Ընդդեմ «էլիտարացման» եւ «կլանայնացման»

05/10/2010

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում կայացած հանրային լսումների ժամանակ հայտարարվեց ՀՀ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հրաժարվելու եւ օտարալեզու դպրոցների բացումը միայն «Հանրակրթության մասին» օրենքով կարգավորելու` կոալիցիայի որոշման մասին, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում եւ սփյուռքում ծավալված աննախադեպ հասարակական ընդվզումը եւ յուրատեսակ շարժման վերածված դիմադրությունն ուղղված են եղել ոչ թե այս կամ այն օրինագծի, այլ կոնկրետ օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարի ու ծրագրի դեմ: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն չկատարելու պարագայում ցանկացած հանրակրթական հաստատության գործունեություն, որը դասավանդումն իրականացնում է օտար լեզվով, լինելու է հակաօրինական, քանի որ հակասելու է վերհիշյալ օրենքի հոդված 2-ին, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է», եւ ըստ նույն օրենքի` բացառություն կարող է լինել միայն ազգային փոքրամասնությունների ու ոչ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար: Ի դեպ, սրա մասին ամիսներ շարունակ հայտարարել են թե վարչապետ Սարգսյանը, թե նախարար Աշոտյանը` վկայակոչելով կառավարության իրավաբանների կարծիքը, ում մասնագիտական կարողություններին կասկածելու որեւէ հիմք չունենք: Այժմ, հայտարարելով, թե «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, նախագծի հեղինակները պարտավոր են առնվազն մատնանշել այն իրավական հիմքերը եւ հիմնավորումները, որոնք թույլ են տալիս խուսափել օրենսդրական հակասություններից, ինչը չի արվում»:

Ըստ հայտարարության հեղինակների` նույն հիմնավորմամբ «Լեզվի մասին» օրենքին հակասող է պետք ճանաչել կառավարության կողմից ԱԺ ներկայացված` «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի` «Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ՝ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»: «Մասնավոր դպրոցներից մեկի տնօրենի եւ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի բանավոր հղումը «Հանրակրթության մասին» օրենքի հոդված 6-ի կետ 5-ին` որպես ավագ դասարաններում որոշ առարկաներ օտար լեզվով դասավանդելու հիմքի, բացարձակ անհեթեթություն է, քանի որ նշված կետը սահմանում է ընդամենը «ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակիե տոկոսը եւ որեւէ հնարավորություն չի տալիս պարտադիր ժամաքանակի» դուրս դասաժամերն անցկացնել օտար լեզվով, ինչը նույնպես կհակասեր «Լեզվի մասինե օրենքին»,- նշվում է հայտարարությունում: Ըստ նախաձեռնության, վերոհիշյալ դրույթներից պարզ է դառնում, որ Հայաստանում արդեն գործող այն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որտեղ ՀՀ` ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չհանդիսացող քաղաքացիների համար դասավանդումը կազմակերպվում է օտար լեզվով, հակաօրինական են՝ անկախ նրանից, որ նրանք չեն տրամադրում ՀՀ պետական նմուշի ավարտական վկայական. «Լեզվի մասին» օրենքն այդպիսի բացառություն չի ենթադրում, եւ դրանք պետք է փակվեն կամ իրենց գործունեությունն անհապաղ համապատասխանեցնեն ՀՀ օրենսդրությանը: «Ազգային ինքնությունը, լեզուն, ժառանգականությունը պահպանելու, ձուլման եւ հեռացման հերթական ռիսկերից խուսափելու, իսկ մյուս կողմից` միջազգային համագործակցությունը, սերունդների դաստիարակման գործում փորձի փոխանակումը չսահմանափակելու, կրթության հարցերում ճկուն, արագ արձագանքող եւ մրցունակ լինելու» (ԱԺ նախագահի ելույթի անուղղակի մեջբերում) միակ եւ բոլորի կողմից ընդունելի ճանապարհը կարող է լինել միայն միջազգային կրթական ծրագրերի տեղայնացումը եւ բացառապես հայոց լեզվով դրանց մատուցումը: Ընդ որում, մի քանի փորձարարական եւ նորարարական դպրոցներում հաջողություններ արձանագրելու պարագայում ՀՀ կառավարությունը պարտավոր է այդ փորձը տարածել նաեւ Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների վրա` այդպիսով բարձրացնելով ամբողջ հանրակրթության մրցունակության մակարդակը եւ խուսափելով որակյալ դպրոցական կրթության «էլիտարացումից» եւ «կլանայնացումից»»,- կարծում են հայտարարության հեղինակները: Նախաձեռնությունը Հայաստանում բարձրակարգ կրթությամբ մտահոգ բոլոր անհատներին ու կազմակերպություններին (ներառյալ` կուսակցություններին եւ բիզնեսի ներկայացուցիչներին) եւ առաջին հերթին` դրա համար պատասխանատվություն կրող պետական մարմիններին կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել միջազգային կրթական ծրագրերի (մասնավորապես, միջազգային բակալավրիատի) տեղայնացման, ինչպես նաեւ ուսուցիչների պատշաճ վերապատրաստման ուղղությամբ: Մինչ այդ հարկավոր է շրջանառությունից հանել օտարալեզու դպրոցներ բացելու բոլոր տեսակի մասնավոր եւ կառավարական նախագծերը եւ ստեղծել հատուկ հանձնաժողով` ազգային կրթության մրցունակության բարձրացման ռազմավարությունը մշակելու եւ իրականացնելու համար: «Պատրաստ ենք մեր ողջ ներուժը (գիտելիքներ, կազմակերպչական հնարավորություններ, հանրային լայն աջակցություն եւ այլն) ներդնել սույն գործի իրականացման համար»: