Երկրո՞րդը

02/10/2010

«Հայ-ռուսական հարաբերություններ» հեռուստակամուրջի ժամանակ երեկ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, թե Ռուսաստանը շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ «Անգամ շատ լավ է, որ հայ-թուրքական արձանագրությունները ձախողվեցին, որովհետեւ դրանք հակասում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերին»,- ասել է նա: Նաեւ հայտարարել է, թե` հաշվի առնելով Երեւանի հետ առանձնահատուկ սերտ հարաբերությունները` Ռուսաստանը Հայաստանում պետք է բացի երկրորդ ռազմակայանը: Ըստ նրա` Հայաստանում մեկ ռուսական ռազմակայանն անկարող է ապահովել երկու երկրների իրական պահանջներն ու նպատակները: Բաղդասարովի կարծիքով` Ռուսաստանի երկրորդ ռազմակայանը կարող է զսպող գործոն դառնալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համար։ «Հետխորհրդային շրջանում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ բացի ռուսական ռազմակայանից՝ տեղակայված չէ մեկ ուրիշինը: Հայաստանը Ռուսաստանի համար շատ կարեւոր երկիր է, թեկուզ այն առումով, որ հարեւան Վրաստանում բացվում է ՆԱՏՕ-ի գրասենյակը, իսկ հատուկ այդ նպատակով Թբիլիսի է ժամանել Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը»,- ասել է նա: