Պետեկամուտների կոմիտեի Ներքին դիտարկումների եւ վերահսկողության վարչության աշխատակիցները` ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերել են տարադրամի փոխանակման ապօրինի կետ. այն գործել է մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում` առանց պետական գրանցման եւ համապատասխան լիցենզիայի: Ըստ ՊԵԿ-ի մամուլի ծառայության, ապօրինաբար արտարժույթի առք ու վաճառք իրականացրած տնտեսվարողի` Ռուբեն Բաղդասարյանի նկատմամբ կազմվել է համապատասխան ակտ: Բացի այդ, ՊԵԿ-ի Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Հաղթանակ գյուղում կահույքի ապօրինի արտադրամաս է գործում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գյուղի բնակիչ Արտակ Գեւորգյանն, իրոք, իրականացնում է փայտե կահույքի ապօրինի արտադրություն: Ըստ Ա.Գեւորգյանի հայտարարության, արտադրամասը գործել է օգոստոսի 20-ից` առանց համապատասխան գրանցման: Նույն գյուղում` դարձյալ կահույքի ապօրինի արտադրամաս է հայտնաբերվել. այս դեպքում ապօրինի ձեռնարկատերը Խաչիկ Մելոյանն է, ով հարկային դաշտից դուրս գործունեություն է ծավալել 12 օր: Ապօրինի գործունեությունների հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է: