Ցյուրի՞խ-2

02/10/2010

Արեւմուտքը Հայաստանի համար նոր «Ցյուրիխ» է պատրաստում, բայց արդեն ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների, այլ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով: Երեկ այս մասին հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը. «Այդ պատճառով էլ Հովիկ Աբրահամյանին հրավիրեցին Շվեյցարիա»,- ասել է նա: «Հայաստանին ասում են` կտաք տարածքները, կբացեք հայ-թուրքական սահմանը եւ կստանաք դրա դիմաց գումարներ: Ընդ որում` այդ նախաձեռնությունն ԱՄՆ-ինն է: Այն բանից հետո, երբ Դմիտրի Մեդվեդեւի այցելությունը անարդյունք եղավ, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում համոզվել են, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրի փաստաթուղթ, եւ ԱՄՆ-ը որոշել է իր ձեռքը վերցնել գործընթացը»,- ասել է նա: Ի դեպ, Ա. Կարապետյանի հավաստմամբ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Շվեյցարիա նաեւ մեկ այլ առաքելությամբ. «Իմ ունեցած տեղեկություններով, նա Շվեյցարիայում այլ առաքելություն էլ է իրականացնում` ստուգում է ընդդիմության բանկային հաշվեհամարները»,- ասել է նա: