Սատանա կա քաղաքում

02/10/2010

Այս լուսանկարներում պատկերվածը միայն մակերեսային պատկերացում կարող է հաղորդել այն սարսափելի երեւույթի մասին, որով արդեն բավական երկար ժամանակ վարակվել է մեր երիտասարդության զգալի հատվածը: «ԷՄՈ» կոչվող սատանիստական փիլիսոփայությանը մոտ այս շարժումը, որին գուցե շատերը լուրջ չեն վերաբերվում, այնպիսի տարածում է ստացել դեռահասների շրջանում, որ մեր ոչ այնքան մեծաթիվ ազգաբնակչության համար իսկական հոգեւոր եւ ֆիզիկական աղետի կարող է վերածվել: Այս շարժման «գաղափարախոսության» հիմքում դրված է ինքնասպանության մոլուցքը, այդ ճանապարհով հասարակությանը, ընկերներին եւ սեփական հարազատներին ինչ-որ բան ապացուցելու անհեթեթ մղումը, որն արդեն հանգեցրել է տասնյակ դեռահասների ինքնասպանության: Իսկ Երեւանի ամենակենտրոնում` Սարյան փողոցի փոստատան դիմացի զբոսայգում եւ դեպի Հրազդանի կիրճ տանող թունելի պատերին արտացոլված այս սիմվոլներն էմոների կոդավորված քարոզչական կարգախոսներն են, որոնց բոլորի իմաստը կյանքին վերջ տալու նպատակն է` «END»: Ավելին, նույն այս վայրում էմոականները երեկոյան ժամերին կոնկրետ ծիսակարգեր են կատարում, քննարկում են իրենցից որեւէ մեկի ինքնասպանության (փորձի) «դետալները»: Եվ սա տեղի է ունենում իրավապահ մարմինների անտարբեր թողտվության պայմաններում: Այն դեպքում, երբ նույն իրավապահները ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեմ պայքարելու մոլուցքով կարող են հարձակվել, ասենք, հանրահավաքի թռուցիկ փակցնող երիտասարդների վրա: Մինչդեռ ակնհայտ է, որ այս դեպքում իսկապես գործ ունենք հասարակությանը սպառնացող լրջագույն վտանգի հետ, որի դեմ պետք է պայքարեն ոչ միայն իրավապահները, այլեւ Ազգային անվտանգության ծառայությունն ու մնացած պետական կառույցները եւ Հայ Առաքելական եկեղեցին: Ընդ որում, սա այնքան զգայական խնդիր է, որ ուժային կամ այլ արհեստական մեթոդներով հնարավոր չէ լուծել: Եվ ամենասարսափելին այն է, որ այս շարժմամբ տարված բազմաթիվ դեռահասների ծնողներ անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ գիտակցում են` որեւէ կերպ երեխաներին ուղղակի արգելելով շփվել էմոականների հետ, կարող են դրդել ինքնասպանության: