Առաջիկա երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ քառօրյայի ժամանակ ԱԺ արդեն գրեթե նախկին փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հայտարարելու է իր հրաժարականի մասին: ԱԺ կանոնակարգի համաձայն, չորեքշաբթի օրը նա վերահաստատելու է իր հրաժարականը, եւ չի բացառվում, որ արդեն հինգշաբթի օրը ԲՀԿ-ն առաջադրի Սամվել Բալասանյանի թեկնածությունը, ու ԱԺ-ն կազմակերպի փոխնախագահի ընտրությունը: Չի բացառվում նաեւ, որ Ս.Բալասանյանի ընտրությունը հետաձգվի մինչեւ հոկտեմբերի վերջին քառօրյա: Թեեւ այս որոշումն արդեն կայացված է ԲՀԿ-ում ու իշխանական վերնախավում, այդուհանդերձ, մեր տեղեկություններով՝ Ս.Բալասանյանի առաջադրմամբ ոգեւորված չեն ոչ միայն իշխող Հանրապետական կուսակցության, այլեւ անգամ ԲՀԿ որոշ անդամներ: Իսկ Ս.Բալասանյանի նախկին կուսակցության` «Օրինաց Երկրի» վերաբերմունքի մասին խոսելն ավելորդ է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՕԵԿ-ը որոշել է հիսուն/հիսուն տարբերակով քվեարկել իր նախկին կուսակցի թեկնածությունը: Նույն տեղեկությունների համաձայն՝ նույն տարբերակն է ընտրելու նաեւ «Հանրապետական» խմբակցությունը: Իշխանություններն էլ առանձնապես տոգորված չեն Բալասանյանին լրացուցիչ հնարավորություններ եւ հեղինակություններ տալու հեռանկարով: Չէ՞ որ առաջիկայում ընտրություններ են, իսկ վերջինս Գյումրիից որոշակի ձայներ բերելու հնարավորություն ունի, ինչը, ճիշտ է, ԲՀԿ-ին մեծ իշխանություն չի տա, բայց կարող է գործող իշխանությունների հաշվարկները մի փոքր խառնել: Եվ այդ առումով չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցությունն իր վերաբերմունքը արտահայտելու համար այնպես քվեարկի, որ Ս.Բալասանյանը «մի կերպ» ընտրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավորներին, ապա նրանք դժգոհ են այն հանգամանքից, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ԲՀԿ-ին անդամակցած Բալասանյանը միանգամից դարձավ կուսակցության փոխնախագահ ու Գյումրիի կառույցի ղեկավար, հիմա էլ առաջադրվում է ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկայում կայանալիք ԱԺ փոխնախագահի ընտրությունը լինի աննախադեպ այն առումով, որ Ս.Բալասանյանն ընտրվի ոչ թե գրեթե միաձայն, ինչպես լինում է նման դեպքերում, այլ` մի կերպ, ասենք` մեկ-երկու ձայնի շնորհիվ: