Այն, որ մեր տնտեսությունը զարգանում է տարերայնորեն, թերեւս ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Կատարվում են ինչ-որ իրադարձություններ, որոնց արդյունքում մեր տնտեսական ցուցանիշներն ինչ-որ կոնկրետ տեսք են ստանում։ Իսկ այդ ամենից հետո մեր կառավարությունը, ի պատիվ իրեն, կարողանում է վեր կենալ ու ապացուցել, որ իրենք հենց այդպես էլ կանխատեսում էին, եւ որ ճիշտը հենց զարգացման ա՛յս սցենարն էր։
Օրինակ՝ նախորդ տարվա համար կանխատեսվել էր 9.2% տնտեսական աճ, սակայն ունեցանք 14.2% անկում։ Հետո կանխատեսողները «խրատվեցին». 2010թ. համար կանխատեսեցին 1.2% աճ, սակայն առաջին 5 ամիսների տվյալներով աճը կազմեց 8.8%։ Այս ցուցանիշից ոգեւորված՝ փոքր-ինչ ավելի լավատես դարձան, ընթացիկ տարվա համար սկսեցին կանխատեսել 4-6% աճ։ Իսկ այսօր, երբ քննարկվում է գալիք տարվա բյուջեն, ասում են, որ տարին կփակենք 2.7% տնտեսական աճով։ Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս ասել է. «Կանխատեսումները եռամսյակը մեկ փոփոխվում են` համաշխարհային տնտեսության, ըստ գոտիների, առանձին երկրների, քանի որ ճգնաժամի պայմաններում նախկին տարիների օրինաչափությունները չեն դրսեւորվում, իսկ կանխատեսումներ կատարելը բավականին բարդ է»։ Հետո ավելացրել է, որ եթե գյուղատնտեսության անկումը չլիներ, տնտեսական աճն ավելի մեծ կլիներ։ Գյուղատնտեսությանը դեռ կանդրադառնանք։ Իշխանական գործիչների հիմնական արգումենտը մոտավորապես հնչում է այսպես. ճիշտ է, տնտեսական աճը մեծ չէ, եւ կան ճյուղեր, որտեղ անկում է արձանագրվել անգամ ճգնաժամային տարվա համեմատ, սակայն փոխարենը ունենք արդյունաբերության ոլորտի աճ։ Արդյունքում՝ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացվում է։ Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի։ Ճգնաժամի պատճառով (կամ շնորհիվ) մեր տնտեսությունը, կառուցվածքի առումով, գերակատարել է իր պլանը։ Գերակատարել է՝ ոչ ավել, ոչ պակաս, 10 տարվա կտրվածքով։ Այսպես, չնայած անգամ վարչապետը խոստովանում է, որ կանխատեսումներ անելը դժվարին գործ է, եւ հարկ է լինում եռամսյակը մեկ վերանայել դրանք, սակայն մեր տնտեսագիտական մտքի գիգանտները դեռ 2008-ին հաստատել էին, այսպես կոչված, կայուն զարգացման ծրագիրը՝ տնտեսության ոլորտների ցուցանիշների կանխատեսումներով մինչեւ 2021թ.։ Ըստ դրա, 2021թ. մեր ՀՆԱ-ի առյուծի բաժինը՝ 43.9%-ը, պետք է բաժին ընկներ ծառայությունների ոլորտին։ Գյուղատնտեսության բաժինը պետք է լիներ 10.5%, շինարարության տեսակարար կշիռը պետք է նվազեր մինչեւ 16.4%-ի, իսկ արդյունաբերությունը պետք է հասներ 19.7%-ի (աղյուսակ 1)։ Աղյուսակում ներկայացված է մեր տնտեսության տեսլականը։ Ծրագիրը հաստատվել է 2008թ. հոկտեմբերին, երբ աշխարհն արդեն խոսում էր ճգնաժամի մասին։ Սակայն մերոնք այն ժամանակ դեռ համոզված էին, որ ճգնաժամը մեզ վրա չի ազդելու, եւ գծագրել էին մեր տնտեսության ապագան։ Հետո ի հեճուկս նրանց եկավ ճգնաժամը եւ ճշգրտումներ մտցրեց թվերի մեջ։ 2009թ. արդյունաբերությունը 6% աճելու փոխարեն անկում ապրեց 7.8%-ով, գյուղատնտեսությունը 4.4% աճի փոխարեն արձանագրեց 0.1% անկում, շինարարությունը 12% աճելու փոխարեն նվազեց 36.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտը աճեց ընդամենը 1.3%-ով։ Սակայն տնտեսական կառուցվածքի ճշգրտումը սրանով չավարտվեց. 2010թ. առաջին 8 ամիսների տվյալներով՝ այդ պրոցեսը դեռ շարունակվում է։ Արդյունաբերությունը նախատեսվածից ավելի շատ է աճել՝ 11.5%, գյուղատնտեսության անկումն ավելի է խորացել՝ 18%, շինարարության ոլորտը ճգնաժամային տարվա համեմատ նվազել է 2.4%-ով։ Նախատեսվածին մոտ աճ արձանագրել է միայն ծառայությունների ոլորտը. 7.2%։ Արդյունքում, մեր տնտեսության կառուցվածքը, մանավանդ արդյունաբերության մասով, գերազանցեց 2021թ. սպասելիքները (աղյուսակ 2)։ Այսպես, արդյունաբերության ոլորտը, եթե 10 տարի անց միայն պիտի կազմեր մեր ՀՆԱ-ի 19.7%-ը, այսօր արդեն գերազանցում է 24 տոկոսը։ Շինարարությունը, որի բացասական էֆեկտը վառ դրսեւորվեց ճգնաժամի ընթացքում, 2021թ. պետք է նվազեր մինչեւ ՀՆԱ-ի 16.4%։ Սակայն այսօր արդեն այս ոլորտը կազմում է ավելի քիչ, քան ՀՆԱ-ի 14%-ը։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա, չնայած այն այս տարի 12% անկում է ապրել բնակլիմայական պայմանների պատճառով, սակայն ընդհանուր «տեսլականում» լիովին տեղավորվում է մեր նպատակների մեջ։ Շեղումը կայուն զարգացման ծրագրից շատ քիչ է՝ ՀՆԱ-ի 14.3%-ը՝ 14.8%-ի փոխարեն։ Մի խոսքով, չնայած վայրիվերումներին, մեր տնտեսությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ դեպի արդյունաբերություն։ Ճիշտ է՝ այդ ամենը տեղի է ունենում ոչ թե առանձին ճյուղերի սրընթաց զարգացման, այլ որոշ «անցանկալի» ճյուղերի անկման արդյունքում, սակայն կարեւորը վերջնական արդյունքն է՝ թվերի տեսքով։ Անհասկանալի է մնում միայն այն, թե ինչ իմաստ ունի տարբեր ծրագրեր ու հայեցակարգեր կազմել, այդքան հաշվարկներ անել ու ժամանակ վատնել, եթե, միեւնույն է, ամեն ինչ ստացվում է ինքն իրեն, առանց հատուկ ջանքերի։
Աղյուսակ 1. Տնտեսության ոլորտների զարգացման հիմնական ցուցանիշների կանխատեսում: Աճը նախորդ տարվա նկատմամբ, %
Աղբյուրը՝ ՀՀ կայուն զարգացման ծրագիր, 2008թ.
Աղյուսակ 2. Տնտեսության ճյուղային կառուցվածքը: % ՀՆԱ-ի նկատմամբ