ իշխանությունների մենաշնորհը չէ: ՊՆ-ում եւ ընդհանրապես ուժային կառույցներում ղեկավար նշանակելիս ՀՀ իշխանությունները պետք է նաեւ ստանան Ռուսաստանի համաձայնությունը: Իսկ Խաչատուրովը համարվում է Ռուսաստանի մարդը: Ասում են, որ Խաչատուրովի փոխարեն ԳՇ պետ կարող է նշանակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Իսկ վերջինիս փոխարեն հնարավոր է Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակվի ՀՀ ներքին զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանը: Ավելացնենք նաեւ, որ այս օրերին ներքաղաքական կուլիսներում խոսվում է նաեւ գրեթե բոլոր ոլորտներում կադրային փոփոխությունների մասին: