Դատապարտել է

05/10/2010

Մայր Աթոռը Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում «քաղաքական սադրանք» է որակել Անիի Մայր տաճարում թուրք ազգայնականների կողմից նամազի անցկացումը: «Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ հոկտեմբերի 1-ին «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից նամազ է կազմակերպվել Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարում»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Դա փորձ է ժխտելու հայկական պատկանելությունը Անիի Մայր տաճարի, որ աղոթազրկվել է Հայոց ցեղասպանության հետեւանքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այսօրինակ գործողությունները, որոնք սերմանում են անհանդուրժողություն եւ հայատյացություն: Բացարձակապես անընդունելի է նաեւ քրիստոնեական սրբավայրի տրամադրումը նամազի համար` այն դեպքում, երբ հետեւողականորեն արգելվում է քրիստոնեական ժառանգության իրավատերերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում: Այսպիսով, թուրքական իշխանությունները շարունակում են իրենց քայլերը` ուղղված հայկական հիշատակների ոչնչացմանը եւ հայոց պատմական սրբավայրերի ու մշակութային արժեքների յուրացմանը»,- հավելել է Մայր Աթոռը` ընդգծելով, որ թուրք ազգայնականների այս քայլը «որեւէ առնչություն չունի հոգեւոր-բարեպաշտական զգացումների եւ կրոնական ազատության ու իրավունքների հետ»: «Սույն քայլով Թուրքիան վերստին ի դերեւ է հանում Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը` ի նպաստ հայ-թուրքական երկխոսության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման»: