Ադրբեջանական «Զերկալո» թերթը մեկնաբանելով Թուրքիայի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, գրել է, որ ազատությունների մակարդակով Թուրքիան գնալով ավելի է նմանվում Ադրբեջանին: Ըստ հոդվածի հեղինակի` Սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվեից անմիջապես հետո, ինչպես եւ կանխատեսել էին որոշ փորձագետներ, Թուրքիայում սկսվել է իշխող կուսակցության ընդդիմախոսների ձերբակալությունների շարք: Հասարակական մեծ հնչեղություն է առաջացրել հատկապես Ստամբուլի ոստիկանության նախկին ղեկավարի` Հանեֆի Ավչըի ձերբակալությունը, ով ժամանակին ղեկավարում էր հակաահաբեկչական միջոցառումները քրդերով բնակեցված շրջաններում:
Ըստ «Զերկալոյի», իրավիճակի հակասականությունն այն է, որ հատուկ ծառայությունների գծով փորձառու, ահաբեկչության դեմ պայքարում մեծ ներդրում ունեցած թուրք նախկին պաշտոնյային մեղադրում են ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ: Պարբերականի թղթակիցը նկատում է, որ Ավչըն առհասարակ համարվել է որպես համոզված իսլամիստ, այսինքն, իշխող կուսակցության կողմնակից: «Անկեղծ ասած, այդ պատմությունը, ինչպես ջրի երկու կաթիլ, հիշեցնում է այն, ինչին մենք քանիցս ականատես ենք եղել Ադրբեջանում` եւ իշխանությունների, եւ իշխանամետ լրատվամիջոցների պահվածքի առումով: Միակ տարբերությունն այն է, որ Թուրքիայում դեռեւս գործում են ուժեղ ընդդիմադիր կուսակցություններ եւ անկախ լրատվամիջոցներ»: Հոդվածի հեղինակը գրում է, թե Ադրբեջանում արդեն իսկ տեսել են նախկին նախարարներ Ալի Ինսանովի եւ Ֆարհադ Ալիեւի հետ տեղի ունեցածը, ովքեր մեղադրվում էին «դավաճանության» մեջ եւ թե ինչպես էին իրենց պահում պետական կառույցներն ու լրատվամիջոցները, որոնք այդ մարդկանց ձերբակալությունից մի քանի օր առաջ ջրի երես էին հանում նրանց «սխրագործությունները»: Նույնը, ըստ ադրբեջանական պարբերականի, այսօր տեղի է ունենում նաեւ Թուրքիայում: